«Թոշակառուների թոշակը ամսեկան 10 հազար 400 դրամով ավելացնեք, ի՞նչ ա անելու թոշակառուն, էդ գումարը ի՞նչ ա անելու, ինչի՞ վրա ա ծախսելու», - շուրջ երկու ամիս առաջ հայտարարում էր Հայաստանի վարչապետը:
«Ապրիլի 1-ից թոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան», - այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես էդ փողը արդյունավետ օգտագործի», - ասում էր Փաշինյանը երկու ամիս առաջ:
«Համեմատաբար ցածր թոշկաները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ», - ասաց վարչապետը այսօր:
Ինչո՞ւ ընտրություններից երեք ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխեց դիրքորոշումը և որոշեց, որ այնուամենայնիվ պետք է բարձրացնել թոշակառուների կենսաթոշակը: Ընդամենը երկու ամիս առաջ խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը հիմնավորում էր, թե ինչու դա չպետք է անել:
Պնդելով, որ իրենց հետազոտություններով՝ թոշակառուները ամենաշատը ծախսում են առողջապահության վրա, իսկ Կառավարությունն էլ արդեն իսկ ներդրել է առողջապահության ապահովագրությունը, վարչապետն արձանագրել էր, որ թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու կարիք չկա. - «Մենք էդ 10 հազար դրամը դնում ենք առողջապահությամն ապահովագրության մեջ»:
Եթե ուղիղ երկու ամիս առաջ Փաշինյանը պատմում էր, որ թոշակառուները Հայաստանում մեծ թիվ են կազմում, ավելին՝ 2018-ի համեմատ թշակառուները ավելացել են 100 հազարով, որ բյուջեից ահռելի ծախսեր են արվում, առողջապահական համակարգից բացի նաև անկախիկ առևտրից 2 տոկոս հետվճար են տալիս, և այլն, այսօր արդեն նա պնդում էր՝ թոշակները բարձրացնում են, քանի որ անցած տարի տնտեսական մեծ աճ են արձանագրել: Ինչո՞ւ երկու ամիս առաջ տնտեսական զգալի աճի մասին Փաշինյանը չէր հիշում:
«Ուզում եմ պարզաբանել, թե ինչու է որոշումը կայացում հիմա, և ինչի հետ է կապված հենց հիմա որոշումը կայացնելը: Առաջինը՝ դուք գիտեք, որ Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականին եղել է կանխատեսվածից ավելի բարձր», - այսօր ասաց վարչապետը:
Վերընտրության ձգտող Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն հիշել, որ թոշակները բարձրացնելը իր Կառավարության խոստումներից մեկն էր:
«Որովհետև շատ ա գնում՝ «դուք էս եք խոստացել, էս եք խոստացել,էս եք խոստացել, չեք արել, էն չեք արել», - ասում էր Փաշինյանը ամիսներ առաջ:
«Ես կարծում եմ, որ այսպիսով շատ կարևոր է արձանագրել, որ մենք կկատարենք և կիրագործենք նվազագույն թոշակը պարենային նվազագույն զամբյուղին համապատասխանեցնելու և միջին թոշակը սպառողական զամբյուղին համապատասխանեցնելու մեր հանձնառությունը, որը պիտի կատարեինք մինչև 2026 թվականի հունիսը: Եվ այսպիսով՝ մենք մեր հանձնառությունը կատարում ենք», - այսօր հայտարարեց վարչապետը:
Այն, որ Փաշինյանը իր այլ խոստումների հետ միասին չի կատարել նաև թոշակները բարձրացնելու խոստումը, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի առանցքային անդամներից Նարեկ Կարապետյանը բարձրաձայնել էր նաև երեկ՝ «Ազատության» հետ զրույցում:
«Ի՞նչ է խոսք տվել, որ արել է այս իշխանությունը: Մեր ժողովրդից քվե է պահանջել, հույս է վաճառել, մեր ժողովուրդը այդ հույսը ստացել է: Երբ մենք նայում ենք, թե ինչ խոստումներ է տվել, թոշակների հետ կապված՝ նա խոսք էր տվել մինչև, իմ հիշելով, 60 հազար բարձրացնել միջին թոշակը, 61, այսօր միջին թոշակը 49 հազար դրամ է, խոսք էր տվել աղքատությունը կրճատել երկու անգամ, աղքատությունը չիկարողացել կրճատի 3 տոկոսով: խոսք էր տվել, գրել էր», - ասել էր Կարապետյանը:
Այսօր արդեն «Ուժեղ Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամը, արձագանքելով թոշակները բարձրացնելու վարչապետի հայտարարությանը, պնդել է՝ այդ իրենք են ստիպել Փաշինյանին «խուճապահար բարձրացնել թոշակները»:
«8 տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատիդ չտաս , հայտնվի մի ուժ, ումից վտանգ տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները:
Այսինքն, կար հնարավորություն բարձրացնելու և թոշակառուն արդեն գիտի` ինչ անի այդ գումարի հետ: Եթե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները, պատկերացնո՞մ եք, ինչ կանի նա, եթե լինի վարչապետ», - գրել է Նարեկ Կարապետյանը:
Իշխանությունն ի պատասխան շտապել է հիշեցնել , թե որքան էր թոշակը նախկինների օրոք:
«Հիմա եկեք մի պահ նայենք՝ ինչ վիճակ էր 2018 թվականին, երբ որ իշխանություն էին Սերժ Սարգսյանն ու ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբայրը: Նվազագույն կենսաթոշակի գումարը գիտե՞ք ինչքան էր կազմում՝ 16 հազար դրամ: Այսինքն՝ մենք ութ տարվա մեջ նվազագույն կենսաթոշակը ավելացրել ենք 30 հազար դրամով», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանի կուսակից, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանը պնդել է՝ իրենց հաջողվել է բարձրացնել թոշակները, քանի որ ի տարբերություն նախկինների՝ վերացրել են բիզնեսներին ճնշելու և կաշառակերության արատավոր պրակտիկան:
«Բայց հանկարծ չխառնեք՝ ազգադավը մենք ենք, ազգայինը և ազգանվերը իրանք են, բարերարը իրանք են, մենք ազգադավն ենք: Ասեմ ավելին՝ ընդդիմությանը, ես հիմա չգիտեմ իրանք ինչ պետք ա ասեն, երևի պետք ա ասեն, որ թուրք-ադրբեջանական հրահանգով ենք բարձրացրել թոշակները», - նշել է ԱԺ փոխնախագահը:
Որքա՞ն կկազմի շուրջ 600 հազար թոշակառուների կենսաթոշակները բարձրացնելու գումարը, և որտեղի՞ց է Կառավարությունը գտնելու այդ փողը, որը 2026 թվականի հաստատված բյուջեում ներառված չէ: Կառավարությունն առայժմ չի պարզաբանել: