Մատչելիության հղումներ

Կարագանդայի միջադեպի շուրջ կրքերը չեն մարում


Ղազախստան - Բողոքի ցույցը Կարագանդայում, 6-ը հունվարի, 2019թ․

Պաշտոնական Երևանը պնդում է՝ Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքը կենցաղային քրեական երևույթ է, որին ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել:

Մեկ մարդու մահվան պատճառ դարձած աղմկահարույց միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարարությունը․ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդգծել է՝ ղազախական կողմից տրվել են բոլոր հավաստիացումները, որ ձեռնարկվելու են և արդեն ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ իրավիճակի վերահսկման և նմանօրինակ պոռթկումների վերացման ուղղությամբ:

Ծեծկռտուքի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով, ըստ պաշտոնական հաղորդագրության, հեռախոսազրույց է ունեցել իր ղազախստանցի պաշտոնակցի հետ: Ասկար Շակիրովը ևս անթույլատրելի է համարել դեպքին ազգամիջյան որևէ երանգ կամ բնույթ տալը, փոխանցում է Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը:

Յոթերորդ օրն է՝ Կարագանդայում տեղի ունեցած ծեծռկտուքի շուրջ կրքերը չեն մարում: Բողոքի ցույցերի պատճառ դարձած միջադեպը, ըստ պաշտոնական աղբյուրների, տեղի է ունեցել Ամանորի գիշերը քաղաքի ռեստորաններից մեկում՝ երիտասարդների երկու խմբերի միջև: Դանակով հասցված հարվածների հետևանքով 23-ամյա տղամարդ է զոհվել, մի քանի հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ղազախստանի ոստիկանության փոխանցմամբ, միջադեպի մասնակիցներից երեքը հայեր են՝ ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Թորգոմ Մալխասյանը և Սոխակ Մալխասյանը, գործով անցնող Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ընդհանուր առմամբ՝ ծեծկռտուքի ինը մասնակիցներից ութը ձերբակալված է:

Ղազախստանի իրավապահ մարմինները տարածած հաղորդագրությունում հերքել են շրջանառվող ենթադրությունները, թե ծեծկռտուքը միջէթնիկ բնույթ է կրել: Ըստ տարբեր աղբյուրների՝ թե՛ հարձակվողների, թե՛ հարձակման ենթարկվածների թվում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ կային:

«Ազատության» Current Time հեռուստանախագծի Ղազախստանի թղթակիցը նշում է, որ ողբերգական միջադեպից մեկ շաբաթ է անցել, սակայն իշխանությունները այդպես էլ հստակ չեն պարզաբանել արյունալի իրադարձության հանգամանքներն ու պատճառները: Աղբյուրը նշում է, որ կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքը հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել և կրքեր է բորբոքել ոստիկանության և սոցցանցերում հայտնված հաղորդագրություններից հետո:

Միջադեպից գրեթե անմիջապես հետո համացանցում են հայտնվել տեսանյութեր և իրավապահների օպերատիվ ամփոփագրերը՝ կասկածյալների անձնական տվյալներով: Շեշտը դրվում էր միջադեպի մասնակիցների ազգային պատկանելության վրա, ինչը բացասական հնչեղություն է ստացել, որի հետևանքով տեղի հայկական համայնքը հրապարակավ ներողություն է խնդրել, տեղից փոխանցում է Current Time-ի թղթակիցը:

«Ազատություն» ղազախական ծառայության փոխանցմամբ՝ նախօրեին Կարագանդա քաղաքում բազմամարդ ցույցի մասնակիցները մտավախություն են հայտնել, թե մեղավորները կմնան անպատիժ, նրանք կկաշառեն իրավապահներին և կհայտնվեն ազատության մեջ:

«Ոչ ոք չի ազատվի. այդ գործը գտնվում է հանրային և իշխանության բարձր օղակների վերահսկողության տակ: Հետաքննությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հանցագործները պատժվեն», - երեկ ցուցարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր Կարագանդայի շրջանի ղեկավար Երլան Կոշանովը՝ հավաստիացնելով, որ երեք օրվա ընթացքում կձերբակալվի նաև հետախուզման մեջ գտնվող գլխավոր կասկածյալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG