Միացյալ Նահանգների զինուժը Իրանին հասցված նոր հարվածների ժամանակ 80 ռազմական օբյեկտ է թիրախավորել՝ մեղադրելով Թեհրանին համաշխարհային մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ հարձակումների համար, իսկ իրանական պատասխան հարվածների թիրախում Պարսից ծոցի հարևաններ Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան օբյեկտներն են եղել։
«Հարվածները նպատակ ունեին ծանր գին սահմանել միջազգային ջրային ուղում անմեղ քաղաքացիական անձանցից կազմված անձնակազմով առևտրային նավերին թիրախավորելու և դրանց վրա հարձակվելու համար», - ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ, որտեղ Իրանի գործողությունները «չհիմնավորված, վտանգավոր և հրադադարի ակնհայտ խախտում» են որակվում։
Իրանական լրատվամիջոցները հաղորդել են Իրանի հարավում հնչած մի քանի պայթյունների մասին, այդ թվում՝ Քեշմ կղզում, Սիրիկ քաղաքում և ռազմավարական նշանակության Բանդար Աբբաս նավահանգստի մոտակայքում։
ԻՀՊԿ-ն պատասխանել է ամերիկյան հարվածներին
Reuters-ի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, թե հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական կարևոր օբյեկտներին։ Իրանական կողմը նաև պնդում է, որ խոցել է հարձակմանը միջամտել փորձող ամերիկյան MQ-9 անօդաչու։
Պաշտոնյաների փոխանցմամբ՝ Բահրեյնում և Քուվեյթում օդային տագնապ է հայտարարվել։ Քուվեյթի զինուժը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում հրթիռային և դրոնային հարձակումները։
ԱՄՆ-Իրան պատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ առևտրային նավերը 60 օր անվճար պետք է անցնեն նեղուցով, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ է սպասվում 60-օրյա ժամկետի լրանալուց հետո։ Թեհրանը պնդում է, որ մատուցված ծառայությունների դիմաց իրավունք ունի վճարներ գանձել նեղուցից օգտվող նավերից, մինչդեռ Վաշինգտոնից հակադարձում են՝ Թեհրանը դա չի կարող անել։
Ամերիկյան տնտեսական ճնշման վերականգնում
Բացի դրանից, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեղարկել է իրանական նավթի վաճառքի թույլտվությունը՝ վերականգնելով նախորդ ամիս կողմերի միջև հաստատված փոխըմբռնման հուշագրով ժամանակավորապես կասեցված պատժամիջոցները։
«Ազատության» հետ զրույցում ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների մեղմումը «ամբողջությամբ հիմնված է պարտավորությունների կատարման վրա»։
Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է շրջանակային համաձայնագրի շարունակական խախտումների մեջ՝ մատնանշելով իրանական նավթամթեքրի վաճառքի դեմ սահմանված պատժամիջոցների վերականգնումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 6-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կա՛մ գործարք կկնքի Թեհրանի հետ, կա՛մ «ավարտին կհասցնի գործը»՝ նկատի ունենալով փետրվարի 28-ին մեկնարկած ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումն Իրանի վրա։ Իրանական կողմից ԱՄՆ նախագահի խոսքերը «պատրանքային» էին որակել՝ կոչ անելով հարգանքով խոսել իրանցի ժողովրդի հետ, «այլապես մենք այլ լեզվով կպատասխանենք»։