«Մեր հարցումներն արձանագրել են տրամագծորեն հակառակ պատկեր». 2-րդ նախագահի գրասենյակը հակադարձում է Ալեն Սիմոնյանին


Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը մրցելու են առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար. ՔՊ կանխատեսումը

Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ իր տվյալներով երկրորդ նախագահի առաջնորդած ուժը հունիսին կայանալիք ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի:

«Քոչարյանն այլ բան ունի անհանգստանալու՝ հաջորդ պառլամենտական ընտրություններին ինքը հատելո՞ւ է շեմը Դաշնակցության հետ և հայտնվելու խորհրդարանում, թե՞ իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու։
Իմ տվյալներով՝ միանշանակ ինքն այդ խնդիրն ունի», - այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահը:

Թե որտեղից իրեն այդ տվյալները, խորհրդարանի խոսնակը չբացահայտեց: Բայց պնդեց, թե 2021-ին Քոչարյանին ձայն տվածների մեծ մասը հունիսին կայանալիք ընտություններում այլևս երկրորդ նախագահի օգտին չի քվեարկելու: Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ Քոչարյանի ընտրազանգվածի մեծ մասն իր ձայնը տալու է ընդդիմադիր այլ ուժի:

2021-ին Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը ստացել էր ավելի քան 260 հազար ձայն:

«Ես վստահ եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող է հատել անցողիկ շեմը, որոնցից երկուսը ակնհայտ կա՛մ չեն հատելու, կա՛մ դժվարությամբ են հատելու: Այսինքն՝ լինելու է մի հատ մեծ որևիցե ուժ, դա արդեն ընտրարշավը ցույց կտա: Կարծում եմ, որ կա՛մ նոր ստեղծված «Մեր ձևով» տարբերակն է, կա՛մ Ծառուկյանի տարբերակն է: Իրենք երկուսով են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար: Իրենք երկուսն էլ ձայն են տանելու և ձայն են տարել «Հայաստան» դաշինքի ընտրազանգվածից», - վստահ է իշխող ուժի ներկայացուցիչը:

Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքում են

Արձագանքելով Ալեն Սիմոնյանի այս պնդումներին՝ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց հարցումները բոլորովին հակառակ պատկերն են արձանագրել, սակայն չմանրամասնեց, թե ինչ պատկերի մասին է խոսքը:

«Մենք Հայաստանում արել ենք շատ մեծ ընտրանքով թարմ հարցումներ, որոնք արձանագրել են Ալեն Սիմոնյանի նշած պատկերի տրամագծորեն հակառակ արդյունքը: Իսկ գետնի վրա արդյունքը կտեսնենք հունիսի 7-ին: Գրեթե վստահ եմ, որ մոտ օրերս իշխանությունների կողմից ուղղորդված տարբեր հարցումներ կհայտնվեն, սակայն իրականությունը տրամագծորեն հակառակն է», - նշեց Միկոյանը:

Ի դեպ, Բագրատ Միկոյանը նաև տեղեկացրեց, որ մարտի կեսերին կհայտարարվի «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի մասին:

Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում ասել էր, թե վարչապետի հավանական թեկնածուն ինքն է, բայց վերջնական որոշումը կկայացնեն սոցհարցումներից հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետի հավանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, վերջնական որոշումը՝ սոցհարցումներից հետո
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն Տեր-Պետրոսյան

ՔՊ-ն ավելի շատ ձայն է ստանալու, վստահ է Ալեն Սիմոնյանը


Կասկածի տակ դնելով Քոչարյանի առաջնորդած ուժի խորհրդարան անցնելու հնարավորությունը՝ Ազգային ժողովի նախագահը փոխարենը պնդեց, թե վարչապետ Փաշինյանի իշխող ՔՊ-ն հունիսի 7-ին շատ ավելի մեծ թվով ձայներ է ստանալու, քան նախորդ ընտրություններում։ 2021-ին ՔՊ-ի օգտին քվեարկել էր ավելի քան 680 հազար ընտրող։

«Ես ձեզ հետ մարջ եմ գալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շատ ավելի շատ ձայն է ստանալու, քան 2021 թվականին։ Պատրա՞ստ եք», - ասաց Սիմոնյանը։

ՀՀԿ-ն իմփիչմենթի հարցն է բարձրացնում


Մինչ ՔՊ-ն ու Քոչարյանի թիմը հեռակա վիճում են, թե ով որքան ձայն կհավաքի հունիսի 7-ի ընտրություններում, 3-րդ նախագահի թիմը կրկին իմփիչմենթի մասին է հիշեցնում։ Ինչո՞ւ ընտրություններից 3 ամիս առաջ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետականը որոշեց ևս մեկ անգամ թարմացնել Նիկոլ Փաշինյանին իմթիչմենթի ենթարկելու հարցը։

«Դեմ լինել իմփիչմենթին նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին», - ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Վարչապետին խորհրդարանում անվստահություն հայտնելու ՀՀԿ-ի նախաձեռնած գործընթացը անցած տարի այդպես էլ որևէ արդյունք չտվեց։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների ձայները չեն բավարարում, որ նրանք Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնեն՝ անհրաժեշտ 36-ի փոխարեն ունեն 34 ձայն, իսկ որպեսզի նախագիծն ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի։ Այսինքն՝ մոտ երկու տասնյակ իշխանական պատգամավոր պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը, ինչն այդպես էլ տեղի չունեցավ։

Հետևաբար, ի՞նչն է ստիպում երրորդ նախագահին ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերին կրկին փողոց դուրս գալու առաջարկ անել,
արդյոք այս կերպ Հանրապետականը չի՞ թիրախավորում հենց ընդդիմադիրներինէ ընտրություններից առաջ քաղաքական ուժերին կանգնեցնելով հերթական ձախողված փորձի առաջ։

«Դուք համարո՞ւմ եք, որ իրողություններ չեն փոխվել։ Հայաստանում իրողություններ են փոխվում ամեն օր։ Եվ եթե Հայաստանում կա մի ընդդիմադիր, որը կկանգնի ու կասի, որ ինքը փողոցային պայքարին դեմ է, ես շատ զարմացած կլինեմ», - նշեց «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար, հանրապետական Մամիջյանը:

Նա կարծում է, որ իմփիչմենթն ու ընտրական պրոցեսները իրար չեն հակասում, այլ փոխլրացնում են։ Անկախ արդյունքներից, ՀՀԿ-ում կարծում են, որ փողոցային պայքարը կստիպի իշխող ՔՊ-ին ետ կանգնել ընտրակեղծիքներից. «Եթե իմփիչմենթի օրակարգով գեներացվի փողոցային հուժկու պայքար, նույնիսկ եթե այն չհասնի իր նպատակին, ապա այն հավելյալ լծակ է իրական ընդդիմության ձեռքում, որպեսզի զսպեն իշխանություններին կեղծիքներ, խախտումներ անելը, որոնք իրենք միանշանակ անելու են»։

Հանրապետականի վարչապետի թեկնածու Դավիթ Համաբարձումյանը երեկ էր դիմել կուսակցության գործադիր մարմնին՝ խնդրելով քննարկել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու և վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգի շուրջ ընդդիմադիրներին միավորելու հարցը։

Իր կուսակցի այս առաջարկին Հանրապետականը խոստանում է արձագանքել առաջիկայում գումարվելիք գործադիր մարմնի նիստից հետո։

Ալեն Սիմոնյանն արձագանքում է. «Հեսա ընտրություններ են, իմփիչմենթ, ի՞նչ փողոցային պայքար։ Հանրապետականները, ասենք, 400 հոգի մարդ չունեն՝ ընտրություններին մասնակցեն, իրենք ի՞նչ իմփիչմենթ անեն: Ես էլ չգիտեմ՝ իմաստը որն է, զարմանում եմ՝ այդ մարդիկ ոնց են տասնամյակ շարունակ երկիր ղեկավարել»:

Երրորդ նախագահի առաջնորդած ուժը դեռևս որոշում չունի՝ մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին, թե ոչ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պայքարել մի քանի մանդատի՞ համար, թե՞ նվազեցնել ներընդդիմադիր պայքարը և հաջողության հասնել». Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը խոստացել է այդ հարցի պատասխանը տալ այս ամսվա վերջին կամ ապրիլի սկզբին։