Նոր Սահմանադրության ընդունումը թույլ չտալու նպատակով համախմբված խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերն արդեն իրազեկման ակցիաներ են սկսել։ Երեկ փողոցներում նրանք քաղաքացիներին ներկայացնում էին, թե ինչու է պետք մերժել իշխանության այդ օրակարգը։
Սրան զուգահեռ, խորհրդարանական ընդդիմությունն այսօր վերահաստատեց՝ ԱԺ-ում նախագծին դեմ են քվեարկելու։ Այդ դեպքում ինչո՞ւ իրազեկել հանրությանը մի նախագծի մասին, որի քվեարկությունն Ազգային ժողովում մտադիր են տապալել՝ թույլ չտալով, որ այն հասնի հանրաքվեի:
«Մարդիկ չգիտեն, որ Ալիևի պահանջով ուզում են Սահմանադրություն փոխեն: Բոլորը, ով իմանում է այդ մասին, իր դիրքորոշումը արտահայտում է՝ դե՛մ դիրքորոշումը արտահայտում է: Եվ մենք տեսնում ենք հողի վրա, որ մարդկանց մեծամասնությունը, մեծամասնությունը չէ, ամեն երրորդը չգիտի, դա մեր գործն է արդեն», - ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ շարունակելով. - «Երկրորդը՝ հանրային աջակցությունը ընդդիմադիր գործիչներին այս պահին ամենակարևոր բանն է, մեր հանրությունը պետք է մեր կողքը կանգնի: Իսկ ինչ վերաբերում է... խորհրդարանում մենք մերը կանենք»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել է՝ եթե Սահմանադրության նախագծին կողմ չքվեարկեն, իշխանությունը հանրային ճնշում կգործադրի ընդդիմադիրների նկատմամբ: Ինքն ու իր թիմն էլ կառաջնորդեն ընդդիմադիրներին ճնշելու գործընթացը: Փաշինյանի այս ծրագրին հակազդելու համար էլ ընդդիմությունը համախմբվել ու միանգամից անցել է իրազեկման ակցիաների, բացատրեց ընդդիմադիր մյուս ուժի՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարը:
«Մենք ասում ենք, որ որպես պատգամավորներ՝ Ազգային ժողովում պատի նման կանգնած ենք լինելու՝ թույլ չտալու, որպեսզի էդ օրակարգով հանրաքվե իրականացնի: Եվ հիմա մեր խնդրանքն է մեր ժողովրդին ևս էդ հանրային աջակցությունը տալ՝ ոչ միայն իր քվեով հունիսի 7-ին, այլ նաև այսօր՝ հեսա կտեսնենք, հա՞, Փաշինյանի ակտիվությունը, իրա պատկերացրած հանրային ճնշումների իրականացումը: Էդ ֆոնին, մենք էլ մեր ժողովրդին ասում ենք, որ դուք էլ բարձրաձայնեք ձեր դժգոհությունը և անթույլատրելիությունը ալիևյան սահմանադրության ընդունման համատեքստում», - հայտարարեց Աննա Գրիգորյանը:
Պաշտոնյաները խոստացել են այս ամիս հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը: Հանրային քննարկումներից հետո այն կուղարկվի խորհրդարան, որտեղ միայն իշխանության ձայները բավարար չեն, որ նախագիծը հանրաքվեի դրվի: Որպեսզի փաստաթուղթն ընդունվի, պետք է առնվազն 6 ընդդիմադիր պատգամավորի կողմ ձայն: Նիկոլ Փաշինյանն ավելի քան երկու շաբաթ առաջ ասում էր, թե կփորձի համոզել ընդդիմությանը, սակայն վերջին տասն օրերին խոսում է միայն նրանց ճնշելու մասին:
«Մենք պատրաստվում ենք հանրային ճնշում գեներացնել, և իրանք էդ բանաձևը տվին: ... Երբ որ ես գամ ասեմ, որ այո, էս ամենի արդյունքում՝ վերջ, և երաշխավորում եմ, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է, վավերացվելու է, և այլն, և ընդդիմությունը դրան դեմ է՞ քվեարկելու», - ասում է վարչապետը:
«Օտարածինը իրականում իրենք են՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, ավարտած Սերժ Սարգսյանով և իրենց մնացուկներով». Ռուբինյան
Մինչև ճնշումներին անցնելը Նիկոլ Փաշինյանը փորձելու է ընդդիմության բարձրացրած հարցերի պատասխանները ստանալ Ադրբեջանից, թե արդյոք նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման այլ նախապայմաններ Բաքուն չի ներկայացնի: Խաղաղության հաստատման մասին հայտարարած Հայաստանի վարչապետն այս հարցին պատասխանը դեռ չունի: Բայց եթե անգամ ունենա էլ, ընդդիմությունից ասում են՝ դրանց բովանդակությամբ հետաքրքրված չեն, փոխարենը՝ շարունակելու են առաջ մղել համախմբման օրակարգը, որին արդեն անդրադարձել են տարբեր ՔՊ-ականներ, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահը: Ռուբեն Ռուբինյանը նախկին նախագահներին անվանել է ընտրակեղծարարներ և պնդել՝ այժմ նոր Սահմանադրության ընդունման դեմ պայքարողները նախկինում հանրաքվեներ են կեղծել:
«Եվ հիմա նրանց թիմակիցները, ի շարունակումն էս հակաժողովրդավար, [հակա]ժողովրդական գործելակերպի, անում են ամեն ինչ, որպեսզի բլոկավորեն, արգելափակեն նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի անցկացումը, որը հնարավորություն կտա Հայաստանի ժողովրդին առաջին անգամ ընդունել և ունենալ սեփական Սահմանադրությունը», - հայտարարել է ԱԺ նախագահը՝ շարունակելով. - «Իհարկե, նրանք այդ Սահմանադրությունը ինչ ասես չեն անվանում՝ թուրք-ադրբեջանական, ալիևյան, և այլն, բայց այստեղ է ճակատագրի ամենամեծ հեգնանքը, որ էն ուժերը, որոնք երեք անգամ բռնացել են ժողովրդի քվեին և երեք անգամ կեղծել են հանրաքվեները՝ թույլ չտալով, որպեսզի ժողովուրդը ունենա սեփական հանրաքվեն, նոր Սահմանադրությունը անվանում են օտարածին, հասկանում ե՞ք: Իսկ օտարածինը իրականում իրենք են՝ ոտքից գլուխ, ծայրից ծայր՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, ավարտած Սերժ Սարգսյանով և իրենց մնացուկներով: Եվ այս անգամ նրանց թույլ չենք տալու բռնանալ ժողովրդի քվեի վրա»:
Նոր Սահմանադրության ընդունմանը դեմ ուժերն ընդունում են, որ գործող Սահմանադրությունն ունի մի շարք խնդրահարույց կարգավորումներ՝ սկսած կառավարման համակարգից մինչև վարչապետի անսահմանափակ լիազորությունները: Նրանք, սակայն, համարում են, որ այս փուլում ներքին հարցերը պետք է մի կողմ թողնել, որովհետև իշխանությունը նոր Սահմանադրության ընդունմանն է փորձում հասնել Բաքվի նախապայմանը բավարարելու համար: Ադրբեջանում արդեն մի քանի տարի է՝ բաց հայտարարում են, որ չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը, քանի դեռ այնտեղից հեռացված չէ հղումն Անկախության հռչակագրին:
«Հանրաքվեի ցանկացած ելք վատ է Հայաստանի Հանրապետության համար». Գրիգորյան
«Հանրաքվեի ցանկացած ելք վատ է Հայաստանի Հանրապետության համար՝ և՛ դրական ելքն է վատ, և՛ բացասական ելքն է վատ: Հետևաբար՝ մեր խնդիրն է ուղղակի թույլ չտալ, որպեսզի էդ հարցը դրվի հանրաքվեին, և ես վերահաստատում եմ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը, որ երբևէ կողմ չենք քվեարկելու հանրաքվեի այդ նախագծին ալիևյան սահմանադրության մասով», - ասաց Աննա Գրիգորյանը:
«Եռաբլուրը ով ստեղծել է, ով ստեղծել է՝ մեր թշնամին, հիմա ասում է՝ իրանց երեխաների ապագան պետք է էլի ինքը որոշի: Դա դավաճանություն է էս մարդկանց հանդեպ, դավաճանություն է էն մարդկանց հանդեպ, ովքեր պայքարեցին: Պետք է չխաբվեն մարդիկ, Հայաստանի համար կռվող մարդիկ չխաբվեն: Մենք խաբում ենք մեր ժողովրդին, եթե մենք թույլ ենք տալիս, որ մեր թշնամին գրի մեր Սահմանադրությունը», - պնդեց Նարեկ Կարապետյանը:
Վարչապետն ասում է՝ Ադրբեջանի նախագահի պարտադրանքով ոչինչ չի արվում, բայց քանի որ հայ և ադրբեջանցի պաշտոնյաների օրակարգերն ընդդեմ Անկախության հռչակագրի են, Երևանում, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ձևակերպել, որոշել են «հաճելին և օգտակարը» համատեղել: