Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի ԱԳ, ՆԳ նախարարների հետ


Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլով, արխիվ
Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլով, արխիվ

Ղազախստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը հունվարի 6-ին հանդիպում է ունեցել այդ երկրի արտգործնախարար Բեյբութ Ատամկուլովի, իսկ երեկ ներքին գործերի նախարար Կալմուխանբեթ Քասիմովի հետ:

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն, ի թիվս երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք հարցերի՝ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Կարագանդայում տեղի ունեցած միջադեպը, դրան հաջորդած իրադարձությունները՝ միանշանակ արձանագրելով, որ այն կրել է կենցաղային բնույթ, ինչին ազգամիջյան նրբերանգ տալու փորձերը դատապարտելի են և անընդունելի:

Հղում անելով Ղազախստանում Հայաստանի դեսպանության կողմից հունվարի 3-ին տարածված, դրան հետևած ՀՀ ԱԳ փոխնախարարի հայտարարություններին, երկու երկրների արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ուժային կառույցների ղեկավարների միջև տեղի ունեցած շփումներին՝ կողմերը կարևորել են Հայաստանի դեսպանության ու Ղազախստանի իշխանությունների միջև ուղիղ կապի շարունակականության պահպանումը:

Հանդիպումներն անցել են ջերմ, գործընկերային և փոխըմբռնման մթնոլորտում, ասված է հաղորդագրությունում:

Ամանորի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Ըստ պաշտոնական աղբյուրների, աղմկահարույց միջադեպի մասնակիցներից երեքը հայեր են՝ ձերբակալվել են Թորգոմ Մալխասյանը, Սոխակ Մալխասյանը և Նարեկ Գուրուրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG