Մատչելիության հղումներ

Մարտի 13-ի մամուլ


«Ժամանակ»-ը հարցազրույց է վերցրել ամերիկյան Heritage Foundation վերլուծական կենտրոնի Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով ծրագրի գիտաշխատող Արիել Քոենից: Հարց. - «Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը վերջերս հայտարարեց, թե Ադրբեջանի համար ընդունելի են Մադրիդյան նորացված առաջարկները, մինչդեռ հայկական կողմը լռություն է պահպանում: Ի՞նչ է սա նշանակում, դուք որեւէ առաջընթաց կանխատեսո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում»: Պատասխան. - «Ըստ էության Ադրբեջանը համաձայնել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հանրաքվեի առաջարկին, ինչը նշանակում է, որ վերջնահաշվում Լեռնային Ղարաբաղը կարող է անցնել Հայաստանին, բայց մինչ այդ Հայաստանը պետք է դադարեցնի տարածքների օկուպացիան: Ես լավատես չեմ, որ դա կարող է տեղի ունենալ առաջիկայում, քանի որ Հայաստանը նախընտրեց նախ հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, եւ այժմ երկու ճակատներում էլ կարծես թե ստատուս քվոն անխուսափելի է: Ընդհանրապես ես շատ հոռետես եմ Կովկասի հարցում, եւ դա կարող է պայմանավորված լինել այդ տարածաշրջանի նկատմամբ ունեցած իմ իմացությամբ եւ փորձառությամբ: Ուստի ԼՂ կարգավորման ուղղությամբ դրական ելք չեմ տեսնում»:

«Առավոտ»-ը ներկայացնում է հարցազրույց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանի հետ: Լրագրողի հարցին` արդյոք այս անգամ Ցեղասպանության ճանաչման իրար հաջորդած իրադարձությունները կարո՞ղ են ազդել թուրքական իշխանությունների կողմից այդ երկրում ապրող հայերի նկատմամբ վերաբերմունքի վրա, Գոչունյանը պատասխանում է. - «Հիմնական ազդեցություն դժվար թե ունենա, որովհետեւ այստեղ ապրողները Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ այդ իրադարձությունները զարգանում են արտերկրներում: Բայց վերջին հաշվով դրանք Թուրքիայում էլ են բարոյահոգեբանական մթնոլորտ ձեւավորում եւ այլն: Այսինքն` մենք չենք կարող ասել, որ հարյուր տոկոսով չեն կարող անդրադառնալ թուրքական իշխանությունների կողմից հայերի նկատմամբ վերաբերմունքի վրա: Բայց ծայրահեղ ազդեցություններ չկան, առավել եւս, որ թուրքական ԶԼՄ-ներն են նախանձախնդություն դրսեւորում` երկրի հայերին այդ ազդեցություններից զերծ պահելու համար, եւ փորձում են Թուրքիայում ու արտերկրում ապրող հայերի միջեւ զանազանություն մտցնել` մի փոքր ավելի ուշադրություն եւ նրբանկատություն դրսեւորելով Թուրքիայում ապրող հայերի նկատմամբ»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հհշականները ինչի՞ց են վերցրել, որ Հայաստանն ու պետության ներկայիս ղեկավարությունը «հուսահատ դիվանագիտական շղթայի մեջ են», «ծանր դիվանագիտական իրավիճակ» է։ Իսկ նրանք դա վերցրել են... Տեր-Պետրոսյանի ելույթներից։ Այսինքն՝ այնքան են նույն հորինվածքը կրկնել, որ ա) արդեն իրենք էլ են մոռացել, որ դա հենց իրենք էին հորինել, բ) սրտանց ձեւացնում են, թե իրենք էլ են հավատում, որ հենց այդպես է։ Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք, պետության ղեկավարը պաշտոնական այցով մեկնում է Հայաստանի հետ առանձնահատուկ ու ջերմ, բարեկամական հարաբերություններ ունեցող երկիր, տեր-պետրոսյանենք իրենց կոտորում են, թե «ծանր իրավիճակ է»: ԱՄՆ-ում, Շվեդիայում, շուտով երեւի նաեւ Իսպանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող որոշումներ են ընդունվում, իսկ հհշականները ճղավում են, թե` «հուսահատ դիվանագիտական շղթա» է»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը հարցազրույց է հրապարակել Երկրապահ կամավորականների միության նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանի հետ: «Մեր ժողովուրդը իր պայքարի ընթացքում հույսը այս կամ այն ուժի, անձի վրա է դրել` ինչ-որ տեղ ֆետիշացնելով ինչ-որ մարդկանց: Այս [մարտի 1-ի] իրադարձությունները հնարավորություն տվեցին մարդկանց` դատելու եւ հասկանալու, որ հանգիստ թողնեն երկրապահներին եւ իրենց վրա հույսները դնեն: Պիտի քաղաքացին գիտակցի, թե ինքը ինչո՞վ է պակաս, որ այն ժամանակ պատերազմ չի գնացել: Նա էլ թող մեր երկրի առաջ ծառացած այս խնդիրների լուծման գործում հիմա իրեն դրսեւորի: Թող քաղաքացիական կեցվածք դրսեւորի: Մարդն ինքը չի պայքարում, հույսը դնում է երկրապահի, այս կամ այն անձի վրա, ժամանակին էլ Խրիմյան հայրիկի վրա էր հույսը դնում: Եթե 100-200 հազար մարդ մեկ-երկու օր մնա հրապարակում, կհասնի իր ուզածին: Արժանապատիվ ապրելու համար պիտի համառ ու երկարատեւ պայքարեն, չպիտի հանդիսատեսի կեցվածք ընդունեն: Ես իմ մայրիկին էլ եմ օրինակներ բերում` շատ ու շատ երկրների նախագահներին, որոնք երկար ժամանակ նստել են բանտերում, բայց հետո կարողացել են հաջողության հասնել, եւ իրենց ժողովուրդներն ավելի արժանապատիվ ձեւով են ապրում: Մենք 1,5 տարվա պայքարով ուզում ենք բանի հասնել, բայց այդքան հեշտ չէ»:

«Ազգ»-ը գրում է. - «Կարելի է ընդամենը մեկ արտահայտությամբ բնութագրել Հանրային խորհրդի մեկ տարվա աշխատանքը` ոչինչ, բացի դատարկ խոսքերից: Մեկ տարի շարունակ խորհրդի անդամները զբաղված են եղել միայն անարդյունք կարծիքների փոխանակմամբ, հետեւաբար զարմանալի չէ, որ վստահություն այդ կառույցի նկատմամբ այդպես էլ չձեւավորվեց եւ դրանում չի կարելի պատճառ փնտրել հասարակության դժգոհողի կեցվածքը»: «Մեկ տարվա ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ Հանրային խորհրդի որեւէ անդամ խոսեր ինչ-որ պրոբլեմից, իշխանությունների կարծիքին հակառակ ինչ-որ բան հայտարարեր, կամ ներկայացներ հասարակության տեսակետը», - ընդգծում է հրապարակման հեղինակը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG