Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ զգուշացնում է՝ եթե ընդդիմադիրների բարձրացրած հարցերին իշխանությունը դրական պատասխաններ տա և դրանց հետո անգամ խորհրդարանական ընդդիմությունը դեմ գնա նոր Սահմանադրությանը, նրանց դեմ հանրային ճնշում կգեներացվի:
«Եվ այդ պարագայում կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե, իհարկե, հանրային նման տրամադրությունը լինի», - այսօր խորհրդարանում հայտարարեց Փաշինյանը:
Հայաստանի ղեկավարը նոր Սահմանադրության թեմային անդրադարձավ հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ: Նորից շեշտեց, որ իր կառավարության առաջիկա «ամենակարևոր անելիքը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացնումն է»:
Նա լեգիտիմ համարեց ընդդիմության հարցադրումները հայ - ադրբեջանական խաղաղության ու նոր Սահմանադրության մասին, որի նախագիծը, ըստ վարչապետի, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի այս ամիս:
Փաշինյանը իր ելույթում նախ ամփոփեց ընդդիմության հարցադրումները. - «Խնդիրը հետևյալն է՝ երբ Հայաստանը ընդունի նոր Սահմանադրությունը, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրվի: Արդյոք ստորագրված խաղաղության համաձայնագիրը նշանակո՞ւմ է, որ տեղի է ունենալու համապարփակ խաղաղություն, և արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կոնկֆլիկտային օրակարգեր այլևս չեն լինելու»:
Եվ եթե Հայաստանի կառավարող ուժը բարձրացված այս ու դրանց հետևող մյուս հարցերին «հստակ ու համոզիչ» դրական պատասխան տա, Փաշինյանը կարծում է, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը:
«Եթե մենք այս հարցերին ունենանք հստակ դրական պատասխաններ, և եթե պարզվի, որ խորհրդարանական ընդդիմությունը իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության հետագա ընդունման գործընթացը, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական և համապարփակ խաղաղությանը», - հայտարարեց նա՝ խոստանալով, որ այդ պարագայում հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ:
Խորհրդարանում նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման համար «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 ձայն: Առանց ընդդիմադիրների իշխող ուժի չի կարող այդ որոշումն ընդունել:
Թեև Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունումը համարում է ներքին օրակարգ, բայց խորհրդարանական ընդդիմադիրներն այն անվանում են «Ալիևի Սահմանադրություն»:
Բաքուն անցած օգոստոսին խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետ պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին՝ պնդելով, թե դրանում տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ:
Նոր Սահմանադրության նախագծի բովանդակությունը հայտնի չէ, հանրայնացվել է միայն այն, որ նոր տեքստում այլևս չի լինի հղումը Անկախության հռչակագրին: 1990 թվականին ընդունված այդ փաստաթղթում հիշատակվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Գերագույն խորհրդի 1989 թվականին ընդունած որոշումը:
Ումի՞ց է ստանալու Փաշինյանը հարցերի պատասխանները
Վարչապետ Փաշինյանն անցած շաբաթվանից խոսում է ընդդիմության դեմ հանրային ճնշման մասին, բայց այդպես էլ ուղիղ չի ասում, թե ումի՞ց և որ երկրից է ստանալու ընդդիմադիրների բարձրացրած հարցերի պատասխանները: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նրա կուսակիցների արձագանքներից պարզ դարձավ, որ պատասխանները հայկական կողմը փնտրելու է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման դարձրած Բաքվում:
«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր, թե ի՞նչ առաջարկի ու երաշխիքի մասին է խոսում վարչապետը, և գործնականում դա ինչպե՞ս է ձևակերպված լինելու՝ արդյո՞ք թղթի վրա Ադրբեջանն է երաշխավորելու, թե դա կարող է լինել նաև երրորդ կողմը, օրինակ Միացյալ Նահանգները:
«Դե պետք է գնան ու հասկական՝ ի՞նչ կարող են առաջարկել ընդդիմադիր գործընկերներին՝ Սահմանդրության նախագիծը հանրաքվեի հասցնելու համար իրենց քվեն ստանալու համար: Հիմա այդ առաջարկ դեռ չկա։ Եթե լիներ, հենց այսօր էլ կանեինք։ Ընթացքում մենք կներկայացնենք Սահմանադրության նախագիծը, թող ընդդիմադիրները իրենց տեսակետը հայտնեն դրա վերաբերյալ, բայց այդ հայտնի հարցերի վերաբերյալ մենք նորից կգնանք, պատասխանները կստանանք, առաջարկները կձևակերպենք և մեր ընդդիմադիրները թող իրենք էլ իրենց պատասխանները տան»,- ասաց իշխող խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը՝ հավելելով երաշխիքները երկկողմ են լինելու, չկա երրորդ կողմ:
«Տեղի են ունենում բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չկա որևէ երրորդ կողմ։ Հարցադրումները, որոնք գոյություն ունեն Հայաստանում, Հայաստանը պետք է ստանա Ադրբեջանից, Ադրբեջանում գոյություն ունեցող հարցադրումներ Ադրբեջանը պետք է ստանա Հայաստանից»,- կուսակցի միտքը շարունակեց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը:
«Փաշինյանը պետական հեղաշրջման մասին խոսեց». «Հայաստան» խմբակցություն
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունում կարծում են, որ Փաշինյանի մարտավարությունը հակաօրինական է, ըստ պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ Փաշինյանն այսօր խոսեց «պետական հեղաշրջման» մասին:
«Հայաստանի օրենքների դեմ է խոսում Նիկոլ Փաշինյանը, որովհետև Հայաստանի օրենքների համաձայն ԱԺ պատգամավորների վրա ճնշման միջոցով քվերակությունը չի կարող լեգիտիմ լինել»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հավելելով՝ համազգային հարցերի շուրջ սակարկություն չի կարող լինել:
Գեղամ Մանուկյանը պնդեց, որ իշխանությունը պարբերաբար տարբեր ձևերով փորձելու է արդարացնել «ալիևյան Սահամանադրությունը»:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը անցած շաբաթ պնդել էր, թե Նիկոլ Փաշինյանը փորձելու է Ադրբեջանից որպես երաշխիք պայմանական մի թուղթ բերել, որով հանրությանը կասի՝ եթե կողմ քվեարկեք նոր Սահմանադրությանը, Բաքուն կստորագրի խաղաղության պայմանագիրը: Աննա Գրիգորյանը հայտարարել էր, որ անգամ այս դեպքում իրենց ուժը դեմ է քվեարկելու, որպեսզի հարցը հանրաքվեին չհասնի:
«Ընտրություններով ժողովուրդն ասել է՝ դու չես կարող ինքնագլուխ Սահմանադրություն փոխել»,- այսօր հայտարարեց Գեղամ Մանուկյանը՝ նկատի ունենալով, որ խորհրդարանական վերջին ընտրություններում իշխող ուժը չի ստացել սահմանադրական մեծամասնություն։
«Ուժեղ Հայաստանի» արձագանքը
Ընդդիմադիր ամենամեծ՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել, որ հանրության շրջանում «ալիևյան սահմանադրությունը աջակցություն չի ստանա»:
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ու Արեգա Հովսեփյանը այսպես արձագանքեցին մի քանի անգամ հնչած հարցին, ինչպե՞ս են դիմայայելու վարչապետ Փաշինյանի խոստաած հանրային ճնշմանը:
«Մեր անցած ճանապարհը խոսում է այն մասին, որ մեզ հետ ընդհանուր առմամբ այսպիսի լեզվով խոսել չի կարելի և արդյունքի չեն հասնի»,- ասաց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով՝ ինչ են ձեռնարկեն, ամեն ինչի պատրաստ են:
Իսկ վստա՞հ են, որ իրենց խմբակցությունում չեն գտնվի այն 6 հոգին, ովքեր կաջակցեն իշխող ուժին՝ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու ճանապահին: «Ես ու տիկին Հովսեփյանը հիմա արտահայտում եքն մեր 29 պատգավորների դիրքորոշումը», - կարճ արձագանքեց Աբրահամյանը:
«Ազատության» հարցին՝ կսկ կա՞ մի առաջարկ, որ ընդդիմության համար ընդունելի կլինի, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները այդպես էլ ուղիղ պատասխան չտվեցին։
«Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ խոստացել էր խաղաղություն բերել և պետք է կատարի այդ խոստումը։ Թող ստորագրված պայմանագիր բերվեր, այլ կերպ կքվերակվեր»,- պատասխանեց Աբրահամյանը: