Մատչելիության հղումներ

Ընդդիմության պնդմամբ՝ գործում է «Փաշինյանի բռնակալությունը», իշխանությունը մատնանշում է «Քոչարյանների միլիոնները»

Արխիվ
Արխիվ

Խորհրդարանում այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավորներն անդրադարձել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշմանը, այն որակելով ոչ թե արդարադատություն, այլ «Փաշինյանի բռնակալության» դրսևորում :

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի պնդմամբ՝ Փաշինյանի հրահանգով դատվում են բոլոր նրանք, ովքեր դեմ են արտահայտվում իր քաղաքական կուրսին:

«2 օր է արդեն մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ալիևի պարտադրած բռնակալությունը հաղթարշավում Հայաստանում: Նիկոլ Փաշինյանի այստեղից հնչած ուղիղ հրամանով իրավապահ համակարգն անցել է գործի: Չկա էլ իրավապահ մարմինների, դատարանների անկախությունը: Գործում է բացառապես Նիկոլ Փաշինյանի բռնակալությունը: Այստեղ անձամբ Ռոբերտ Քոչարյանի խնդիրը չէ, դատվում են և դատվելու են Նիկոլ Փաշինյանի օրոք բոլոր նրանք, ովքեր դեմ են վարվող կուրսին: Հայաստանում բոլոր նրանք, ովքեր ասում են Արցախ, ովքեր խոսում են վերադարձի իրավունքի մասին՝ դատապարտվում են»,- ասաց ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը:

«Հայաստան» դաշինքից Սևակ Խաչատրյանն էլ «քաղաքական բեսպրեդել» որակեց Քոչարյանների շուրջ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները:

«Նույնիսկ ոզնուն է հայտնի, որ սա քաղաքական հետապդում է»,- պնդեց ընդդիմադիր գործիչը՝ շեշտելով, որ այս գործը հարուցած էր դեռ 8 տարի առաջ:

«Հայաստան» դաշինքից Քրիստինե Վարդանյանն էլ իր հերթին նշեց, թե Հայաստանի երկրորդ նախագահը 4-րդ անգամ կրկին չէր կալանավորվի, նրա ընտանիքի անդամները խնդիրներ չէին ունենա, եթե անցած 8 տարիներին «ՔՊ» -ի հետ պայմանավորված լինեին: Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Փաշինյանը սա չի ներում Քոչարյանին:

Իշխանությունից հակադարձում են

Հակադարձելով երկրում Փաշինյանի կողմից իրականացվող բռնաճնշումների մասին ընդդիմադիրների պդումներին, ՔՊ-ական Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հարց տվեց Արթուր Խաչատրյանին՝ եթե իսկապես բռնաճնշումներ են, ապա ինչո՞ւ իրեն էլ չեն բռնել.

«Եթե խոսքը Քոչարյանի մասին է, քրեական գործով ինքն անցնում է ոչ թե որովհետև ինքը ասում է Արցախ, այլ որովհետև, ըստ մեղադրանքի, օրինակ՝ 2 հեկտար տարածք է առել է 40 միլիոն դրամով... ծախել է 1 միլիարդ 740 միլիոն դրամով, ոչ թե որովհետև ասել է Արցախ կամ, որ գերիները պետք է վերադառնան»,- ասաց Ռուբինյանը՝ շարունակելով.- «Նայեք ես ասում եմ՝ մեր գերիներիները պետք է վերադառնան: Զգում եք, չէ, որ չեկավ ԱԱԾ -ն իմ հետևից, գիտե՞ք ինչի չեկավ, որովհետեև իմ երկուամյա որդին միլոնատեր չի հիմա» ,- ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Քոչարյանը գիշերը Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել էր հիվանդանոց, նրան երկու ամսով կալանավորելու միջնորդությունը շարունակվել էր քննվել առանց նրա: Երկրորդ նախագահը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորվել է նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG