Մատչելիության հղումներ

Օմանի ԱԳ նախարարը դրական, իրանցի պաշտոնյան՝ շատ լարված է որակում ԱՄՆ-Իրան բանակցությունները

ԱՄՆ-ն ու Իրանն այսօր Ժնևում Օմանի միջնորդությամբ երեք ժամ բանակցել են՝ քննարկելու Թեհրանի միջուկային ծրագիրը և կանխելու Միացյալ Նահանգների հնարավոր հարվածները, որը վերջին շաբաթներին մեծ թվով ռազմական տեխնիկա և զորք է կուտակել Մերձավոր Արևելքում:

Օմանի արտգործնախարարը հայտնել է, որ բանակցություններն անցել են դրական մթնոլորտում, տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում: Բադր ալ-Բուսաիդիի խոսքով՝ ամերիկացի պատվիրակներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները շատ բաց են «նոր և ստեղծարար գաղափարների և լուծումների համար»։

Օմանցի պաշտոնյան նաև հայտնել է, որ քննարկվել են թե՛ Իրանի «առաջարկները», թե՛ ԱՄՆ-ի «պատասխաններն ու հարցումները Իրանի միջուկային ծրագրի հիմնական տարրերի» վերաբերյալ, նաև համաձայնության հասնելու համար «անհրաժեշտ երաշխիքները»։

Սակայն իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ հանդիպումը շատ լարված է անցել, բարձրացվել են նոր գաղափարներ, որոնք դեռ պետք է քննարկվեն:

Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտնել է, որ կարևոր առաջարկներ են արվել ինչպես միջուկային ծրագրի, այնպես էլ պատժամիջոցների վերացման վերաբերյալ: Բարձրացվել են հարցեր, որոնց շուրջ կողմերը պետք է լրացուցիչ խորհրդակցեն իրենց ղեկավարության հետ:

Իրանական IRNA պետական գործակալության փոխանցմամբ՝ երեք ժամ անց կողմերն ընդմիջում են վերցրել և հեռացել Օմանի դեսպանի կեցավայրից, որտեղ բանակցում էին: Բանակցությունները կվերսկսվեն երեկոյան ավելի ուշ:

Al Jazeera-ի հաղորդմամբ՝ օրակարգում երեք գլխավոր հարց է՝ որոշել, թե ինչ աստիճանի Իրանը կարող է հարստացնել ուրանը, ինչ անել արդեն հարստացվածի հետ և ստեղծել միջուկային ծրագրի թափանցիկությունն ապահովող մեխանիզմ:

IRNA-ի փոխանցմամբ՝ Իրանի ներկայացրած առաջարկները նպատակ ունեն ստուգել՝ արդյոք ԱՄՆ-ն լուրջ է տրամադրված: Եթե ԱՄՆ-ն մերժի դրանք, դրանով կհաստատի Թեհրանի կասկածները, որ մտադիր չէ խնդիրը լուծել դիվանագիտությամբ:

Մինչ կողմերը բանակցում էին, բազմաթիվ իրանցիներ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ցույց էին անում ընդդեմ Իրանի կառավարության: Շատերը պարզել էին Իրանի նախկին պետական դրոշը, նաև Իսրայելի դրոշը:

Իրանի արտգործնախարարը Ժնև մեկնելուց առաջ ասել էր, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր է «արդար համաձայնության» հասնել: Սակայն Թեհրանը չի պատաստվում հրաժարվել իր իրավունքներից, զգուշացրել էր Աբբաս Արաղչին:

«Մենք պատրաստ ենք պատասխանել հարցերին։ Պատրաստ ենք վերացնել մտահոգությունները, բայց պատրաստ չենք հրաժարվել միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման մեր իրավունքից։ Սա է մեր պահանջը», - հայտարարել էր Արաղչին:

Իրանի գլխավոր դիվանագետը նաև ասել է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում մի շարք ռազմաբազաներ ունի ,ու եթե պատերազմ սկսի Իրանի դեմ, դա կլինի ավերիչ պատերազմ, որից ոչ ոք հաղթող դուրս չի գա: «Այնպես որ, դա շատ սարսափելի սցենար է», - զգուշացրել է նա:

Հանդիպումից մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը Կոնգրեսում հայտարարեց, որ Իրանին երբեք թույլ չի տրվի միջուկային զենք ունենալ: Նույնը երեկ կրկնել է փոխնախագահը: Ջեյ Դի Վենսն ասել է, թե ԱՄՆ-ն տվյալներ ունի, որ Իրանը կրկին փորձում է միջուկային զենք ստեղծել, իսկ դա խնդիրներ է ստեղծում ԱՄՆ-ի համար:

«Մենք տեսել ենք ապացույցներ, որ նրանք փորձել են անել հենց դա։ Այսպիսով, նախագահն ուղարկում է իր բանակցողներին այդ խնդիրը լուծելու համար: Նախագահը բազմիցս է ասել, որ ցանկանում է խնդիրը լուծել դիվանագիտությամբ։ Բայց, իհարկե, նախագահն ունի նաև այլ տարբերակներ», - ասել է Վենսը:

ԱՄՆ պետքարտուղարն էլ հայտարարել է, որ միջուկային ծրագրին զուգահեռ՝ Իրանը նաև փորձում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ստեղծել, որոնք կարող են հասնել Եվրոպայի մեծ մասին, Մերձավոր Արևելքի երկրներին, որտեղ տեղակայված են ամերիկյան բազաները: Ավելին, ըստ Մարկո Ռուբիոյի, ամեն տարի դրանց հեռահարությունն ավելանում է, և այդ հրթիռներն այժմ կարող են հասնել նաև ԱՄՆ, ինչը «լուրջ սպառնալիք» է երկրի համար:

«Նրանք արդեն ունեն հրթիռներ, որոնք սպառնում են ամերիկյան շահերին։ Նրանք ունեն հազարավոր կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել տարածաշրջանում գտնվող ԱՄՆ բազաներին ... Սա արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիք է», - ընդգծել է Ռուբիոն:

Իրանի նախագահն արձագանքել է՝ պնդելով, որ Թեհրանը չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել, քանզի երկրի հոգևոր առաջնորդն արգելել է դա: Մասուդ Փեզեշքիանը նաև պատասխանել է Թրամփի հայտարարությանը, թե Իրանն ահաբեկչության գլոբալ հովանավոր է: Նա ասել է, որ Իրանը ոչ միայն ահաբեկչության հովանավոր չէ, այլև դրա գլխավոր զոհերից մեկն է:

Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության աճի ֆոնին մի քանի երկրներ սկսել են Մերձավոր Արևելքի որոշ երկրներում իրենց դիվանագիտական անձնակազմի մի մասին դուրս բերել, քաղաքացիներին խորհուրդ են տալիս խուսափել Իրան մեկնելուց։


XS
SM
MD
LG