Այսօր վաղ առավոտյան ձերբակալված Հայաստանի երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին և նրա որդին՝ գործարար Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, «Ազատությանը» հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Կոմիտեի խոսնակը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: Սեդրակ Քոչարյանին էլ մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու համար:
Նույն քրեական վարույթի շրջանակում բացի Ռոբերտ Քոչարյանից և որդուց, ձերբակալվել է ևս չորս անձ, որոնք Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրեններն են։
Այս վարույթի շրջանակում ընդհանուր կա 14 մեղադրյալ, երկրորդ նախագահից բացի գործով մեղադրյալ է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևն «Ազատությանը» հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց: Սեդրակ Քոչարյանին տանում են դատարան՝ կալանքի հարցը քննարկելու:
Հակակոռուպցիոն կոմիտեն առայժմ նաև չի հայտնել, մյուս ձերբակալվածների նկատմամբ կալանավորման միջնորդություն կներկայացվի՞, թե՞ ոչ։
Ըստ նախաքննության՝ Ռոբերտ Քոչարյանը, «պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր մտերիմների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր»։
Հակակոռուպցիոն կոմիտեն գույքի ծավալուն ցանկ է հրապարակել, որոնք, ըստ քննիչների, խախտումներ են օտարվել ու գնվել: Մասնավորապես, հաղորդագրությունում նշվում են «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոնը, «Ֆաստ քարթ» ընկերությունը, «Կասկադ» համալիրի ձախ հատվածում գտնվող 2 հա հողամասը, Պարոնյան 8 հասցեի շենքը, Գեղարքունիքի մարզում գտնվող «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրը, «Արթ Բիլդ» ընկերությունը, «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող 29 հազար քմ հողատարածքն ու դրա վրա գտնվող 1700 քմ շինությունը, «Օրանժ Ֆիտնես» ակումբը, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոնը, «Տոյոտա Երևան» ընկերությունը և այլն:
Ուսումնասիրվում են նաև նախկին նախագահի որդու անվամբ կատարված շուրջ 144 մլրդ դրամի, 309 մլն դոլարի, 77 մլն եվրոյի և 18 մլն ռուբլու փոխանցումները, ինչպես նաև Հայաստանում և արտերկրում գտնվող տասնյակ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։ «Գույքերի հնարավոր օտարումը կանխելու նպատակով դրանց նկատմամբ արգելանքներ կիրառելու գործընթաց է իրականացվում», - հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում Քոչարյանների տներում և նրանց հետ փոխկապակցված ընկերություններում: Ռոբերտ Քոչարյանին ու ավագ որդուն վաղ առավոտյան էին տեղափոխել էին Հակակոռուպցիոն կոմիտե:
Իրավապահները առավոտից քննչական գործողություն են իրականացնում նաև երկրորդ նախագահի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի տանը: Վերջինս պատգամավորական անձեռմխելիություն ունի, օրենքով նրան ձերբակալելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի թույլտվությունը, որի միջնորդությունը գլխավոր դատախազն է ներկայացնում: Խորհրդարանի լրատվության վարչությունից «Ազատությանը» հայտնել են, որ կեսօրի դրությամբ նման միջնորդություն դատախազություն դեռ չեն ստացել:
Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հաստատել էին, որ քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: Քննչական կոմիտեի խոսնակն իր հերթին հայտնել էր, որ քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, այդ ընկերությունների տնօրենների բնակարաններում:
«Ազատությանը» հայտնի է դարձել, որ վարույթի շրջանակում իրավապահները մտել նաև են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակ, որի 30 տոկոսը պատկանում է Սեդրակ Քոչարյանին, նաև Լևոն Քոչարյանի կնոջ՝ երգչուհի Սիրուշոյի Pregomesh ընկերություն:
Այսօրվա ձերբակալություններին ու խուզարկություններին նախորդել էր երեկ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի սուր բանավեճը խորհրդարանում, որտեղ քննարկվում է կառավարության 5-ամյա ծրագիրը: Կրտսեր Քոչարյանը, մասնավորապես, ասել էր. «Ժողովուրդը մեզ ասում է՝ «Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած էդ պիղծ դավաճանը ինչո՞ւ է դեռ մինչև հիմա մնում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքելով Լևոն Քոչարյանին, հարցրել էր, թե ինչի՞ հաշվին են Քոչարյանները միլիոնատեր դարձել ու խոստացել, որ ամեն ինչ «հատիկ-հատիկ վերադարձվելու է Հայաստանին»:
2023 թվականից Ռոբերտ Քոչարյանը, կինը, երկու որդիները, նրանց կանայք, դուստրն ու նրա ամուսինը անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործով: Ըստ «Դատալեքսի»՝ այս գործով վերջին նիստը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարին, կայացված որոշումներ չկան:
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ձերբակալություններն ու խուզարկությունները կապում է նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցածի հետ: Իշխանականները հերքում են քաղաքական հետապնդումը՝ պնդելով, թե Քոչարյաններն ապօրինի են հարստացել և պետք է պատասխան տան դրա համար:
Փաստացի խորհրդարանական ընտրություններում վարչապետ Փաշինյանի երեք հիմնական ընդդիմախոսներն այս պահին անազատության մեջ են. «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանը բանտում է՝ փողերի լվացման և խարդախության մեղադրանքով, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է՝ իշխանության յուրացման կոչի ու տնտեսական բնույթի հանցագործությունների հոդվածներով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ, որն արդեն մեղադրյալ էր 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների գործով, այսօր ձերբակալվել է այլ մեղադրանքով: