ՆԱՏՕ-ն վերահաստատում է երկաթե հանձնառությունը հավաքական պաշտպանությանը

Թուրքիա - ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները, Անկարա, 8-ը հուլիսի, 2026թ.

«Մեզնից որևէ մեկի վրա հարձակումը կնշանակի հարձակում ողջ Հյուսիսատլանտյան դաշինքի վրա», - այսօր հայտարարել են ՆԱՏՕ-ի անդամները՝ 77-ամյա կառույցի պատմության մեջ ամենադժվարին գագաթնաժողովներից մեկի ավարտին։

«Մենք՝ Հյուսիսատլանտյան դաշինքի պետությունների և կառավարությունների ղեկավարները, հավաքվել ենք Անկարայում՝ վերահաստատելու մեր երկաթե հանձնառությունը մեր հավաքական պաշտպանությանը՝ 5-րդ հոդվածի համաձայն ... Մեկի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա», - ասվում է եզրափակիչ հայտարարության մեջ։

Գագաթնաժողովի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է դաշնակիցներին՝ պնդելով, թե նրանք չեն աջակցել Իրանի դեմ Վաշինգտոնի պատերազմին։ Սպիտակ տան ղեկավարը նաև վերահաստատել է իր նկրտումները Գրենլանդիայի նկատմամբ։

«Ես շատ վրդովված եմ ՆԱՏՕ-ից … այն բանի համար, ինչ նրանք արեցին Գրենլանդիայի հետ, և … այն փաստի համար, որ նրանք չցանկացան օգնել մեզ ահաբեկչության թիվ մեկ հովանավոր պետության՝ Իրանի հարցում», - ասել է Թրամփը՝ ընդգծելով ԱՄՆ-ի ֆինանսական ներդրումը դաշինքի բյուջեում։ «Մենք «չափազանց շատ, միլիարդավոր դոլարներ ենք վճարում», - նշել է նա։

Թրամփը հատուկ առանձնացրել է Իսպանիային, պնդել, թե Մադրիդը «սարսափելի գործընկեր» է, և սպառնացել դադարեցնել առևտուրն այդ երկրի հետ։

«Իսպանիայի հետ գործ բռնելն անօգուտ բան է։ Մենք այլևս չենք ուզում որևէ առևտրային գործարք կնքել նրանց հետ», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Իրանի դեմ փետրվարի վերջից սկսված ռազմական գործողությունների ընթացքում Իսպանիան արգելել էր ԱՄՆ-ին օգտագործել երկրի հարավում գտնվող ռազմական բազաները։

Դռնփակ բանակցություններից հետո, սակայն, դրանց ներկա դիվանագետները Reuters-ին փոխանցել են, որ նախագահ Թրամփը ոչ Իրանի, ոչ էլ Գրենլանդիայի մասին դաշնակիցների հետ չի խոսել, պահանջներ չի ներկայացրել։ Ավելի ուշ դա հաստատել է նաև Ֆրանսիայի նախագահը։

«Մեր դաշինքում կան համերաշխության կանոններ ոչ միայն մեկս մյուսին պաշտպանելու մասին, այլև ապահովելու, որ մենք չհարձակվենք միմյանց վրա», - ասել է Էմանյուել Մակրոնը։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն էլ ավելի վաղ արձագանքել էր՝ «Գրենլանդիան չի վաճառվում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մեզ ծանոթ աշխարհակարգն այլևս գոյություն չունի». Դանիայի վարչապետ

«Իրանի հետ հրադադարն ավարտվել է»

Գագաթնաժողովի գլխավոր հարցը դարձավ Իրանը։ Անակնկալի բերելով դաշնակիցներին՝ Թրամփը հայտարարեց, թե այս գիշեր վերսկսված փոխհրաձգություններից հետո ինքն այլևս Թեհրանի հետ բանակցությունները շարունակելու իմաստ չի տեսնում։ Իրանական իշխանություններին որակելով «նենգ» ու «խելագար»՝ ԱՄՆ նախագահը պնդեց, թե Թեհրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս ավարտվել է։

«Նրանք չար մարդիկ են, քաղցկեղ, իսկ դուք գիտեք, թե ինչ պետք է անել այս դեպքում՝ պետք է վաղ փուլում վերացնել քաղցկեղը», - ասաց Թրամփը:

Ավելի ուշ Թրամփը նաև հայտարարեց, թե Միացյալ Նահանգները կարող է գրավել Խարգ կղզին, որով արտահանվում է իրանական նավթի 90 տոկոսը, կրկին շրջափակել Հորմուզի նեղուցն ու Իրանին ևս մեկ հուժկու հարված հասցնել այս գիշեր։

«Մենք կարող ենք նրանց ընդհանրապես զրկել էլեկտրաէներգիայից ու ջրից, բայց դեռևս չեմ ուզում այդ քայլին դիմել», - ասաց Սպիտակ տան ղեկավարը։

Մոտ մեկ շաբաթ առաջ կողմերի միջև հաստատված հրադադարը խախտվել էր այս գիշեր․ իրանական կողմը թիրախավորել էր երեք առևտրային նավեր Հորմուզի նեղուցի մոտ գտնվող Օմանի ջրերում։ Ամերիկյան զորքը հարվածել էր Իրանի ռազմական օբյեկտներին, Թեհրանն էլ թիրախավորել էր ամերիկյան բազաները Քուվեյթում և Բահրեյնում։

«Ինձ համար [հրադադարը] ավարտվել է։ Ես այլևս չեմ ուզում գործ ունենալ նրանց [Իրանի ղեկավարների] հետ։ Նրանք պարզապես թափթփուկներ են, հիվանդ մարդիկ», - հայտարարեց ԱՄՆ նախագահն Անկարայում։

Առայժմ ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Թեհրանը հրադադարի ավարտի մասին պաշտոնական հայտարարություն չեն արել։ Նախագահ Թրամփի խոսքերից հետո, սակայն, նավթի գները համաշխարհային շուկայում կրկին սկսել են բարձրանալ։

«Եվս մեկ զրույց Պուտինի հետ»

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թրամփի երկու դեմ առ դեմ հանդիպում էր նախատեսված․ մեկը՝ Ուկրաինայի, մյուսը՝ Սիրիայի նախագահի հետ։

Ուկրաինայի առաջնորդը բանակցությունների հենց մեկնարկին կրկնեց՝ Կիևին անհրաժեշտ է ամերիկյան Patriot հրթիռներ արտադրելու արտոնագիր։

«Ինչ-ինչ աղբյուրներ ինձ ասում են, որ դուք դա կստանաք և այլևս չեք կարողանա ամերիկացիներից բողոքել», - արձագանքեց Դոնալդ Թրամփը։ Միաժամանակ նշեց, թե Զելենսկու հետ բանակցություններից հետո պատրաստվում է ևս մեկ հեռախոսազրույց ունենալ Կրեմլի ղեկավար Պուտինի հետ՝ պատերազմը դադարեցնելու հարցով։

«Մենք շատ հակամարտություններ ենք կարգավորել, և սա այդ պատերազմներից մեկն է, որը գուցե ամենահեշտը կլիներ, բայց Պուտինը դժվար կերպար է, նույնն էլ՝ այս տղան», - ասաց Թրամփը՝ մատնացույց անելով Զելենսկուն։

«Պատերազմի երկու կողմերն էլ ցանկանում են այն դադարեցնել», - վստահեցրեց ԱՄՆ նախագահը։

Արձագանքելով «Ազատության» հարցին, թե ինչն է նրան ստիպում մտածել, որ Պուտինն ուզում է դադարեցնել արյունահեղությունը, Թրամփն ասաց, թե «վերջին շաբաթներին որոշակի առաջընթաց կա»՝ առանց հավելյալ մանրամասների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը Պուտինին առաջարկել է օգնել Ուկրաինայի հետ համաձայնության գալ


F-35 ու մեծարանք՝ Թուրքիայի նախագահին

11 տարվա ընթացքում ԱՄՆ նախագահի Թուրքիա կատարած առաջին այցի ժամանակ Թրամփը գովեստի մի շարք խոսքեր շռայլեց նախագահ Էրդողանի հասցեին և խոստացավ առաջ գնալ Անկարային վերջին տարիներին ամենից շատ հուզող՝ F-35 կործանիչների վաճառքի հարցում։

Վաշինգտոնը Անկարայի դեմ պատժամիջոցներ էր սահմանել 201- ին, երբ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցը որոշեց Ռուսաստանից հակաօդային պաշտպանության համակարգեր գնել։ Անկարայի վերադարձը այս ռազմավարական ծրագիր դեռ պետք է հաստատվի Կոնգրեսում, որտեղ, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, այն կարող է հանդիպել ուժեղ դիմադրության։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նեթանյահուն կոչ է արել ԱՄՆ-ին Թուրքիային չվաճառել F-35 կործանիչներ

Մինչ այդ՝ երեկ, Էրդողանը Թրամփին օդանավակայանում դիմավորեց շքեղ պետական արարողությամբ, որի ընթացքում թուրք զինվորները ձիերով ուղեկցեցին ԱՄՆ նախագահի ավտոշարասյունը դեպի նախագահական պալատ։ Էրդողանի հետ հանդիպումից հետո Թրամփը պնդեց՝ իր ու նրա միջև «քիմիա գոյություն ունի», և որ Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել։

«Ժամանակն է, որ մենք վերանայենք Թուրքիայի նկատմամբ որոշումը, մենք չենք ուզում պատժամիջոցներ կիրառել ընկերների նկատմամբ», - ասաց ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ իր պետքարտուղարը և ֆինանսների նախարարը աշխատում են այդ հարցի վրա։