Կալանավորվելուց հետո առաջին անգամ հայտնվելով տեսախցիկների առջև՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը, դատարանի դահլիճում «իրավական խայտառակություն» որակեց իրեն ներկայացված մեղադրանքները:
Միլիարդատեր գործարարը իշխանությունը բռնությամբ զավթելու կոչից, փողերի լվացումից բացի մեղադրվում է իրեն պատկանող ՀԷՑ-ին 64.5 միլիարդ դրամի վնաս հասցնելու մեջ: Մինչդեռ, նրա թիմակիցների պնդմամբ, Կարապետյանը կալանավորվեց ընդդիմադիր ուժերին նոր Սահմանադրության դեմ պայքարի շուրջ համախմբելու օրակարգով հանդիպման նախօրեին, որպեսզի խափանեն ընդդիմադիրների ծրագրերը:
Իշխանության առաջարկած նոր Սահմանադրությունն «ալիևյան» անվանող ընդդիմադիր ուժերը մտադիր են լայն հասարակական կոնսոլիդացիա ապահովելու միջոցով ճնշում գործադրել վարչապետ Փաշինյանի ու նրա առաջնորդած ՔՊ-ի վրա՝ թույլ չտալով նոր Սահմանադրության ընդունումը:
Փաստացի նույնը ընդդիմության նկատմամբ անցած շաբաթ սպառնում էր անել վարչապետ Փաշինյանը, եթե դեմ գնան իր նախաձեռնած Սահմանադրությանը: Այժմ միավորված ընդդիմադիր ուժերը փորձում են հակընդդեմ քայլ անել՝ հանրային ճնշում գեներացնելով Փաշինյանի դեմ: Հենց այս օրակարգով նախօրեին 12 ընդդիմադիր ուժեր հայտարարեցին համազգային համախմբում ձևավորելու մասին:
Հայտարարությանը միացած քաղաքական ուժերը, որոնց շարքում են նաև կալանավորված միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը», կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, կալանավորված 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականը, առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ապրելու երկիրը», համոզված են, որ Փաշինյանը Ալիևի պահանջով է որոշել փոխել երկրի մայր օրենքը՝ Սահմանադրությունից դուրս բերելով Անկախության հռչակագիրը, քանի որ այնտեղ հղում կա Լեռնային Ղարաբաղի մասին:
Բաքուն բազմիցս է պնդել՝ չի ստորագրի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը, եթե Երևանը Սահմանադրությունից չհանի այդ հղումը:
ՔՊ-ն սակայն, բավարար ձայներ չունի նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը խորհրդարանում ընդունելու համար, հետևաբար իշխող ուժին անհրաժեշտ է ընդդիմադիրների առնվազն 6 ձայները:
Ընդդիմադիրների միավորումը նախաձեռնած խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, սակայն, վստահեցնում են՝ իրենք խորհրդարանում կմերժեն նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու ՔՊ որոշումը, բայց այս պահին կարևոր է նաև ստեղծել իրական հանրային ճնշում իշխանության նկատմամբ, ինչպես պնդում են, «ալիևյան» սահմանադրության ընդունումը տապալելու համար:
Իշխող ՔՊ-ն վստահեցնում է, որ Սահմանադրությունը Բաքվի պահանջով չի փոխում, դա ներքին օրակարգ է: Ինչպես երեկ հայտարարեց վարչապետը, ցանկանում են, որ Հայաստանի ժողովուրդը «առաջին անգամ իր պատմության մեջ իր ազատ քվեով Սահմանադրություն ընդունի»:
Ավելի վաղ ընդդիմադիրների նկատմամբ ճնշում բանեցնելու մտադրության մասին խոսելով՝ Փաշինյանն անցած շաբաթ անգամ փակագծեր էր բացել՝ ասելով, որ իշխանությունն, օրինակ, կարող է խորհրդարանի առջև ցույց անել՝ այդ կերպ ստիպելով ընդդիմադիր պատգամավորներին կողմ քվեարկել նոր սահմանադրության նախագծին:
Չնայած ժողովրդին փողոց դուրս բերելու Փաշինյանի այս զգուշացումներին, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարը կարծում է, որ Փաշինյանին չի հաջողվելու Սահմանադրության հարցով ժողովրդին փողոց դուրս բերել:
«Իր համար դժվար է լինելու ասել՝ «դուրս եկեք փողոց, գնանք ալիևյան Սահմանադրությունը ընդունենք», ինչպես որ եկեղեցու պարագայում չհաջողվեց, էդ ռեսուրսը չունի, ինչպիսին ունեցել է նախկինում», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը:
Սահմանադրության ընդունման դեմ հանրային ճնշում գեներացնելու փորձեր անող ընդդիմությունն արդեն հանդիպումների շարք է սկսել: Երեկ քննարկում էին կազմակերպել մի խումբ մտավորականների հետ, իսկ առաջիկայում «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չբացառեց հանդիպումը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հետ:
Ի դեպ, Վեհափառին հանդիպելու այս հայտարարությունը հետաքրքրական է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս արած հեգնական այն հայտարարության ֆոնին, թե ընդդիմադիր նոր միավորման հաջողությանը մի անձ է պակասում և դա Ամենայն Հայոց կաթողիկոսն է:
12 ընդդիմադիր ուժերը նոր Սահմանադրության ընդունման տապալումից բացի իրենց օրակարգում ևս 3 հարց են ներառել՝ «խաղաղության հաստատում՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, Հայ առաքելական եկեղեցու պաշտպանություն, ինչպես նաև ժողովրդավարական ազատությունների վերականգնում»: Միավորված մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր ուժերը չեն բացառում նաև փողոցային պայքարը: