«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Սումգայիթյան ողբերգության հետ կապված այս օրերին Հայաստանում հնչող պաշտոնական տեսակետը հետեւյալն է. զոհվեց առնվազն 32 հայ, հարուցվեցին քրեական գործեր, մի քանի տասնյակ ադրբեջանցիներ դատապարտվեցին ազատազրկման տարբեր ժամկետներով, սակայն ջարդերի կազմակերպիչները այդպես էլ անպատիժ մնացին: Այդ մեկնաբանությունն, անշուշտ, հիմնավոր է: Այնուամենայնիվ, հանցագործությունների անմիջական կատարողներն իրենց պատիժը կրեցին` գուցեեւ, մեր տեսանկյունից, մեղմ: Խորհրդային իրավապահ համակարգը գոնե այդքան պարտաճանաչ գտնվեց: Անկախ Հայաստանի իրավապահները նույնիսկ այդ չափի պարկեշտություն չդրսեւորեցին եւ զուտ քաղաքական պատճառներով չբացահայտեցին հայկական պետության մայրաքաղաքի կենտրոնում 10 հայերի սպանությունը»: