Մատչելիության հղումներ

Երկու բանտարկյալ վարչապետի թեկնածու. ի՞նչ խմորումներ են ընդդիմադիր դաշտում

Հնարավո՞ր է ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցի Սամվել Կարապետյանի ցուցակով

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ՝ ընտրություններին ընդառաջ պառակտված ընդդիմությանը միավորել կարող է միայն միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը: Այս համոզմանը Տեր-Պետրոսյանը հանգել է ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցություններից հետո, որոնք, ըստ նրա, այդպես էլ ոչ մի համաձայնության չեն հանգեցրել:

«Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է: Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն՝ Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը», - ասել է Տեր-Պետրոսյանը։

Թե ինչպես պետք է տնային կալանքում գտնվող Կարապետյանը միավորի ընդդիմությանը, արդյոք առաջին նախագահը կարծում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է մեկ միասնական բլոկով մասնակցեն ընտրություններին՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, Տեր-Պետրոսյանը չի մանրամասնել:

Ի դեպ, առաջին նախագահի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսն արդեն իսկ հայտարարել է, որ մասնակցելու է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ վարչապետի թեկնածուն էլ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:

Արդյոք հնարավո՞ր է, որ առաջին նախագահի կուսակիցները ընտրություններին մասնակցեն Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» ցուցակով, և Տեր-Պետրոսյանի հայտարարությունն էլ հենց այդ համատեքստո՞ւմ է: ՀԱԿ-ից չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, իսկ «Ուժեղ Հայաստանի» քաղխորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում հրաժարվեց այս հարցին պատասխանել:

«Ես այս պահին չեմ ուզենա արձագանքել կամ որևէ բան ասել», - ասաց նա:

Հարցին, թե գտե՞լ են ընդդիմությանը համախմբելու ձևը, նա պատասխանեց. «Ոչ միայն ընդդիմությանը, առհասարակ Սամվել Կարապետյանը միշտ համախմբող է եղել իր կողքը: Ավելի քան համոզված եմ, որ մեր ամբողջ ազգը կհամախմբվի Սամվել Կարապետյանի շուրջ, և հետագայում ունենալու ենք ուժեղ Հայաստան առանց սևերի և սպիտակների»

«Աջակցելու ենք հիմնական ընդդիմադիր ուժերին». Արթուր Վանեցյան

Չնայած ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախապես հայտարարել էր, որ իր առաջնորդած «Հայրենիք» կուսակցությունը միայնակ մասնակցելու է ընտրություններին, սակայն երեկ հայտնի դարձավ, որ քաղաքական ուժը մտափոխվել է: 2021-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմած Արթուր Վանեցյանը նախընտրական դաշինքներն այլևս իրատեսական չի համարում՝ նշելով, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի մոտեցումներից:

Ընտրություններին առանձին մասնակցելն էլ կուսակցությունը ճիշտ չի համարում, քանի որ ընդդիմադիր բազմաթիվ ուժերի մասնակցությունը կարող է առաջացնել ընտրողների քվեների մասնատում:

«Մի կողմից նպատակ ունենալով հնարավորինս նպաստել ընդդիմադիր ձայների համախմբմանը և մյուս կողմից չգնալ գաղափարական հիմք չունեցող, արհեստական դաշինքների ձևավորման ճանապարհով՝ կուսակցությունը որոշեց չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին», - ասված է «Հայրենիք»-ի հայտարարության մեջ:

Արդյոք դուրս մնալով ընտրապայքարից՝ ԱԱԾ նախկին տնօրենը կաջակցի՞ որևէ կոնկրետ ընդդիմադիր ուժի: Արթուր Վանեցյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ, իհարկե, աջակցելու են հիմնական ընդդիմադիր ուժերին՝ առանց անուններ տալու: ԱԱԾ նախկին տնօրենը պնդեց, թե իր համար ինքնանպատակ չէ լինել Ազգային ժողովի պատգամավոր կամ ունենալ խմբակցություն, իր նպատակն ամբողջական իշխանափոխությունն է: Եվ այս փուլում ճիշտ ճանապարհը, իր համոզմամբ, մեկ միասնական ճակատով հանդես գալն ու ընդդիմադիր ձայները չմասնատելն է:

Այն, որ ընդդիմադիրների համար առաջիկայում կարևոր է դառնում ոչ թե մի քանի մանդատի համար կռիվը, այլ Փաշինյանի ուժին պարտության մատնելու արդյունավետ ճանապարհի ընտրությունը, այս շաբաթ այդ մասին խոսեց նաև Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը:

Թեև ընտրություններին ընդամենը 3 ամիս է մնացել, սակայն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետականը դեռ չի որոշել՝ մասնակցել ընտրություններին, թե ոչ: Պատասխանելով «Ազատության» հարցին՝ Սերժ Սարգսյանն օրերս ակնարկել էր, թե կարևորը այս փուլում ոչ թե մի քանի մանդատի համար պայքարն է, այլ մեծացնել հաղթելու շանս ունեցող ուժերի կարողությունը:

«Դոգ»-ը՝ վարչապետի թեկնածու

ԱՄՆ-ի Հենդերսոնի բանտից կուսակցության այսօրվա համագումարի մասնակիցներին ձայնային ուղերձ էր հղել «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանը՝ զգուշացնելով՝ ընտրություններին գնում են իր առաջնորդությամբ՝ անկախ այն հանգամանքից, թե ովքեր կընդգրկվեն դաշինքում. «Այսօր ժողովուրդը տեսնում է մենակ մի հատ ռեալ ուժ՝ ամենայն հայոց Վարդան Ղուկասյանը»։

Այս հայտարարությունից հետո ԴՕԿ կուսակցության համագումարում որոշվեց՝ հենց Վարդան Ղուկասյանն էլ կլինի իրենց վարչապետի թեկնածուն:

Իսկ ինչպե՞ս կարող է Ղուկասյանը լինել վարչապետի թեկնածու, եթե նա ավելի քան մեկ տարի է՝ ամերիկյան բանտում է ու վերջին 4 տարում մշտապես չի ապրել Հայաստանում: ԴՕԿ կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Լևոն Բաղդասարյանն ասաց, թե առաջիկա քննարկումներին կտան այդ հարցի պատասխանը:

«Դա արդեն դաշինքի ներսում քննարկվող թեմա է, վերջին խոսքը պատկանելու է պարոն Ղուկասյանին», - ասաց նա:

Առաջիկա ընտրություններին ընդառաջ քաջալերելով իր կուսակիցներին՝ Հայաստանում մի քանի ծանր հոդվածներով մեղադրվող Ղուկասյանը նաև պատմեց բանտի դժվար պայմանների մասին՝ ասելով, թե ինքը Հենդերսոնի ամենաերկարաժամկետ բանտարկված կալանավորն է: Ամերիկյան այդ բանտը «Դոգ»-ը համեմատում էր համակենտրոնացման ճամբարի հետ՝ պնդելով, որ այնտեղ մարդիկ խելագարվում են:

«Այն, ինչի միջով ես անցել եմ և անցնում եմ, շունը չէր դիմանա: Այստեղ երկար չեմ մնալու: Սկսված է շատ ուժեղ պրոցես Վարդան Ղուկասյանին հնարավորինս արագ այս բանտից և այս երկրից դուրս բերելու համար», - ասաց նա:

ԱՄՆ-ի բանտից՝ Ռուսաստան

Ի դեպ, Վարդան Ղուկասյանը ցանկություն է հայտնել ԱՄՆ բանտից տեղափոխվել Ռուսաստան: ԱՄՆ նախագահին ուղղված հայտարարության մեջ փաստաբանը հորդորում էր Դոնալդ Թրամփին ապահովել «Դոգ»-ի անվտանգ տեղափոխումը Ռուսաստան. «Երեք երկրներ տվել են իրենց կամարտահայտությունը «ֆուլ փաթեթով»՝ անվտանգություն ապահովելու համար, և պարոն Ղուկասյանը ընտրել է Ռուսաստանի Դաշնությունը»:

Ամերիկյան դատարան դեռ անցած տարի որոշում էր կայացրել, որ Վարդան Ղուկասյանը խախտել է այդ երկրի միգրացիոն կարգը, հետևաբար նա պետք է լքի երկիրը: Չնայած դատարանի այս որոշմանը՝ Ղուկասյանը շարունակում է մնալ Ամերիկայի Հենդերսոնի բանտում:

XS
SM
MD
LG