Մատչելիության հղումներ

Հայաստանում ողջունում են Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը


Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունում է Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նաախգահ Գորան Լենմարկերին: Երեւան, 12-ը մարտի, 2010թ.
Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունում է Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նաախգահ Գորան Լենմարկերին: Երեւան, 12-ը մարտի, 2010թ.

Հինգշաբթի օրը Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը երախտագիտությամբ է ընդունվել Հայաստանում:

Ընդունելով ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին` Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման կապակցությամբ` նշելով, որ «մարդկության դեմ գործված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումը նման հանցագործությունների կանխարգելման լավագույն միջոցն են»։

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր նամակ է հղել Շվեդիայի Թագավորության Ռիգստագի նախագահ Պեր Վեստերբերգին՝ իր «գոհունակության ու երախտագիտության զգացումն» արտահատելով Շվեդիայի խորհրդարանում 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման մասին։

Շվեդիայի խորհրդարանի որոշումը ողջունել են նաեւ հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

«Ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձեւեր` Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ճնշում են գործադրում Թուրքիայի վրա եւ պատճառն այն է, որ Անկարան խախտում է միջնորդ երկրների` Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ առանց նախապայմանների չի վավերացնում հայ-թուրքական արձանագրությունները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` միաժամանակ ողջունելով շվեդ խորհրդարանականների որոշումը:

«Վերջին ժամանակներս ես տեսնում եմ, որ միջազգային հանրության` հիմնականում եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների կարծիքը փոխվում է դեպի բարոյական արժեքների գնահատում, այսինքն՝ խղճի ազատության, ճշմարտության, արդարության եւ համամարդկային բարոյական արժեքներ, որոնք բոլորի համար էլ նույնն են», - շարունակեց Զոհրաբյանը` հավելելով. - «Թուրքիան ուզում է մտնել Եվրամիություն, [Անկարային] անընդհատ հիշեցնում են, որ իրենք ոչ թե Թուրքիայի տնտեսական չափանիշներին են գնահատական տալիս, այլեւ շատ առաջնային է նաեւ բարոյական արժեքների գնահատումը»։

Նրա կարծիքով, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Շվեդիայի խորհրդարանի որոշումները գուցեեւ ներկա փուլում «ինչ-որ խոչընդոտներ ստեղծեն», բայց մեծ հաշվով նպաստելու են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը։

«Ի վերջո, Թուրքիան պետք է գնա ճանաչման` Հայոց ցեղասպանության, նաեւ մյուս ազգերի` հույների, ասորիների, եւ էլի փոքր ազգեր կան, որոնք կրել են այդ ցեղասպանության կնիքն իրենց վրա», - ընդգծեց Զոհրաբյանը։

«Շվեդիայի խորհրդարանը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային, կարելի է ասել, եվրոպական արժեքներին եւ դատապարտեց մարդկության դեմ իրականացված ոճիրը։ Եվրամիության անդամ առաջատար երկրներից մեկը, փաստորեն, տեղի չտվեց Թուրքիայի կողմից վերջին շրջանում սաստկացած ճնշումներին, շանտաժին եւ սպառնալիքին եւ հավատարիմ մնաց այն արժեքներին, որ դավանում է այդ պետությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, ով նույնպես ողջունեց Շվեդիայի խորհրդարանի որոշումը։

Միաժամանակ, Կարապետյանը ընդգծեց. - «Այս որոշումը որեւէ կապ չունի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնություն համարվող Հայոց ցեղասպանության ճանաչման հետ, որովհետեւ Հայաստանի իշխանությունները որեւէ քայլ այս որոշումը ընդունելու համար չեն արել»:

Կարապետյանը հավելեց, թե չի կարծում, որ ամերիկյան օրենսդիրների եւ Շվեդիայի խորհրդարանի կայացրած որոշումները փոխկապակցված են:

Նա ասաց նաեւ, որ Շվեդիայի օրենսդիր մարմնի որոշումը լուրջ ազդեցություն չի ունենա հայ-թուրքական հաշտեցման գործըթնացի վրա. - «Թուրքիան ունի հստակ ուղեգիծ Հայաստանի հետ հարաբերություններում եւ Թուրքիան հետեւողականորեն տանում է այդ ուղեգիծը։ Այն է` չվավերացնել փաստաթուղթը եւ փորձել կորզել հնարավորինս [շատ օգուտներ] այդ իրավիճակից։ Եվ փաստը ցույց է տալիս, որ Թուրքիային հաջողվում է հասնել իր նպատակներին»։

«Ինչպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների որոշումը, այնպես էլ Շվեդիայի խորհրդարանի որոշումը, կարծում եմ, պետք է գնահատել ոչ որպես այդ երկրների գործադիր իշխանությունների կեցվածքի դրսեւորում, որն այդպես չէր, այլ՝ այդ պատգամավորների սկզբունքային կեցվածքի արտահայտություն։ Դրա համար էլ պետք է ողջունել այդ երկրների ժողովուրդների ընտրյալների այս սկզբունքային կեցվածքը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` ավելացնելով, թե այդ պատճառով էլ չի կարծում, որ այս կերպ ԱՄՆ-ը եւ եվրոպական կողմը փորձում են ճնշում գործադրել Անկարայի վրա. - «Եթե ճնշում լինի, ճնշումը պետք է լինի գործադիրի կողմից»։

Մանոյանի համոզմամբ, թե Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Շվեդիայի խորհրդարանի որոշումները նպաստում են հայ-թուրքական հարաբերությունների իրական նորմալացմանը, «որովհետեւ նաեւ նպաստում է Թուրքիայում այս հարցի մասին ավելի ազատ ու հանգիստ խոսելուն»։

«Եթե պատկերացնենք, որ եթե չլինեին այս արտաքին ճնշումները` ճանաչման ճանապարհով գնացող, Թուրքիայում ընդհանրապես չէին խոսի այս հարցի մասին», - եզրափակեց Մանոյանը։

Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը ընդամենը 1 ձայնի առավելությամբ (131 կողմ, 130 դեմ) քվեարկեց 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի օգտին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG