Մատչելիության հղումներ

Կալանավորված Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից տեղափոխվեց ՔՀԿ

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի՝ ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գիշերը Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել էր հիվանդանոց, Քոչարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդության քննությունը շարունակվել էր առանց նրա, լրագրողների հետ զրույցում ասել էր Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը:

«Բժիշկների ցուցումով որոշվեց, որ հայրս պետք է հիվանդանոց գնա, բայց փաստաբանները մնալու են և նիստը շարունակվելու է: Բժիշկները ճիշտ համարեցին, որ ինքը հիվանդանոցում լինի, դահլիճում չգտնվի»,- ասել էր Լևոն Քոչարյանը:

Այսօր ցերեկը երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Օրբելյանը նշեց նաև, որ կալանքի որոշումը դեռ չեն ստացել, ստանալուց հետո կորոշեն հետագա գործողությունները:

Արդյո՞ք Քոչարյանի առողջական վիճակը կայունացել է և այդ պատճառով են նրան դուրս գրել բժշկական կենտրոնից: Փաստաբանն ասաց, թե մասնագիտական այդ հարցը պետք է լրացուցիչ քննարկի բժիշկների հետ, բայց հաշվի առնելով նախնական քննարկումները՝ Քոչարյանն «առնվազն մի քանի օր պետք է շարունակական վերահսկողության տակ լիներ»:

«Խոսքը չի գնում ինչ-որ մի սուր հիվանդության մասին, որն անցել է:
Երկու շաբաթ առաջ վիրահատություն է տարել, և դրանից հետո մեկ ամիսը համարվում է ռիսկային շրջան», - նշեց Օրբելյանը:

Նախկին նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, տեղեկացրել էր, որ մոտ երկու շաբաթ առաջ հայրը վիրահատվել է, սրտի ստենտավորում է իրականացվել:

Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն ներկայացրեց։ Երկրորդ նախագահը երեկ դատարան էր տարվել հիվանդանոցից:

Ռոբերտ Քոչարյանը 2018-ից մինչև օրս արդեն երեք անգամ կալանավորվել է՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով։ Այս անգամ երկրորդ նախագահը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորվել է նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական գործով անցնում է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ, սակայն, խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG