Մատչելիության հղումներ

Ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն Տեր-Պետրոսյան

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանն է, հայտարարել է առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը:

Գնահատելով ընդդիմության դաշտի իրավիճակը՝ Կոնգրեսի առաջնորդն ասել է, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել:

«Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը», - շեշտել է առաջին նախագահը:

ՀԱԿ-ը ևս հայտարարել է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցության մասին: Կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է:

Հայ ազգային կոնգրեսից ավելի վաղ էլ հայտարարել էին՝ ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի շուրջ: Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ հենց նրանք են ընդդիմադիր դաշտի առաջատարը:

Միլիարդատեր գործարար Կարապետյանը «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն է: Կուսակցության նախընտրական ցուցակը, սակայն, կգլխավորի նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, որը լինելու է անցումային ժամանակահատվածի համակարգողը, երաշխավորը, որպեսզի ԱԺ-ն իրականացնի սահմանադրական փոփոխությունը:

Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ վարչապետի և ոչ էլ պատգամավորի թեկնածու, քանի որ գործարարը Հայաստանից բացի, նաև Ռուսաստանի ու Կիպրոսի քաղաքացի է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում «բոլոր նախկին իշխանությունները և օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից», նրա կուսակիցները սկսեցին թիրախավորել Սամվել Կարապետյանին՝ նրան ներկայացնելով որպես «ռուսաստանցի օլիգարխ» և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ վերջինիս էլ որակելով «տեղական օլիգարխ»: Ծառուկյանն ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությամբ:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը թեև հայտարարել է մասնակցության մասին, սակայն դեռ չի բացահայտել, թե ով է վարչապետի թեկնածուն լինելու: Երրորդ նախագահի Հանրապետականը դեռ մասնակցելու վերաբերյալ որոշում չունի:

XS
SM
MD
LG