ԱՄՆ-ն պատրաստվում է մի քանի ռազմանավ և ևս 2 հազար 500 զինծառայող ուղարկել Մերձավոր Արևելք. ԶԼՄ
ԱՄՆ-ն պատրաստվում է մի քանի ռազմանավ և ևս 2 հազար 500 զինծառայող ուղարկել Մերձավոր Արևելք՝ ուժեղացնելու Իրանի դեմ պատերազմին մասնակցող զորքերը, չորս անանուն պաշտոնյայի հղում անելով՝ հայտնում է ամերիկյան իշխանամերձ Newsmax-ը: Օրեր առաջ էլ դեպի Մերձավոր Արևելք էր ուղղություն վերցրել ամերիկյան USS Tripoli դեսանտային հարձակողական նավը։
ԱՄՆ նախագահը երեկ, մինչդեռ, ակնարկել է, թե մտադիր չէ զորք ուղարկել: «Ես զորքեր չեմ տեղակայում ոչ մի տեղ: Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ կլինի»,- ասել է Դոնալդ Թրամփը:
Նա, սակայն, հաստատել է, որ Պենտագոնին 200 մլրդ դոլար է հարկավոր՝ Իրանի դեմ պատերազմը շարունակելու համար. «Մեր սպառազինությունն իսկապես հիանալի որակի է։ Պարզապես ցանկանում ենք վստահ լինել։ Եվ այդ գումարը փոքր գին է՝ համոզվելու համար, որ մենք ամենաբարձր մակարդակում լինենք»:
Reuters-ը, իր աղբյուրներին հղումով, գրում է, որ լրացուցիչ զորքն ու ռազմանավերը հարկավոր են Հորմուզի նեղուցով նավթատար նավերի անվտանգ անցումն ապահովելու նպատակով: Սակայն դրա համար ԱՄՆ-ն կարող է ստիպված լինել նաև զորք տեղակայել Իրանի ափամերձ գծում, նշել են աղբյուրները:
Axios-ն էլ գրում է, որ ԱՄՆ-ն քննարկում է իրանական Խարգ կղզին օկուպացնելու կամ շրջափակելու հարցը՝ ստիպելու Իրանին, որ վերաբացի նեղուցը: Հենց այս կղզուց է արտահանվում իրանական նավթի մոտ 90 տոկոսը: Reuters-ի աղբյուրներից մեկն ասել է, որ Խարգը գրավելը, այնտեղ զորք տեղակայելը շատ ռիսկային կլինի, քանզի իրանական հրթիռներն ու անօդաչուները հանգիստ կարող են հասնել կղզի։
Եվրոպական հինգ երկիր, նաև Կանադան և Ճապոնիան հայտարարել են, որ պատրաստ են միանալ Իրանի կողմից նեղուցի շրջափակումը վերացնելու առաքելությանը: Գերմանիան ու Նիդեռլանդները, սակայն, հայտարարել են՝ իրենց մասնակցության նախապայմանն է հրադադարը:
Այս հայտարարություններից հետո նավթի գինը նվազել է՝ 120 դոլարից հասնելով 107 դոլարի մեկ բարելի դիմաց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նավթի և գազի գները կրկին բարձրացել ենՈւ մինչ հաղորդվում է, թե ԱՄՆ-ն մտադիր է հավելյալ զորք ուղարկել Մերձավոր Արևելք, Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ այս օրերին իրականացված ավիահարձակումների արդյունքում Իրանն այլևս չունի ուրան հարստացնելու կամ բալիստիկ հրթիռներ արտադրելու կարողություն:
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսին Բենյամին Նեթանյահուն ասել է, որ այժմ աշխատում են ոչնչացնել ոչ միայն բալիստիկ հրթիռներն ու միջուկային ծրագրի մնացած մասը, այլ նաև օբյեկտները, որտեղ հրթիռներ են արտադրվում. «Եվ արդեն հիմա՝ 20 օր անց, կարող եմ ձեզ ասել՝ Իրանն այսօր չունի ուրան հարստացնելու և բալիստիկ հրթիռներ արտադրելու հնարավորություն։ Մենք շարունակում ենք ոչնչացնել այդ հնարավորությունները։ Մենք դրանք ամբողջությամբ կվերացնենք՝ փոշու վերածելով»։
Նեթանյահուն նշել է, թե համաձայնել է իրանական գազի հանքավայրերին չհարվածելու Թրամփի խնդրանքին: Նա նաև հերքել է մեղադրանքները, թե Իսրայելն է ԱՄՆ-ին ներքաշել պատերազմում: «Իսկապե՞ս որևէ մեկը կարծում է, որ ինչ-որ մեկը կարող է նախագահ Թրամփին ասել, թե ինչ անի։ Դե լավ, վերջացրեք»,- ասել է նա՝ հավելելով, որ պատերազմը կարող է ավարտվել ավելի արագ, քան ակնկալվում է:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, գեներալ Ալի Մոհամմադ Նաեյնին հերքել է Նեթանյահուին՝ պնդելով, որ հրթիռների արտադրությունը շարունակվում է նաև պատերազմի ընթացքում, և հրթիռների պակաս չունեն: Այս հայտարարությունից ժամեր անց կորպուսը հայտարարեց, որ Նաեյնին սպանվել է ավիահարվածից: Իսրայելն էլ հայտարարել է, որ սպանել է նաև «Բասիջ» կիսառազմականացված ուժերի հետախուզության ղեկավար Էսմայիլ Ահմադին:
Երկրորդ ուղերձը նոր առաջնորդի անունից
Չնայած Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելուց և վիրավորվելուց հետո դեռ չի ներկայացել հանրությանը, իրանական Tasnim-ն այսօր նրա անունից երկրորդ տեքստային ուղերձն է տարածել: Դրանում նա ցավակցել է նախագահ Փեզեշքիանին իսրայելական հարվածից օրեր առաջ հետախուզության նախարարի սպանության կապակցությամբ և շեշտել է, որ պետք է արագ լրացնել Էսմայիլ Խատիբից հետո առաջացած բացը: Նախարարությանն էլ Խամենեին կոչ է արել ապահովել անվտանգությունը «ներքին և արտաքին թշնամիների» դեմ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը սպառնում է նոր և «ցավոտ» հարվածներ հասցնել՝ ի պատասխան Լարիջանիի սպանությանԻրանը Մեծ Բրիտանիային զգուշացրել է, որ ԱՄՆ-ին թույլ տալով իր ռազմաբազաներն օգտագործել՝ փաստացի մասնակցում է «Իրանի դեմ ագրեսիային»։ Իրանի բանակի խոսնակն էլ հայտարարել է՝ իրանցի պաշտոնյաների սպանությունների պատճառով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներն ու զինվորականներն այսուհետ անվտանգ չեն լինի աշխարհի բոլոր անկյուններում:
Հարվածները շարունակվում են
Պատերազմի 21-րդ օրը Իսրայելը հարվածել է Իրանի, ինչպես պնդել են, «ահաբեկչական ենթակառուցվածքներին» Թեհրան, Քարաջ, Քերման և Օսկու քաղաքներում, Հորմոզգան նահանգի Լենգե նավահանգստում, կան զոհեր: Իսրայելը հարվածել է նաև Լիբանանի հարավին: Կան զոհեր և վիրավորներ:
Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին, այդ թվում՝ Հայֆայի նավթավերամշակման գործարանին, որի աշխատանքը մասամբ դադարեցվել է: Տուժածների մասին չի հաղորդվում: Իրանը շարունակել է հարվածները էներգետիկ ենթակառուցվածքներին Պարսից ծոցի երկրներում, որոնցից հինգում Ուկրաինան անօդաչուների դեմ պայքարող ստորաբաժանումներ է տեղակայել: Իրաքում ՆԱՏՕ-ի առաքելությունը ժամանակավորապես դուրս է բերվել երկրից՝ անվտանգության նկատառումներով:
Պաշտոնական տվյալներով՝ Իրանում պատերազմի հետևանքով սպանվել 1444, վիրավորվել 18 հազար 550-ից ավելի մարդ: Սակայն իրավապաշտպանները նշում են, որ զոհերի թիվը հասել է 3 հազար 186-ի: Լիբանանում, պաշտոնական տվյալներով, զոհերի թիվն անցել է 1000-ը, վիրավոր է 2 հազար 584 մարդ։ Իսրայելում զոհվել է 18, վիրավորվել 3 հազար 730 մարդ: