Մատչելիության հղումներ

Թուրքական երիտասարդական շարժման առաջնորդի կարծիքով, իր երկրում «փոխվում են հայերի նկատմամբ պատկերացումները»


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ստամբուլում գործող ազատական կողմնորոշում ունեցող երիտասարդական «Արի» շարժման առաջնորդներից Արդա Բատուն, «արդեն իսկ արդյունք տվել է»:

«Անկախ այն հանգամանքից, թե ինչ ավարտ կունենա հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի այս փուլը, կարող եմ ասել, որ մենք արդեն իսկ արդյունք ունենք, որովհետեւ թուրքական հասարակության ներսում փոխվում են հայերի ու Հայաստանի նկատմամբ եղած պատկերացումները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բատուն, ով Ծաղկաձորում անցկացվող «Հայ-թուրքական մերձեցում» խորագրով քննարկման մասնակիցներից է:

«Այսօր Թուրքիայում շատ տաբուներ կոտրվել են ոչ միայն հայերի, այլեւ քրդերի առնչությամբ։ Քսան տարի առաջ կամ նույնիսկ տասը տարի առաջ մեր հասարակության մեծ մասը որեւէ պատկերացում չուներ քրդական խնդրի վերաբերյալ։ Մենք ուշադրություն չէինք դարձնում 1915 թվականին տեղի ունեցած զանգվածային սպանությունների հարցին։ Սակայն հենց այդ տաբուները հաղթահարվեցին, եւ այս հարցերը սկսեցին ազատորեն քննարկվել, հայերի ու Հայաստանի նկատմամբ պատկերացումները փոխվեցին, որովհետեւ այսօր, օրինակ, Թուրքիայի հասարակական կարծիքը հարց է բարձրանցնում, թե ինչ է տեղի ունեցել անցյալում, որովհետեւ բավականին երկար ժամանակ գոյություն ուներ ժխտման քաղաքականությունը։ Կարծում եմ, որ Թուրքիայում ընթանում է nation building-ի` երկրի, հասարակության կայացման, մի գործընթաց, բայց երբ այդ գործընթացը ավարտվի, այդ հարցերը կարող են ազատորեն քննարկվել», - մանրամասնեց նա։

«Բայց, իմ կարծիքով, Հայաստանի ու հայերի նկատմամբ առկա պատկերացումների փոփոխությունը դեռ չի հասել նոր գնահատականներ տալու կետին։ Դեռեւս ընթանում է հարցերի բարձրացման փուլը, որը ինչ-որ ժամանակ անց իր հետեւից կբերի պատասխաններ», - ասաց Արդա Բատուն՝ շարունակելով. - «Ինձ համար, եւ կարծում եմ հարցին քաջատեղյակ շատերի համար անակնկալ չէր, որ այժմ գարծընթացը գտնվում է նման առկախ վիճակում, որովհետեւ այսպիսի փխրուն գործընթացները միշտ բախվում են որոշ արգելքների։ Իհարկե, Թուրքիան մի երկիր է, որը ձգձգվող հակամարտությունների հետ կապված բավականին մեծ փորձ ունի (օրինակ Կիպրոսի հարցը եւ այլն)։ Եվ այդ առումով` չեմ կարծում, թե մեր հասարակության ներսում կային լուրջ սպասումներ, որ հայ-թուրքական բանակցությունների առնչությամբ կունենաք արագ արդյունքներ։ Բայց միեւնույն ժամանակ թուրքական կողմը որոշեց սկսել այս գործընթացը, որովհետեւ, ամեն դեպքում, ինչ-որ կետից սկսել պետք է»։

Քննարկման մեկ այլ թուրք մասնակից՝ Ստամբուլի Եդիտեպե համալսարանի ներկայացուցիչ Ասլը Բիլդեն կարծում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը ներկայիս թուրքական հասարակությունը ավելի շատ դիտարկում է Թուրքիայի ժողովրդավարացման համատեքստում:

«Կարող եմ ասել, որ այս գործընթացի տապալումը հիասթափություն կառաջացնի թուրքական հասարակությունում, որովհետեւ Էրդողանի կառավարությունը ժողովրդավարացման գործըթնաց սկսեց քուրդ ազգաբնակչության հետ, բայց չկարողացավ այն ավարտել։ Նույն կառավարությունը հարաբերությունների վերակագնման գործըթնաց սկսեց Հայաստանի հետ եւ եթե չկարողանա այն հասցնել իր տրամաբանական ավարտին, դա կարող է խորը հիասթափության պատճառ հանդիսանալ թուրքական հասարակության ներսում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ է ակնկալում թուրք հասարակությունը Հայաստանից, Բիլդեն պատասխանեց. - «Կարծում եմ, որ առաջին հերթին մեր հասարակությունը սպասում է, որ Ցեղասպանության հարցը չի դրվի որպես առաջին կետ` հարաբերությունների մեկնարկի համար, որովհետեւ մենք ցանկանում ենք Հայաստանի հետ ունենալ նորմալ հարաբերություններ։ Թուրքիայի համար դժվար է ընդունել, որ ինքը ցեղասպանություն է գործել։ Այժմ Թուրքիայում մարդիկ քննարկում են 1915 թվականին տեղի ունեցած իրադարաձություններրը, եւ ոչ ոք չի ասում, թե ոչինչ տեղի չի ունեցել, յուրաքանչյուր ոք ընդունում է, որ տեղի են ունցել զանգվածային կոտորածներ: Սա ողբերգություն էր ու, երեւի, եւ ես չեմ խոսում բոլորի անունից, բայց իմ կարծիքով, Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերից»։

Ասլը Բիլդեն եւ Արդա Բատուն մասնակցում են Ծաղկաձորում անցկացվող «Հայ-թուրքական մերձեցում» խորագրով քննարկմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG