Մատչելիության հղումներ

Սեդրակ Քոչարյանի ու ևս 3 հոգու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց երկու ամսով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Սահմանափակված է նաև նրա տեսակցությունների իրավունքը՝ բացառությամբ կնոջ և երեխաների: Գործ ունենք արտաիրավական հետապնդման հետ, նախ վաղեմության ժամկետները սպառված էին որոշ դեպքերում, որոշ դեպքերում մտացածին էին», - ասաց փաստաբանը:

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ երկրորդ նախագահին մեղսագրվող գործի շրջանակում նախօրեին ձերբակալված 6 անձանցից 4-ի, այդ թվում՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մեղադրյալներից ևս մեկի նկատմամբ էլ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Կոմիտեն, սակայն, 4 անձանց անունները չի հստակեցնում:

Ռոբերտ Քոչարյանի մասով որոշում դեռ չկա: Նա երեկվանից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում է, «Ազատությանը» հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը:

Երկրորդ նախագահին մեղսագրվող գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:

Երեկ վաղ առավոտյան ԱԱԾ դիմակավորված անձինք մտել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա երկու որդիների՝ Սեդրակ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարաններ։

Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանն անմիջապես ձերբակալվել են, բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրանց մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման և կաշառք ստանալու հոդվածներով։ Երկրորդ նախագահը հիվանդանոց էր տեղափոխվել հենց Հակակոռուպցիոնից:

Նախօրեին ընդհանուր առմամբ ձերբակալված վեց անձանցից 10-ի նկատմամբ է մեղադրանք առաջադրվել։

XS
SM
MD
LG