Ադրբեջանի նախագահն ընդունում է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը երկրի ներքին գործն է, սակայն գործող սահմանադրական կարգավորումների պայմաններում Բաքուն չի ցանկանում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, երեկ MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի նախագահն էլ ինձ հետ խոսակցություններում ասել է, որ իրենք ընդունում են՝ դա մեր ներքին գործն է, իրենք այդ հարցը չեն բարձրացնում մեր առաջ, բայց նաև ասում են՝ սահմանադրական այս կարգավորումների շրջանակում իրենք չեն պատրաստվում, չեն ուզում ստորագրել խաղաղության համաձայնագիրը», - ասել է Փաշինյանը։
Վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ Սահմանադրության հարցը Երևանը չի պատրաստվում քննարկել որևէ արտաքին դերակատարի հետ՝ «միայն ու միայն մեր ժողովրդի»։
Փաշինյանի խոսքով՝ իր նպատակն է երիտասարդ սերնդին փոխանցել միջազգայնորեն ճանաչված տարածքով, բաց սահմաններով և ստորագրված ու վավերացված խաղաղության համաձայնագրով Հայաստան։
Բաքուն մինչ այժմ պնդել է, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրի, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունից չի հեռացվել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանը տարածքային պահանջ է տեսնում։
Սահմանադրության փոփոխության շուրջ վերջին օրերին սրվել է նաև իշխանության և ընդդիմության պայքարը։ Նոր Սահմանադրությունն «ալիևյան» անվանող 12 ընդդիմադիր ուժեր հայտարարել են համախմբվելու և իշխանությունների նկատմամբ հանրային ճնշում գործադրելու մտադրության մասին՝ փաստաթղթի ընդունումը կանխելու նպատակով։
Իր հերթին Փաշինյանը նախապես հայտարարել էր, որ եթե ընդդիմադիր պատգամավորները դեմ քվեարկեն նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը, իշխանությունը կարող է հանրային ճնշում գործադրել նրանց նկատմամբ՝ ընդհուպ խորհրդարանի առջև ցույց կազմակերպելով։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» բավարար ձայներ չունի նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը միայնակ ընդունելու համար և ընդդիմադիրների առնվազն վեց ձայնի կարիքն ունի։ Մինչդեռ ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ չեն աջակցելու այդ նախաձեռնությանը։