Մատչելիության հղումներ

10 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Գլխավոր դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։

Դատախազության փոխանցմամբ՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի որդի, գործարար Սեդրակ Քոչարյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, ինչպես նաև «Այգեձոր» ՍՊԸ-ի ղեկավար Արամայիս Որսկանյանի նկատմամբ:

Սերժ Սարգսյանը ևս Հակակոռուպցիոն կոմիտեում է: Այլ մանրամասներ այս պահին հայտնի չէ:

Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են այսօր առավոտյան:

Հակակոռուպցիոն Կոմիտեի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը, «պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր մտերիմների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր»։

Հակակոռուպցիոն կոմիտեն գույքի ծավալուն ցանկ է հրապարակել, որոնք, ըստ քննիչների, խախտումներ են օտարվել ու գնվել: Մասնավորապես, հաղորդագրությունում նշվում են «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոնը, «Ֆաստ քարթ» ընկերությունը, «Կասկադ» համալիրի ձախ հատվածում գտնվող 2 հա հողամասը, Պարոնյան 8 հասցեի շենքը, Գեղարքունիքի մարզում գտնվող «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրը, «Արթ Բիլդ» ընկերությունը, «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող 29 հազար քմ հողատարածքն ու դրա վրա գտնվող 1700 քմ շինությունը, «Օրանժ Ֆիտնես» ակումբը, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոնը, «Տոյոտա Երևան» ընկերությունը և այլն:

Ուսումնասիրվում են նաև նախկին նախագահի որդու անվամբ կատարված շուրջ 144 մլրդ դրամի, 309 մլն դոլարի, 77 մլն եվրոյի և 18 մլն ռուբլու փոխանցումները, ինչպես նաև Հայաստանում և արտերկրում գտնվող տասնյակ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։ «Գույքերի հնարավոր օտարումը կանխելու նպատակով դրանց նկատմամբ արգելանքներ կիրառելու գործընթաց է իրականացվում», - հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։


XS
SM
MD
LG