Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը դասեց ահաբեկչական խմբավորումների շարքում


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ճեպազրույցի ժամանակ, Վաշինգտոն, 8-ը ապրիլի, 2019թ․
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ճեպազրույցի ժամանակ, Վաշինգտոն, 8-ը ապրիլի, 2019թ․

Միացյալ Նահանգները երեկ աննախադեպ որոշում կայացրեց՝ ահաբեկչական խմբավորումների շարքում դասելով այլ պետության՝ Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկը՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»:

Նոր սահմանափակումը ուժի մեջ կմտնի մեկ շաբաթ անց, ինչից հետո արդեն Միացյալ Նահանգները կարող է սառեցնել Իրանի զինվորական այդ կազմակերպության՝ Ամերիկայում գտնվող միջոցները, արգելափակել դրա հետ կապ ունեցող անձանց մուտքը, ինչպես նաև հետապնդել և մեղադրանք ներկայացնել բոլոր նրանց, ովքեր կոտնահարեն կամ կշրջանցեն այս պատժամիջոցները:

«Եթե դուք բիզնես եք ծավալել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հետ, նշանակում է՝ ֆինանսավորում եք ահաբեկչությունը», - հայտարարեց նախագահ Դոնալդ Թրամփը:

Պետքարտուղար Մայք Փոմփեոն էլ փաստեց՝ Վաշինգտոնը գնում է այդ քայլին Իրանի վարչակազմի դեմ առավելագույն ճնշում գործադրելու համար: «Իրանի վարչակազմը ահաբեկչությունը դարձրել է պետական քաղաքականության գործիք և դրանով իսկ արմատապես տարբերվում է մյուս պետություններից: Ընդունելով նման պատմական որոշում՝ մենք զրկում ենք ահաբեկչության առաջատար հովանավոր-երկրին ֆինանսական միջոցներից, որպեսզի այն չշարունակի մահ ու ողբերգություն տարածել աշխարհում», - ասաց Փոմփեոն:

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը ձևավորվել է 40 տարի առաջ՝ շահին գահընկեց անելուց հետո՝ նոր վարչակազմը պաշտպանելու համար: Շուրջ 125 հազար զինվորական ունեցող կառույցը գործում է բանակից անկախ, ունի սեփական ցամաքային, ծովային ու ռազմաօդային ուժերը, հետախուզական ծառայությունն ու հատուկ ստորաբաժանումները և հաշվետու է միայն Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի առաջ: Զինված կառույցը նաև քաղաքական հզոր ազդեցություն ունի ու վերահսկում է երկրի տնտեսության մեծ մասը:

Երեկ, հայտարարելով նոր պատժամիջոցների մասին, Միացյալ Նահանգների պետքարտուղարը պնդեց՝ հենց այս կառույցն է մեղավոր Իրաքում ավելի քան 600 ամերիկացի զինվորականների սպանության, Սիրիայում, Աֆղանստանում, Լիբիայում և Եմենում իրավիճակի ապակայունացման համար:

«Այս որոշմամբ մենք հստակ ուղերձ ենք հղում Իրանի ղեկավարներին, այդ թվում՝ Հեղափոխության պահապանների կորպուսի առաջնորդ Քասեմ Սոլեյմանիին ու մարդասպանների նրա խմբին, որ Միացյալ Նահանգները գործի է դնում անհրաժեշտ ողջ ճնշումը՝ կանգնեցնելու ապօրինի վարչակազմերը: Մենք հորդորում ենք մեր դաշնակիցներին ու գործընկերներին ողջ աշխարհով մեկ հետևել այդ քայլին», - հայտարարեց Մայք Փոմփեոն:

Իրանի պատասխանը չուշացավ, մի քանի ժամ անց Թեհրանում Անվտանգության խորհուրդը Միացյալ Նահանգները դասեց ահաբեկչությունը հովանավորող երկրների, տարածաշրջանում գտնվող ամերիկյան զորքերն էլ՝ ահաբեկչական խմբավորումների շարքում:

Երկու երկրների հարաբերություններում հերթական ճգնաժամը սկսվեց մեկ տարի առաջ, երբ Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին ստորագրված համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Այժմ, ըստ փորձագետների, առավել դժվարին պայմաններ են ստեղծվում Եվրամիության ու Միացյալ Նահանգների մյուս դաշնակիցների համար, որոնք փորձում էին պահպանել այդ գործարքն ու շարունակել առևտուրը Իրանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG