ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու նպատակով ստորագրված փոխըմբռնման հուշագիրն «ավարտված է», հավելելով, որ այլևս չի ցանկանում շփվել Թեհրանի հետ։
Թրամփն այս հայտարարությունն արել է Անկարայում՝ Թուրքիայի մայրաքաղաքում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Թեհրանը նոր հարձակումներ իրականացրեց Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաների վրա։ Իր ելույթում Թրամփը ասաց, որ Իրանի ղեկավարները «ստախոսներ ու խաբեբաներ են»:
Իրանն էլ հայտարարել էր, որ թիրախավորել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել իրանական թիրախներին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում տանկերների վրա իրականացված հարձակումների։
Անցյալ ամիս Միացյալ Նահանգների և Իրանի նախագահներն ու միջնորդ Պակիստանի վարչապետը հեռակա կարգով ստորագրել էին շրջանակային համաձայնագիրը, որը դադարեցնում էր հազարավոր կյանքեր խլած և աշխարհին միլիարդավոր դոլարների վնաս պատճառած 110-օրյա պատերազմը:
Թրամփն այժմ հայտարարել է, որ այդ համաձայնագիրն այլևս ուժի մեջ չէ:
«Ինձ համար, կարծում եմ՝ ամեն ինչ ավարտված է։ Ես այլևս չեմ ցանկանում նրանց հետ գործ ունենալ։ Նրանք ստոր մարդիկ են»,- ասել է Թրամփը։
«Նրանք հիվանդ մարդիկ են։ Նրանց ղեկավարում են հիվանդ մարդիկ։ Նրանք դաժան, բռնի մարդիկ են, և եթե նրանք միջուկային զենք ունենային, կօգտագործեին այն։ Ինձ համար այս հարցն ավարտված է»,- հայտարարել է նախագահ Թրամփը:
Թրամփը նաև նշել է, որ Իրանի հետ բանակցությունները կարող են շարունակվել, սակայն հավելել է. «Ինձ համար նրանց հետ գործ ունենալը պարզապես ժամանակի վատնում է։ Նրանք ստախոսներ են»։