Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր մի շարք ուժեր հայտարարում են «Ալիևի սահմանադրության» դեմ համախմբվելու մասին

Ընդդիմադիր ուժերի հավաքը «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը, 4-ը նոյեմբերի, 2026 թ.
Ընդդիմադիր ուժերի հավաքը «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը, 4-ը նոյեմբերի, 2026 թ.

Ընդդիմադիր մի շարք ուժեր, այդ թվում խորհրդարանական երկու խմբակցությունները՝ «Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստանը» ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանի առանձնատանը ուշ երեկոյան տեղի ունեցած փակ հանդիպումից հետո հայտարարեցին, որ համախմբվում են «ալիևյան սահմանադրության պարտադրանքը» մերժելու շուրջ:

Հայտարարությունն ընթերցեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: Բացի Սահմանադրությունից, ընդդիմադիրները նշում են, որ համախմբվում են «առանց միակողանի զիջումների ու տարածքային կորուստների խաղաղության, ազգային ինքնության և Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության, ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգման շուրջ»:

Հայտարարությունը ստորագրել են Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը», առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքն ու դրա մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցությունը, երրորդ նախագահ Սերժ Սարգյանի Հանրապետականը, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը», «Ապրելու երկիրը», «Հայաքվեն», «Ժառանգությունը» և մի քանի այլ ուժեր:

Թե ինչ քայլեր են հետևելու այս հայտարարությանը, Նարեկ Կարապետյանը չբացահայտեց: Ըստ նրա՝ հաջորդիվ կփորձեն հասարակական գործիչների հետ «կոնսենսուսի գալ» իրենց գաղափարների շուրջ:

Փողոցային պայքարի մասին հարցին էլ Կարապետյանը խուսափողական պատասխան տվեց՝ նշելով, որ պայքարի բոլոր հնարավոր օրինական միջոցները հնարավոր է գործածել, բայց այսօր փողոցային պայքարի մասին ինքը չի խոսի:

Ընդդիմադիր գորիչը նաև ասաց, որ այսօրվա հանդիպումը նախաձեռնել էր Սամվել Կարապետյանը, սակայն իշխանությունները «նրան ձերբակալելով փորձել են տապալել այն»:

«Ուժեղ Հայաստանը» պնդում է, թե Սամվել Կարապետյանի ձերբակալությունը կապված է նոր Սահմանադրության շուրջ ընդդիմության կոշտ դիրքորոշման հետ:

Ընդդիմադիր խմբակցությունները կառավարության մշակած նոր Սահմանադրությունն անվանում են «ալիևյան» և հայտարարում, որ չեն աջակցի իշխանությանը՝ խորհրդարանում փաստաթուղթը հանրաքվեի դնելու որոշումն ընդունելու համար: Նոր Սահմանադրության նախագծում չկա հղումն Անկախության հռչակագրին, իսկ այն Հայաստանի մայր օրենքից հանելը Բաքուն նախապայման է դարձրել՝ հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Իշխանությունը հերքում է սա՝ պնդելով, որ նոր Սահմանադրության ընդունումը ներքին օրակարգ է:

Վերջին ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած իշխող «Քաղաքացիական պայմանագրին» առնվազն վեց ընդդիմադիրի ձայն է պետք՝ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար:

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ հեգնանքով են արձագանքում ճնշումների մասին ընդդիմության պնդմանը՝ հորդորելով բացատրել, թե ինչպես են տեղի ունեցել այն ենթադրյալ չարաշահումները, որոնցում իրավապահները մեղադրում են Սամվել Կարապետյանին և նրա մերձավոր շրջապատին:

Քննչական կոմիտեն այսօր հայտնեց, որ գործարարին կասկածում են կազմակերպված եղանակով իրեն պատկանող ՀԷՑ-ին 64.5 միլիարդ դրամի կամ մոտ 180 միլիոն դոլարի վնաս պատճառելու մեջ: Այսօր այս գործով 35 մարդ է ձերբակալվել, քննիչները նրանցից 9-ին, այդ թվում Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել:


​
XS
SM
MD
LG