Պուտին. «Եթե հրաժարվեն բովանդակային քննարկումներից, Ռուսաստանը ռազմական ճանապարհով կազատագրի իր պատմական հողերը»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Եթե երկխոսությունը հնարավոր չլինի, ապա Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի Ուկրաինայում իր առաջ դրած խնդիրների կատարմանը՝ «իր պատմական հողերի ազատագրմանը»: Բեռլինում ուկրաինական խնդրի շուրջ բանակցություններից երկու օր անց այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում Ռուսաստանի նախագահը շեշտել է՝ Մոսկվան, այդուհանդերձ, նախընտրում է հակամարտության հիմնապատճառները վերացնել դիվանագիտական ճանապարհով։

«Եթե հակառակ կողմը և նրա օտարերկրյա հովանավորները հրաժարվեն բովանդակային քննարկումներից, Ռուսաստանը ռազմական ճանապարհով կազատագրի իր պատմական հողերը։ Անվտանգության բուֆերային գոտու ստեղծման և ընդլայնման առաջադրանքը ևս հետևողականորեն կշարունակվի», - ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով՝ անցնող տարին հաջող է եղել «ռազմական հատուկ գործողության» առումով. ռուսական զորքը վստահ առաջ է շարժվում ռազմաճակատի ողջ երկայնքով և մոտ 300 բնակավայր է վերցրել, այդ թվում՝ խոշոր քաղաքներ:

Կրեմլի ղեկավարը ողջունել է ԱՄՆ-ի հետ երկխոսությունում գրանցված առաջընթացը՝ հավելելով, թե նույնը չի կարող ասել Եվրոպայի մեծ մասի համար: Նա նաև հերքել է Եվրոպայում հնչող հայտարարությունները, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել: «Ես արդեն բազմիցս ասել եմ՝ դա սուտ է, անհեթեթություն», - ասել է Պուտինը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարն էլ հայտնել է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական հարվածների հետևանքով կրկնակի նվազել են այդ երկրի էլեկտրաէներգիայի արտադրական կարողությունները: Անդրեյ Բելոուսովն ասել է, որ հաջորդ տարի մտադիր են պահպանել և ուժեղացնել հարձակումների տեմպը: Նախարարն, իր հերթին, Եվրոպային մեղադրել է հակամարտության կարգավորումը ձգձգելու համար:

«Միևնույն ժամանակ, հստակ տեսնում ենք եվրոպացի ղեկավարների և Կիևի ռեժիմի փորձերը՝ խուսափելու այս հարցի կարգավորումից: Խոսքը հակամարտությունը ձգձգելու մասին է՝ մեր երկրի առավելագույն թուլացմանը հասնելու հաշվարկով», - նշել է Բելոուսովը:

Մինչ այդ, The New York Times-ը հայտնել էր, որ Բեռլինում կայացած բանակցությունների արդյունքում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչները համաձայնել են երկու փաստաթղթի շուրջ, որոնք պետք է հրադադարի ավելի լայն համաձայնագրի հիմքը կազմեն:

Առաջինում ուրվագծում են անվտանգության երաշխիքները. դաշնակիցներն իրավաբանորեն պարտավորվում են օգնել Ուկրաինային հարձակման ենթարկվելու դեպքում։ Կոնկրետ ԱՄՆ-ն պարտավորվում է օգտագործել իր հետախուզական հնարավորությունները՝ հրադադարը վերահսկելու և ռուսական զորքի ցանկացած տեղաշարժ նախապես հայտնաբերելու համար։

Երկրորդ փաստաթուղթը մանրամասն բացատրում է, թե ինչպես են ամերիկյան և եվրոպական ուժերը համագործակցելու ուկրաինացի զինվորականների հետ՝ կանխելու Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների զավթումը ապագայում: Ընդ որում, Ուկրաինային աջակցել պատրաստ եվրոպական երկրների զորքերը կտեղակայվեն ռազմաճակատից հեռու՝ երկրի արևմուտքում՝ «ռուսական հնարավոր ագրեսիայի դեմ կանխարգելիչ ևս մեկ շերտ» ստեղծելու համար։

Պարբերականը նշում է, որ կողմերը, այդուհանդերձ, Բեռլինում փոխզիջման չեն եկել ամենաբարդ հարցի՝ Դոնեցկի մարզի ճակատագրի շուրջ:

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ տեղյակ չեն Բեռլինի բանակցությունների արդյունքների մասին և ակնկալում են, որ Վաշինգտոնը Մոսկվային կտեղեկացնի, երբ պատրաստ լինի։ Դմիտրի Պեսկովն ընդգծել է՝ Ռուսաստանը դեմ է Ուկրաինայում այլ երկրների զորքերի տեղակայմանը: Անդրադառնալով Bloomberg-ի հրապարակմանը, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում, եթե Պուտինը մերժի խաղաղության պլանը, Պեսկովն ասել է. - «Այն, որ Վաշինգտոնի մի շարք գրասենյակներում նման ծրագրեր գոյություն ունեն, հայտնի բան է: Ցանկացած պատժամիջոց վնասակար է, դրանք խոչընդոտում են առաջընթացին: Դա ակնհայտ է»:

Ու մինչ Ռուսաստանը հերքում է, թե սպառնալիք է Եվրոպայի համար, Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ այսուհետ Եվրոպան ինքը պետք է պատասխանատու լինի սեփական անվտանգության համար: Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև ասել է, որ մտադիր է Ուկրաինային ֆինանսապես աջակցելու երկու տարբերակ առաջարկել առաջիկա նիստին: Մեկով կառաջարկվի Կիևին օգնել ռուսական սառեցված ակտիվների, իսկ մյուսով՝ Եվրամիության միջոցների հաշվին վարկ տրամադրելու միջոցով, և պետք է որոշեն, թե որ են ուղին են ընտրում:

«Բայց մեկ բան շատ, շատ հստակ է։ Մենք պետք է այս Եվրոպական խորհրդում որոշում կայացնենք Ուկրաինային հաջորդ երկու տարիների ընթացքում ֆինանսավորելու վերաբերյալ։ Երեկվա խաղաղությունն այլևս չկա։ Մենք ժամանակ չունենք կարոտախտով զբաղվելու», - ընդգծել է ֆոն դեր Լայենը:

Reuters-ը հաղորդում է, որ ԵՄ երկրները մոտ են այս ակտիվների հաշվին Ուկրաինային վարկ տրամադրելու շուրջ համաձայնությանը: Դեմ է միայն Բելգիան, որտեղ պահվում է դրանց մեծ մասը, քանզի չի ցանկանում ստանձնել դրա իրավական և ֆինանսական բոլոր ռիսկերը։

Այս ֆոնին եվրոպական խորհրդարանն այսօր հաստատել է մինչև 2027 թվականը ռուսական գազից աստիճանաբար հրաժարվելու ծրագիրը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվան «անկասկած» կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. ՊուտինNYT. Բեռլինում Ուկրաինան, ԱՄՆ-ը և Եվրոպան համաձայնել են երկու փաստաթղթի շուրջՈւկրաինայի անվտանգության երաշխիքների ներքո հնարավոր է ռուսական ուժերի հետ մղում․ ՄերցԲեռլինը և Լոնդոնը Կիևին օգնություն են խոստացել ՀՕՊ-ի ուժեղացման համարԲեռլինյան բանակցությունների արդյունք․ Արևմուտքը մշակել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների փաթեթ«Գրեթե վստահ եմ, որ ուկրաինական ճգնաժամի լուծման շեմին ենք». ՌյաբկովԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնագիրն «ավելի մոտ է, քան երբևէ»