Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին պնդում է` Ջիբրալթարի նեղուցում իրանական նավթ տեղափոխող Grace 1 տանկերի ձերբակալության համար Մեծ Բրիտանիան պատասխան է տալու:
Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերը իրանական տանկերն ու դրա անձնակազմի անդամներին ձերբակալել էին հուլիսի սկզբին` պնդելով, որ նավը խախտում էր Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները` վառելիք մատակարարելով Սիրիայի կառավարությանը:
Այաթոլա Խամենեիի համոզմամբ, սակայն, բրիտանական կողմը շատ լավ տեղյակ էր, որ նավթը նախատեսված չէ Սիրիայի համար, և այս գործողությանը դիմեց Թեհրանի դեմ հավելյալ ճնշում գործադրելու նպատակով:
Խամենեիի պնդմամբ՝ 2015 թվականին Թեհրանի հետ միջուկային համաձայնագիր կնքած եվրոպական պետությունները այժմ մտացածին պահանջներ են ներկայացնում Իրանին: Այդ հարցում, ըստ նրա, առաջամարտիկը բրիտանացիներն են:
«Անգլիացիները չարագործներ են, նրանց այդ բնույթը ավելի քան հստակ է, չէ՞ որ նրանք բառացիորեն գողացան մեր նավը: Դա պարզ ծովահենություն էր: Ինչպես միշտ, նրանք հանցագործություն են կատարում, ապա փորձում դրան օրինական տեսք տալ: Իսլամական հանրապետությունը, սակայն, նման գործողությունները անպատասխան չի թողնի: Պատասխանը կլինի ճիշտ պահին և ճիշտ վայրում», - դիմելով Թեհրանում հավաքված մի քանի տասնյակ հոգևորականներին՝ հայտարարում էր Ալի Խամենեին:
Լոնդոնում ևս Իրանի հետ հարաբերությունները ակտիվորեն քննարկում են` նախևառաջ Պահպանողական կուսակցության ղեկավարի ընտրարշավի ընթացքում:
Կուսակցության ղեկավարի և համապատասխանաբար նաև երկրի վարչապետի պաշտոնին հավակնող արտգործնախարար Ջերեմի Հանթի համոզմամբ՝ իրանական տանկերը կարող է վերադարձվել օրինական տիրոջը, եթե Թեհրանը երաշխավորի, որ դրանում տեղափոխվող նավթը չի հայտնվի սիրիական կառավարության ձեռքում:
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին հավակնող մյուս թեկնածուն` նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, իրանական խնդիրը ավելի համապարփակ է դիտարկում` կոչ անելով Թեհրանի հետ հարցերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով:
«Եթե որևէ մեկը պնդի, թե Իրանի հետ պատերազմ սկսելը խելամիտ տարբերակ է, ես չեմ համաձայնի դրան: Շատ տխուր կլինի տեսնել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի վերջնական վախճանը: Իրանցիներն իրականում Արևմուտքի հետ համագործակցության լուրջ խթան ունեն` այն տնտեսական առավելությունները, որ տրամադրվում են միջուկային ծրագրից հրաժարվելու դիմաց: Ես կոչ եմ անում` եկեք վերադառնանք բանակցությունների ուղուն», - նշում էր Բորիս Ջոնսոնը: