Մատչելիության հղումներ

Սահմանադրության մերժման դեպքում՝ հրաժարական և արտահերթ ընտրություննե՞ր

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան

«Չեմ կարող պատկերացնել կամ հիշել մի իրավիճակ, որ մի կառավարություն բերի սահմանադրության նախագիծ, դա չանցնի, և դրանից հետո չլինեն արտահերթ ընտրություններ»,- այսօր հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ ի՞նչ նկատի ուներ, երբ օրեր առաջ խոսում էր կառավարության հրաժարականի մասին։

Անցած շաբաթ Ազգային ժողովի ամբիոնից արտաքին գործերի նախարարն ընդդիմությանն առաջարկել էր աջակցել նոր Սահմանադրության նախագծի ընդունմանը խորհրդարանում և այն հանրաքվեի դնել։ Նա հայտարարել էր, որ եթե հանրաքվեում ժողովուրդը մերժի նախագիծը, իշխանությունը հրաժարական կտա, կգնա:

Այսօր Միրզոյանը պնդեց՝ ոչ թե ասել է, որ հրաժարական կտան ու կհեռանան, այլ արտահերթ ընտրություններ կլինեն, որոնց ՔՊ-ն էլ կմասնակցի:

«Ընդդիմությունն էդ օրն ասում էր, որ իրենք TRIPP-ի համաձայնագրին դեմ չեն, ասում էր՝ խաղաղության համաձայնագրի տեքստը ևս վատը չի։ Ասում էին՝ կարող են կողմ քվեարկել երկուսին։ Բայց ասում էին, որ խնդիրն էն է, որ միաժամանակ չեն այդ երկուսը: Հիմա կա նաև խոսակցություն Սահմանադրության մասին։ Ընդդիմությունն ասում էր, որ ուզում են համաժողովրդական քվեարկություն, մենք էլ ենք նույնը ուզում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ տեսել է, որ այդ բոլոր գործոնները մեկտեղվում են ու խորհրդարանում ինքնաբուխ առաջարկ է արել։

Խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, շարունակում է պնդել, որ նոր Սահմանադրության ընդունումը Ադրբեջանի պահանջն է և չի աջակցի իշխանությանը՝ այն հանրաքվեի դնելու հարցում: Բաքուն Հայաստանի Սահմանադրությունում հիշատակված Անկախության հռչակագրում իր նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում:

Իշխանությունը հերքում է, որ Սահմանադրությունը փոխում է Բաքվի պահանջով: Վարչապետ Փաշինյանը այսօր էլ պնդեց, թե ուզում են, որ Հայաստանի ժողովուրդը «առաջին անգամ իր պատմության մեջ իր ազատ քվեով Սահմանադրություն ընդունի»:


​
XS
SM
MD
LG