Կրեմլը դրվատել է ԱՄՆ նախագահին Ուկրաինայի առաջնորդի հասցեին հնչեցրած քննադատության և զիջումների գնալու կոչի համար, որոնց մասին Դոնալդ Թրամփը խոսել էր երեկ՝ Politico-ին տված հարցազրույցում։
«ՆԱՏՕ-ին անդամակցության, տարածքային և այլ հարցերի վերաբերյալ Թրամփի մեկնաբանությունները համապատասխանում են մեր ընկալումներին», - ասել է Պուտինի խոսնակը։
Դմիտրի Պեսկովը նաև ողջունել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու՝ Վլադիմիր Զելենսկու պատրաստակամությունը, ընդգծելով, որ դա համապատասխանում է նախագահ Վլադիմիր Պուտինի բազմիցս հնչած կոչերին։
Ուկարինայում նախագահական ընտրությունները ըստ ժամանակացույցի պետք է անցկացվեին անցած տարի, սակայն Կիևը մինչ օրս հայտարարում էր, թե ըստ օրենքի՝ ռազմական դրության պայմաններում քվեարկություն չի կարող անցկացվել։ Երեկ, երբ ԱՄՆ նախագահը պնդեց, թե Ուկրաինան պատերազմի պատրվակով խուսափում է ընտրություններից, Զելենսկին հայտարարեց՝ պատրաստ է փոխել օրենսդրությունը և գնալ քվեարկության, պայմանով, որ Միացյալ Նահանգները և եվրոպացի դաշնակիցները երաշխավորեն անվտանգությունը ընտրությունների ամբողջ ընթացքում։