Մատչելիության հղումներ

NYT. Բեռլինում Ուկրաինան, ԱՄՆ-ը և Եվրոպան համաձայնել են երկու փաստաթղթի շուրջ


Գերմանիա - Բեռլինյան բանակցությունների մասնակիցները, 15-ը դեկտեմբերի, 2025թ.
Գերմանիա - Բեռլինյան բանակցությունների մասնակիցները, 15-ը դեկտեմբերի, 2025թ.

Բեռլինում կայացած բանակցությունների արդյունքում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչները համաձայնել են երկու փաստաթղթի շուրջ, որոնք պետք է հրադադարի ավելի լայն համաձայնագրի հիմքը կազմեն, գրում է The New York Times-ը՝ իր աղբյուրներին հղումով:

Առաջինում ուրվագծում են անվտանգության երաշխիքները. դաշնակիցներն իրավաբանորեն պարտավորվում են օգնել Ուկրաինային հարձակման ենթարկվելու դեպքում։ Երկրորդը մանրամասն բացատրում է, թե ինչպես են ամերիկյան և եվրոպական ուժերը համագործակցելու ուկրաինացի զինվորականների հետ՝ կանխելու Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների զավթումը ապագայում:

Ըստ թերթի՝ ԱՄՆ-ն իրավաբանորեն պարտավորվում է օգտագործել իր լայնածավալ հետախուզական հնարավորությունները՝ հրադադարի պահպանումը վերահսկելու և ռուսական զորքերի ցանկացած տեղաշարժ նախապես հայտնաբերելու համար։

Ընդ որում, Ուկրաինային աջակցել պատրաստ եվրոպական երկրների զորքերը կտեղակայվեն ռազմաճակատից հեռու՝ Ուկրաինայի արևմուտքում՝ «ռուսական հնարավոր ագրեսիայի դեմ կանխարգելման ևս մեկ շերտ» ստեղծելու համար։

The New York Times-ը նշում է, որ կողմերը, այդուհանդերձ, Բեռլինում չեն կարողացել փոխզիջման հասնել ամենաբարդ հարցի՝ Դոնեցկի մարզի նկատմամբ Ռուսաստանի հավակնությունների վերաբերյալ:

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ տեղյակ չեն Բեռլինի բանակցությունների արդյունքների մասին և ակնկալում են, որ ԱՄՆ-ը Մոսկվային կտեղեկացնի, երբ պատրաստ լինի։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը դեմ է Ուկրաինայում այլ երկրների զորքերի տեղակայմանը:

Անդրադառնալով Bloomberg-ի հրապարակմանը, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում, եթե Վլադիմիր Պուտինը մերժի խաղաղության պլանը, Պեսկովն ասել է. - «Այն, որ Վաշինգտոնի մի շարք գրասենյակներում նման ծրագրեր գոյություն ունեն, հայտնի բան է: Ցանկացած պատժամիջոց վնասակար է, դրանք խոչընդոտում են առաջընթացին: Դա ակնհայտ է»:

Այս ֆոնին Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ այսուհետ Եվրոպան ինքը պետք է պատասխանատու լինի սեփական անվտանգության համար: Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ մտադիր է Ուկրաինային ֆինանսապես աջակցելու երկու տարբերակ առաջարկել Եվրոպական խորհրդի առաջիկա նիստին: Մեկով կառաջարկվի Ուկրաինային օգնել ռուսական սառեցված ակտիվների, իսկ մյուսով՝ Եվրամիության միջոցների հաշվին վարկ տրամադրելու միջոցով, և պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են ուզում գնալ:

«Բայց մեկ բան շատ, շատ հստակ է։ Մենք պետք է այս Եվրոպական խորհրդում որոշում կայացնենք Ուկրաինային հաջորդ երկու տարիների ընթացքում ֆինանսավորելու վերաբերյալ։ Երեկվա խաղաղությունն այլևս չկա։ Մենք ժամանակ չունենք կարոտախտով զբաղվելու», - հայտարարել է ֆոն դեր Լայենը:

Reuters-ը հաղորդում է, որ ԵՄ երկրները մոտ են Եվրոպայում պահվող ռուսական սառեցված մոտ 210 մլրդ եվրոյի ակտիվների հաշվին Ուկրաինային վարկ տրամադրելու շուրջ համաձայնությանը: Դեմ է միայն Բելգիան, որտեղ պահվում է 185 մլրդ եվրոյի սառեցված ակտիվ: Բրյուսելը չի ցանկանում ստանձնել դրանց օգտագործման հետ կապված բոլոր իրավական և ֆինանսական ռիսկերը։

Այս ընթացքում կողմերը շարունակել են հարվածները: Ռուսական զինուժն անօդաչուներով հարվածել է Օդեսայի քաղաքացիական ենթակառուցվածքների: Ռուսական զինուժը հայտնել է, որ Դնեպրոպետրովսկում ևս մեկ բնակավայր է վերցրել:

Ուկրաինական զինուժն, իր հերթին, Կրասնոդարի Սլավյանսկ քաղաքում անօդաչուներով հարվածել է նավթավերամշակման գործարանի, նաև էներգետիկ ենթակառուցվածքների, գրեթե 39 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, կա նաև երկու վիրավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG