Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնագիրն «ավելի մոտ է, քան երբևէ»


ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները հայտնել են, որ Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ամերիկյան ծրագրին նվիրված երկօրյա բանակցությունների ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել: Վաշինգտոնն, ըստ տեղեկությունների, Կիևին առաջարկել է ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներ:

Թեև տարածքային զիջումների վերաբերյալ համաձայնության հասնելը, դեռևս հիմնական հարցերից է մնում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենամեծ և մահացու հակամարտությանը վերջ դնելու համաձայնագիրը, կարծես, ավելի մոտ է, քան երբևէ։

«Մենք փորձում ենք դա ավարտին հասցնել, և կարծում եմ՝ հիմա ավելի մոտ ենք», - Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում ասաց Թրամփը, - «Մենք բազմաթիվ զրույցներ ունեցանք Ռուսաստանի նախագահ (Վլադիմիր) Պուտինի հետ, և կարծում եմ, որ մենք հիմա ավելի մոտ ենք, քան երբևէ, և կտեսնենք, թե ինչ կարող ենք անել», - հավելեց Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշեց, որ վերջերս խոսել է Պուտինի հետ, սակայն մանրամասներ և զրույցի ժամկետների մասին տեղեկություն չի նշել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ բանակցությունները դժվար էին, բայց օգտակար, իսկ նրա գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը նշել է, որ Բեռլինում «իրական առաջընթաց» է գրանցվել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների, ինչպես նաև ԱՄՆ այլ պատվիրակների մասնակցությամբ։

«Այս զրույցները միշտ հեշտ չեն լինում, ես անկեղծ կլինեմ ձեզ հետ։ Բայց դա արդյունավետ զրույց էր՝ շատ մանրամասներով, իսկապես շատ», - ասել է Զելենսկին:

Զելենսկին, որն ավելի վաղ տարածքային զիջումների հարցը անվանել էր «ցավոտ», բանակցություններից հետո կրկին հայտարարեց, որ Ուկրաինան Դոնբասը չի ճանաչի որպես ռուսական՝ ո՛չ «դե յուրե, ո՛չ դե ֆակտո»:

Եվրոպացի առաջնորդները զգուշորեն ողջունել են Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում փոփոխությունը։

«Պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ հրադադարի հնարավորությունը հնարավոր է», - X-ի գրառմամբ ասել է հանդիպումները հյուրընկալող Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Առաջին անգամ ես լսեցի ամերիկացի բանակցողների բերանից... որ ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում ներգրավվել այնպես, որ ռուսները որևէ կասկած չունենան՝ եթե Ռուսաստանը կրկին հարձակվի Ուկրաինայի վրա, ամերիկյան արձագանքը կլինի ռազմական», -Բեռլինից մեկնելուց հետո ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Բեռլինում երկօրյա բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահը հայտարարեց, որ կխնդրի ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ և Ուկրաինային տրամադրել ավելի շատ զենք, այդ թվում՝ հեռահար զենք, եթե Մոսկվան մերժի Կիևի, Վաշինգտոնի և եվրոպացի առաջնորդների միջև քննարկվող առաջարկները։

«Կարծում եմ՝ Ամերիկան պատժամիջոցների միջոցով ճնշում կկիրառի և մեզ ավելի շատ զենք կտա, եթե նա (Պուտինը) մերժի ամեն ինչ», - լրագրողներին ասել է Զելենսկին:

Նա հավելել է, որ Կիևն աջակցում է հրադադարի գաղափարին, մասնավորապես՝ Սուրբծննդյան շրջանում էներգետիկ օբյեկտների վրա հարվածների դադարեցման մասով։

Եվրոպացի առաջնորդները հայտարարել են նաև, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է ներառեն Եվրոպայի գլխավորությամբ խաղաղապահ ուժեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG