Մատչելիության հղումներ

Կարագանդայի ծեծկռտուքի գործով հետախուզվող Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է ՌԴ-ում․ նա ՀՀ քաղաքացի է


Նարեկ Գուրուրյան

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է: Նա կասկածվում է 23-ամյա տղամարդու սպանության մեջ:

Ղազախստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալմազ Սադուբաևի խոսքերով, Հայաստանի քաղաքացի հանդիսացող Գուրուրյանին իրավապահները հայտնաբերել են Ռուսաստանի Օմսկի շրջանում:

Երկու օր առաջ համացանցում հայտնված տեսաուղերձում Գուրուրյանը հայտարարել է, թե պատրաստ է հանձնվել Ղազախստանի իշխանություններին՝ պնդելով, թե ինքը մարդ չի սպանել: Գուրուրյանին, ում ղազախ իրավապահները փնտրում էին նաև Հայաստանում, ձերբակալել են Ռուսաստանի իշխանությունների աջակցությամբ: Այժմ քննարկվում է նրան Ղազախստանին փոխանցելու հարցը:

Գուրուրյանի ու ևս ութ հոգու մասնակցությամբ Ամանորի գիշերը Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքը կրքեր է բորբոքել ինչպես Ղազախստանի ներսում, այնպես էլ հայ-ղազախական հարաբերություններում:

Աշխարհի ամենաբազմազգ պետություններից համարվող այդ երկրում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքն ու դրան հաջորդած սպանությունը քաղաքականացնելու հարցով երկրի պատգամավորները իշխանություններից բացատրություններ են պահանջում: Ղազախստանի Մեջլիսի պատգամավոր Նուրթայ Սաբիլյանովը այսօր հայտարարել է, թե հարբած երիտասարդների միջև տեղի ունեցած արյունալի միջադեպի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներն ու շեշտադրումները հարցեր են առաջացրել: Պատգամավորը դիմել է կառավարությանը՝ պահանջելով ստուգման ենթարկել այդ հրապարակումները, որոնք հետագա ազգամիջյան լարվածության պատճառ են դարձել:

«Մեր նպատակն է պահպանել քաղաքական կայունությունը և հանրային համերաշխությունը»,- հայտարարել է Սաբիլյանովը:

Մեջլիսի հայազգի պատգամավոր Նարինե Միքայելյանը հայտարարել է․ - «Խնդրում եմ օբյեկտիվություն և հստակություն ապահովել և ստուգել կոնկրետ այդ դեպքի վերաբվերկալ լրատվամիջոցների նյութերը: Այսօր մեր Ղազախստանում խաղաղ և համերաշխ ապրում են ավելի քան հարյուր ազգությունների ներկայացուցիչներ: Սա մեր գլխավոր արժեքներից է և մեր գլխավոր հարստությունը: Մենք պետք է աչքի լույսի պես պահենք միասնությունն ու խաղաղությունը մեր երկրում: Անկասկած, այստեղ անհրաժեշտ է հատուկ նշել լրատվամիջոցների դերն ու պատասխանատվությունը»:

Թե ովքեր են միջադեպից անմիջապես հետո հրապարակել ծեծկռտուքի մասնակիցների անձնական տվյալները, միջադեպի վայր դարձած ռեստորանի սեփականատիրոջ և ոստիկանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը և ծեծկռտուքի տեսագրությունը, հայտնի չէ: Հստակ չէ նաև, թե ով կամ ինչ շրջանակներ են փորձում ազգային երանգ տալ ողբերգությանն ու հակահայկական ալիք բարձրացնել Ղազախստանում: Ամենահաճախ հնչող այս հարցերի պատասխանները իրավապահները դեռ չունեն, սակայն վստահեցնում են, որ ստուգում են միջադեպի վերաբերյալ տեղեկատվական արտահոսքը:

Եվրասիական տնտեսական միությունում և ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Ղազախստանի իշխանությունները փոխարենը հիշեցնում են, որ դեռևս տասը տարի առաջ են ընդունել Ազգային միասնության հայեցակարգը, որն է՛լ ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծել երկրում հարյուրի հասնող ազգությունների խաղաղ գոյակցության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG