Ուկրաինան պատրաստ է նախագահական ընտրություններ անցկացնել, եթե ԱՄՆ-ն և Եվրոպան ապահովեն դրանց անվտանգությունը, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին՝ արձագանքելով Դոնալդ Թրամփին, որն ասել էր, թե Ուկրաինան ժողովրդավարական երկիր չէ, քանզի պատերազմի պատրվակով խուսափում է ընտրություններ անցկացնելուց: Ուկրաինայի նախագահը նշել է՝ պետք է նաև փոխել երկրի օրենսդրությունը, որն արգելում է ընտրությունների անցկացումը ռազմական դրության ժամանակ։
«Ես պատրաստ եմ ընտրությունների։ Ավելին, խնդրում եմ ԱՄՆ-ին, մեր եվրոպացի գործընկերների հետ միասին, ապահովել ընտրությունների անվտանգությունը: Այդ դեպքում 60-ից 90 օրվա ընթացքում Ուկրաինան պատրաստ կլինի անցկացնել», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփ․ «Ուկրաինան այլևս ժողովրդավարություն չէ»Վլադիմիր Զելենսկին նաև հայտնել է, որ այսօր ԱՄՆ-ին կներկայացնեն խաղաղության փոփոխված ծրագիրը: Նրա խոսքով՝ հիմա սեղանին է դրված երեք փաստաթուղթ՝ 20 կետից բաղկացած շրջանակային համաձայնագիր, որն անընդհատ փոփոխվում է, անվտանգության երաշխիքների մասին փաստաթուղթ, իսկ երրորդը վերաբերում է Ուկրաինայի վերականգնմանը:
Ըստ Զելենսկիի՝ ԱՄՆ-ն պահանջում է, որ Ուկրաինան Դոնեցկի մարզը հանձնի Ռուսաստանին, քանզի դա է ուզում Մոսկվան: Մինչդեռ Ուկրաինան ցանկանում է, որ ԱՄՆ-ն իր կողքին լինի այս հարցում։ Ուկրաինայի համար շատ կարևոր են նաև ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքները, իսկ ԱՄՆ-ն համաձայն է, որ դրանք ամրագրվեն օրենքով:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ խաղաղության ծրագրի՝ Եվրոպային վերաբերող հարցերի դեպքում, օրինակ՝ ռուսական սառեցված ակտիվների օգտագործումը, ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, որոշում պետք է կայացնի Եվրոպան: Զելենսկին նաև ասել է՝ եթե Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել էներգետիկ օբյեկտներին հարվածները, Ուկրաինան ևս պատրաստ է հրադադարի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին բացառում է տարածքների զիջումըԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է՝ Ռուսաստանն աշխատում է խաղաղության, այլ ոչ թե հրադադար հաստատելու համար:
«Կայուն, երաշխավորված, երկարաժամկետ խաղաղություն, որը ձեռք կբերվի համապատասխան փաստաթղթերի ստորագրման միջոցով: Սա բացարձակ առաջնահերթություն է», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Կիևից և Մոսկվայից հնչող հայտարարություններին զուգահեռ, Financial Times-ը, իր աղբյուրներին հղումով, հայտնում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայից պահանջում է արագ պատասխան տալ ամերիկյան առաջարկներին, որպեսզի գործարք կնքվի մինչև դեկտեմբերի 25-ը: Ըստ աղբյուրի՝ Թրամփի բանագնացները Զելենսկիին մի քանի օր ժամանակ են տվել՝ պատասխանելու ամերիկյան առաջարկներին, ըստ որոնց՝ Ուկրաինան պետք է ընդունի տարածքային կորուստները՝ ԱՄՆ-ից անվտանգության անորոշ երաշխիքների դիմաց։
Ըստ պարբերականի՝ Զելենսկին եվրոպացի գործընկերներին ասել է, որ շաբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու փեսան՝ Ջարեդ Քուշները, ճնշել են իրեն, որպեսզի արագ որոշում կայացնի: Զելենսկին պատասխանել է, որ ժամանակ է հարկավոր՝ Եվրոպայի հետ խորհրդակցելու համար:
The Washington Post-ն էլ գրում է, որ Վաշինգտոնն ու Կիևը ամերիկյան պլանի շրջանակում նախատեսում են, որ Ուկրաինան ԵՄ-ին կանդամակցի 2027-ին: Այս ժամկետը, ըստ թերթի, մտահոգիչ է ԵՄ որոշ երկրների համար, սակայն Վաշինգտոնը կարծում է, որ կարող է համոզել Հունգարիային:
The Wall Street Journal-ն իր հերթին, եվրոպացի պաշտոնյաների հղումով, գրում է, որ ամերիկյան պլանի համաձայնեցման համար «շաբաթներ կամ ամիսներ» կարող են պահանջվել, եթե ռազմի դաշտում լուրջ փոփոխություն չլինի:
Թրամփի վարչակազմում թերթի աղբյուրները հերքել են Financial Times-ի պնդումը, թե Վաշինգտոնը ճնշում է Կիևին, որպեսզի արագ համաձայնի: Ըստ նրանց՝ Վաշինգտոնը ցանկանում է հասնել համաձայնության, որն ընդունելի կլինի կողմերի համար, կապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու կպաշտպանի այն երկարաժամկետ հեռանկարում։
Պուտին. «ռազմական հատուկ գործողությունը» ուժի միջոցով տրամաբանական ավարտին կհասցնենք
Ու մինչ Ուկրաինան բանակցում է խաղաղության պլանի շուրջ, Ռուսաստանի նախագահը հայտարարել է՝ Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողությունը» տրամաբանական ավարտի կհասցնեն ուժի միջոցով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով. - «Մենք փորձում ենք այն ավարտել և ստիպված ենք դա անել ուժով։ Մենք անպայման այս հարցը կհասցնենք իր տրամաբանական ավարտին, մինչև հասնենք ռազմական հատուկ գործողության նպատակներին»:
Կոշտան՝ ռուսական սառեցված ակտիվների մասին
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան էլ անդրադարձել է ռուսական սառեցված միջոցների հաշվին Ուկրաինային վարկ տրամադրելու հարցին՝ ասելով, որ Եվրոպական հանձնաժողովը շատ մոտ է ԵՄ անդամ երկրների մեծ մասի կամ առնվազն որակյալ մեծամասնության համաձայնությունն ստանալուն:
«Եվրոպական հանձնաժողովը շատ լավ աշխատանք է կատարում, շատ սերտորեն համագործակցում է բոլոր կառավարությունների հետ, և կարծում եմ, որ շատ մոտ ենք լուծում գտնելուն։ Վստահ եմ, որ դեկտեմբերի 18-ին որոշում կկայացնենք», -հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը:
Այս ընթացքում կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածից սպանվել է մեկ, վիրավորվել երկու մարդ, ևս 13-ը վիրավորվել է Զապորոժիեում և Դոնեցկում: Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական զինուժն Օդեսայում հարվածել է գազի ենթակառուցվածքներին:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունն Օդեսայի նավահանգստում օտարերկրյա բեռնատար նավ է կալանել, որը, ըստ ծառայության, Ռուսաստանի «ստվերային» նավատորմից է և Ղրիմից ապօրինի կերպով գյուղատնտեսական արտադրանք էր տեղափոխում: