Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը նախազգուշացնում է Հունաստանին՝ չաջակցել իրանական նավթակրին


Adrian Darya 1 վերանվանված նախկին Grace 1 իրանական տանկերը Ջիբրալթարում, 18-ը օգոստոսի, 2019թ․
Adrian Darya 1 վերանվանված նախկին Grace 1 իրանական տանկերը Ջիբրալթարում, 18-ը օգոստոսի, 2019թ․

Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Հունաստանին, ինչպես նաև Միջերկրական ծովի բոլոր նավահանգիստներին իրանական նախկին Grace 1, այժմ՝ Adrian Darya 1 նավթակիր նավին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով Պետքարտուղարության մի պաշտոնյայի։

Վաշինգտոնը կասկածում է, որ նավթակիրը ներգրավված է Սիրիա նավթ տեղափոխելու մեջ և կապեր ունի ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված կազմակերպությունների հետ։

Պետքարտուղարությունում Reuters-ի անանուն աղբյուրն ասել է, որ ցանկացած օժանդակություն նավթակրին կդիտարկվի որպես նյութական աջակցություն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, որին Վաշինգտոնը ահաբեկչական կազմակերպություն է համարում։

Adrian Darya 1-ը լքել է Ջիբրալթարը երեկ՝ 45 օր կալանքի մեջ գտնվելուց հետո։

Ջիբրալթարի իշխանությունները մերժել են նավթակիրն առգրավելու ԱՄՆ-ի պահանջը՝ թույլ տալով, որ 130 միլիոն դոլար արժողությամբ նավթով լի նավթակիրը շարունակի իր ճանապարհը:

Նավերի ուղին հսկող առցանց համակարգը ցույց է տալիս, որ նավթակիրը շարժվում է Հունաստանի Կալամաթա նավահանգստի ուղղությամբ, և նախատեսվում է, որ կժամանի օգոստոսի 25-ին:

XS
SM
MD
LG