Մատչելիության հղումներ

Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի Արդարադատության նախարարության անունից, հավանաբար նոյեմբերին․ Գալյան

Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի Արդարադատության նախարարության անունից, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է նախարար Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հետ վերջերս հանդիպում են ունեցել, քննարկել նաև, թե արդյոք խորհուրդն է ստանձնելու Սահմանադրության տեքստի պատասխանատվությունը։

«Իմ ընկալումն այն է, որ մեր գործընկերները պատրաստ չեն պատասխանատվություն վերցնել, խոսքը բոլոր գործընկերների համախմբի մասին է», - ասել է Գալյանը։

Նախարարն առաջարկել է շարունակել նախագծի շուրջ աշխատանքները, սակայն տեքստը հրապարակել նախարարության անունից, որպեսզի խորհրդի անդամներն ազատ լինեն իրենց կարծիքն արտահայտելու այս կամ այն դրույթի վերաբերյալ։

Գալյանի խոսքով՝ իրենց համար կարևոր է գործընթացի ներառականությունը, ուստի խորհրդի հետ կքննարկեն նաև դեռ չքննարկված հարցերը։ Ընդ որում՝ նախագծի հրապարակումը չի նշանակում, թե անմիջապես կսկսվի հանրաքվեի քարոզարշավը։

Ավելի վաղ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները դժգոհել էին, որ ամբողջական նախագիծը չեն տեսել, իսկ ապրիլի 1-ից հետո խորհուրդը նիստեր չէր գումարել։ Էդմոն Մարուքյանը դիմել էր խորհրդի նախագահ Սրբուհի Գալյանին՝ պահանջելով նիստեր հրավիրել։

Այսօր նախարարն արձագանքել է նաև այն հարցին, թե ինչու խորհրդի անդամները դեռ ծանոթ չեն ամբողջական տեքստին։

«Մենք հոդվածների 80 տոկոսը քննարկել ենք, և խորհուրդը տեղյակ է տեքստից։ Եթե խոսքը նրա մասին է, որ ամբողջ ծավալով ծանոթ չէ ամբողջ տեքստին, ապա, այո, պետք է ծանոթանա, ինչպես հանրության պետք է ծանոթանա։ Ոչ մի գաղտնի բան չկա», - ասել է Գալյանը։

Նախարարը հայտնել է նաև, որ որոշում է կայացվել Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող գործող սահմանադրական կարգավորումը նույնությամբ արտացոլել նոր Սահմանադրության տեքստում։

Գալյանի խոսքով՝ խորհրդի կազմից էլ պարզ է, որ բոլոր հարցերում կոնսենսուս չի լինի, հետևաբար նախագծի պատասխանատվությունը ստանձնելու է Արդարադատության նախարարությունը։

Նախարարը նաև ասել է, որ նախնական տարբերակը, ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի հրապարակել նոյեմբերին։

Անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունման հարցում ընդդիմության դիրքորոշմանը՝ Գալյանը նշել է, որ, իր կարծիքով, ոչինչ չի խանգարում ընդդիմությանը համաձայնել նախագիծը ժողովրդի քվեարկությանը դնելուն։

Իսկ ընդդիմության պնդմանը, թե Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով, նախարարը արձագանքել է. «Այս դիսկուրսն իրեն սպառել է։ Մենք ունենք մեր ներքին օրակարգը, կառավարության նախագիծը, մենք մեր հանձնառությունը ստանձնած լինելով՝ առաջ ենք շարժվում»։

Գալյանի խոսքով՝ եթե ընդդիմությունը որոշի, որ Սահմանադրության հարցն իրենք պետք է որոշեն, ոչ թե ժողովուրդը, դա արդեն այլ հարց է։

Բաքուն որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում:

Նոր Սահմանադրությունը ոչ նախաբան կունենա, ոչ էլ առավել ևս կպարունակի հղում Անկախության հռչակագրին, սա իշխանականները արդեն ուղիղ են հայտարարել:

Անդրադառնալով Անկախության հռչակագրին հղման հարցին՝ նախարարը պնդել է, որ հռչակագրում ամրագրված որոշ նպատակադրումներ ժամանակավրեպ են։

«Անկախության հռչակագիրը որևէ մեկը չի կարող պատմության էջերից ջնջել և չի էլ կարող այդպիսի միտք ունենալ։ Փաստն այն է, որ նպատակադրումները ժամանակավրեպ են։ Մենք չունենք նպատակադրում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման», - հայտարարել է Սրբուհի Գալյանը։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG