Մատչելիության հղումներ

Միրզոյան. Բաքուն պահանջ չի դնում, այլ ասում է՝ «մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի»

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում, արխիվ
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում, արխիվ

Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն Ադրբեջանը շարունակում է պնդել Սահմանադրության փոփոխության պահանջը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արեգա Հովսեփյանին հարցին, թե վերոհիշյալից բացի է՞լ ինչ նախապայման ունի Բաքուն:

«Ադրբեջանը բանակցությունների ընթացքում Հայաստանի առջև Սահմանադրությունը փոխելու պահանջ չի դնում, ուղղակի մենք որ ասում ենք՝ «եկեք ստորագրենք», իրենք ասում են՝ «մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի»: Ադրբեջանը հրապարակային ասում է՝ «փոխված չտեսնենք, չհանգստանանք՝ չենք ստորագրի պայմանագիրը»: Մենք էլ ասում ենք՝ ամեն ինչ պետք է անենք, որ ստորագրենք»,- նշեց արտգործնախարարը:

Միրզոյանը կոչ արեց ընդդիմությանը այս հարցում համագործակցել:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը խնդրեց հստակեցնել՝ սա վերջի՞ն նախապայմանն է, որ Բաքուն ներկայացնում է Երևանին:

«Իրենք չեն ասում՝ «գնացեք, սա արեք, հետո եկեք», իրենք ասում են՝ «այո, դա ձեր գործն է, բայց [...] մինչև դա չկա, մեզ մի ասեք՝ եկեք ստորագրենք», - արձագանքեց նախարարը:

Բաքուն որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում:


​
XS
SM
MD
LG