Մատչելիության հղումներ

«Պայքարել մի քանի մանդատի՞ համար, թե՞ նվազեցնել ներընդդիմադիր պայքարը և հաջողության հասնել». Սերժ Սարգսյան

Հանրապետական կուսակցությունը դեռևս որոշում չունի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցության վերաբերյալ, ի պատասխան «Ազատության» հարցին՝ ասաց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Առաջին հայացքից հեշտ բան է՝ մասնակցում ենք կամ չենք մասնակցում, բայց երբ էության մեջ ենք մտնում, այդտեղ երկվություն կա՝ պայքարել մի քանի մանդատների՞ համար, թե՞ ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ նվազագույնի հասցնելով մեր ընդդիմադիր պայքարը՝ դրանով իսկ փորձել հաջողություն ստեղծել այն ուժերի համար, որոնք հավակնում են հաղթել», - նշեց երրորդ նախագահը:

Սերժ Սարգսյանն ասաց նաև, որ իրեն այցելողներ եղել են խորհրդարանական ընտրությունների բանակցությունների համար, սակայն չբացահայտեց, թե ովքեր:

Հարցին, թե ինչով է պայմանավորում ներընդդիմադիր պայքարի լարումը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ տարակարծությունները, ՀՀԿ ղեկավարը պատասխանեց՝ համաձայն չէ նման գնահատականի հետ, ընդամենը, իր բնորոշմամբ, «ջրերը զուլալվում են»:

«Բոլոր նրանք, ովքեր պիտի փորձեն՝ քաղաքական ուժերը, մեր հաշվին աչոկ հավաքել՝ իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ակնհայտ է, որ իրենց ասվելու է ճշմարտությունը: Եվ եթե իրենք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ապա ճշմարտությունը կլսեն: Մենք որևէ կոմպլեքս չունենք։ Ինչ զրպարտություն լինի, պատասխանը ստանալու են ճշմարտության տեսքով», - ընդգծեց նա:

Ի՞նչ հանգամանքներ են ազդելու Հանրապետականի որոշման վրա, Սարգսյանի խոսքով՝ իրենք բոլոր ուսումնասիրություններով անցողիկ դիրքերում են, սակայն կան նաև այլ հանգամանքներ, որոնց ճշգրտումից հետո կորոշեն: Նրա խոսքով՝ հավանաբար մինչև ապրիլի վերջ ՀՀԿ-ն կունենա որոշում:

Հարցին, թե ի՞նչ են ցույց տալիս քաղաքական ուժի կանխատեսումները՝ Գյումրիի օրինակով հնարավոր է խորհրդարանում ընդդիմադիր ուժերը միավորվեն, նախկին նախագահն արձագանքեց. «Այսօր չեմ կարող դա ասել: Երբ կգա ժամանակը, երբ ես համոզված կլինեմ, անպայման կհայտարարեմ մինչև ընտրությունները:

Միավորվելու մասին չի խոսքը, խոսքը ներընդդիմադիր պայքարը մեղմելու մասին է»:

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները «վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից»։

2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ընդդիմադիր ուժերը, մինչդեռ, վստահ են՝ Փաշինյանին հաշված օրեր են մնացել, և հունիսի 7-ից հետո նրա իշխանությունը հեռանալու է:

XS
SM
MD
LG