Կալանավորված Քոչարյանին պարզ չէ՝ որն է իր մեղքը. հիվանդանոցից՝ «ԿԳԲ բանտ»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրարշավի ժամանակ, մայիս, 2026թ.

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի որոշմամբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց երկու ամսով:

Առողջական խնդիրների պատճառով նա այս գիշեր Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել էր հիվանդանոց: Կալանքի հարցի քննությունը շարունակվել էր առանց նրա: Օրվա երկրորդ կեսին, սակայն, արդեն չորրորդ անգամ կալանավորված Ռոբերտ Քոչարյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ հանրությանն ավելի շատ հայտնի որպեսզի ԿԳԲ-ի բանտ:

Արդյո՞ք Քոչարյանի առողջական վիճակը կայունացել է և դրա համար են նրան դուրս գրել բժշկական կենտրոնից:

Փաստաբան Արամ Օրբելյանն «Ազատությանն» ասաց, թե հաշվի առնելով մասնագետների հետ նախնական քննարկումները՝ Քոչարյանն «առնվազն մի քանի օր պետք է շարունակական վերահսկողության տակ լիներ»:

Ըստ փաստաբանի՝ «խոսքն ինչ-որ մի սուր հիվանդության մասին չէ, որն արդեն անցել է»: Երկու շաբաթ առաջ 72-ամյա Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել, և դրանից հետո մեկ ամիսը համարվում է ռիսկային շրջան:

Իսկ ինչպե՞ս է պաշտոնաթող նախագահն արձագանքել իրեն չորրորդ անգամ կալանավորելու որոշմանը: «Անակնկալ չէր՝ չակերտավոր ասած», ցավում էր դատաիրավական համակարգի խնդրահարույց վիճակի հետ կապված», - ասաց Օրբելյանը:

Քոչարյանը չի հասկանում՝ իրեն ինչում են մեղադրում

Եթե նախորդ երեք անգամները Քոչարյանը կալանավորվել էր 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների գործով՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածով, ապա այժմ նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով:

Կալանավորված երկրորդ նախագահը, սակայն, ըստ փաստաբանի, չի հասկանում, թե իր ո՞ր գործողությունների համար են իրեն մեղադրում:

Օրբելյանի պնդմամբ՝ մեղադրանքում որևէ կերպ նկարագրված չէ, թե կոնկրետ ի՞նչ է արել Ռոբերտ Քոչարյանը, իր ո՞ր քայլով է չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որի արդյունքում էլ խախտում է արձանագրվել: Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքում պարզապես նկարագրված են այլ անձանց գործողություններ, բայց վերջում խմբային պատասխատվությունը դրվել է Քոչարյանի վրա: «Ազատություն»-ը մեղադրող կողմի հիմնավորումներին անձամբ ծանոթանալու հնարավորություն չի ունեցել:

Իրավապահները պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության ընթացքում իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Այս գործի շրջանակում հիշատակվում են Play City-ին , Orange Fitness-ը, «Պիացցա Գրանդե»-ն , Toyota -ն և այլ ընկերություններ։ Դրանք իրավապահները կապարակնքել են ու փակել։

«Կալանքը կիրառվել է որպես պատիժ»

Քոչարյանները 2018-ից անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործով: Հակակոռուպցիոն դատարանում այս գործը քննվում է դեռ 2023 թվականից, վերջնական որոշում, սակայն, չկա:

Այսինքն, ըստ փաստաբանի, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու իմաստ չկար: Եթե խոսվում է 18 թվականից քննվող գործի մասին, ապա ինչպե՞ս կարող էր ութ տարից անց Ռոբերտ Քոչարյանը խոչընդոտել այդ գործի քննությանը, ինչ հիմնավորմամբ էլ նրան կալանավորել են:

«Կալանքը կիրառվել է որպես պատիժ: Սա շատ կարևոր է, որ կալանքը որպես պատիժ չի կարելի կիրառել», - ընդգծեց Օրբելյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, այսօր կրկին թվարկում էր Քոչարյանների հետ փոխակապակցված ընկերությունների անունները, միաժամանակ հարց տալով իրավապահ համակարգին՝ ի՞նչ են արել նրանք՝ իմանալով այդ գույքերի գոյության մասին, ինչո՞ւ քրեական գործեր չեն քննել. - «Տոյոտա Երևան» ընկերությունում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը 30 տոկոս բաժնեմաս ունի, հողի հետ կապված խնդիր ունի: Օրինակ՝ իմացե՞լ են, որ «Օրանժ»-ը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքինն է, օրինակ՝ իմացե՞լ են, որ Պարոնյան 8 հասցեի շենքը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքինն է»:

Փաշինյանը ուներ իր իսկ տված հարցի պատասխանը. - «Որովհետև քոչարյանասերժական մաֆիան իրա շոշափուկները ունեցել է և դեռևս ունի Հայաստանի դատաիրավական համակարգում»:

«Ուտեչկա տվողներին գտնելու ենք»

Որ նախկինները իրենց յուրայինները ունեն իրավական համակարգում, ըստ Փաշինյանի, ցույց է տալիս այն, որ Քոչարյանները նախապաես տեղյակ են եղել ԱԱԾ-ի ժամանման մասին՝ նրանց դիմավորելով «Բարի գալուստ ԱԱԾ և Քննչական կոմիտե» գրությամբ հատուկ պաստառով:

Ռոբերտ Քոչարյանի առանձնատանից այդ օրը ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանն էր տեսանյութ հրապարակել, գրելով. - «Երբ գիտես, որ վաղ թե ուշ գալու են. նախագահ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային և քննիչներին»։

Այդ տեսանյութն ակնհայտորեն դուր չէր եկել վարչապետին, և նա
հանձնարարել է իրավապահներին՝ գտնել ինֆորմացիայի արտահոսք կատարած ծառայողներին, հակառակ պարագայում, ինչպես Փաշինյանը սպառնաց, «զանգվածային ազատումներ են լինելու»:

«Ո՞վ է գիշերվա կեսին զանգում, Ռոբերտ Քոչարյանին ասում, որ «գիտե՞ս ինչ, գալու են ձեր տուն խուզարկության»: Գտնելու ենք էդ ուտեչկա տվողներին, և ես չեմ նախանձում, թե նրանց հետ ինչ է տեղի ունենալու: Եթե էդ անուններն ու ապացույցները չեղավ, ես ուղիղ ասում եմ՝ իրավապահ համակարգի՝ իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում զանգվածային ազատումներ են լինելու, այ, որ չասեք, զանգվածային, մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ՝ հրաման եմ տալու, ազատելու եմ: Սպառնում եմ, ահավոր, սաստիկ ձևի սպառնում եմ», - այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետը:

Շնորհակալություն հայտնելով դատաիրավական համակարգին վերջին գործողությունների համար, Փաշինյանը կրկնեց իր նախորդ զգուշացումներից մեկը՝ նախկիններն առաջիկայում ապրելու են իրենց թոշակով, քանի որ ապօրինի ձեռք բերված գույքը վերադարձնելու են ժողովրդին. - «Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա՝ պիտի հեռախոսը բացեն, տենան՝ թոշակը նստել է՞, թե՞ չէ»:

«Նոր զիջումներից առաջ՝ նոր ռեպրեսիաներ»

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր խորհրդարանում անդրադառնալով իրենց առաջնորդի կալանավորմանը, պնդում էին՝ այստեղ անձամբ Ռոբերտ Քոչարյանի խնդիրը չէ, դատվում են և դատվելու են բոլոր նրանք, ովքեր դեմ են արտահայտվում Նիկոլ Փաշինյանին:

«Ինչո՞ւ է մեկուսացնում բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդներին. Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ է, հիմա էլ՝ նախագահ Քոչարյանը», - հայտարարեց խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

«Մեզ բոլորիս տանում են նոր զիջումների, նոր էական, կենսական նշանակություն ունեցող զիջումների, և էդ ֆոնին պետք է վախի մթնոլորտ տարածել, մեկուսացնել հիմնական քաղաքական ընդդիմադիրներին», - պնդեց Գրիգորյանը:

Ի դեպ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ընդամենը երկու ամիս առաջ՝ այս հունիսին էր պատասխանել հարցին, թե ի՞նչ է անելու, եթե կրկին, այսինքն՝ չորրորդ անգամ կալանավորվի:

«Գրքիս շարունակությունը կգրեմ, ժամանակ չեմ գտնում, որպեսզի գրքի երկրորդ հատորը գրեմ», - հայտարարել էր նախկին նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կալանավորված Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից տեղափոխվեց ՔՀԿՔոչարյանը, Ծառուկյանը, Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պիտի հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ. վարչապետՔոչարյանը Հակակոռուպցիոն դատարանում է, կալանքի հարցը կքննի դատավոր Սարգիս Դադոյանը Ընդդիմության պնդմամբ՝ գործում է «Փաշինյանի բռնակալությունը», իշխանությունը մատնանշում է «Քոչարյանների միլիոնները»Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքըԼևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է. փաստաբան10 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սեդրակ Քոչարյանի ու ևս 3 հոգու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը«Ասել եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ». վարչապետը կրկին սպառնաց ընդդիմախոսներինՌոբերտ Քոչարյանին և որդուն՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել