Ֆլորիդայում բանակցելուց հետո Թրամփը և Զելենսկին հայտարարում են խաղաղության ուղղությամբ զգալի առաջընթացի մասին

ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին Մար-ա-Լագոյում հանդիպման ժամանակ, Փալմ Բիչ, Ֆլորիդա, 28-ը դեկտեմբերի, 2025թ.

Ֆլորիդայում երեք ժամ բանակցելուց հետո ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները հայտարարել են, որ խաղաղության հասնելու ուղղությամբ զգալի առաջընթաց են գրանցել։ Սակայն ամենագլխավոր՝ տարածքների հարցը մնում է չլուծված. Ռուսաստանը պահանջում է Դոնբասը, ինչին Ուկրաինան դեմ է։

Մար-ա-Լագոյի իր առանձնատանը կայացած հանդիպումից հետո Դոնալդ Թրամփն ասել է, որ բանակցությունները «հրաշալի» են անցել, և Վլադիմիր Զելենսկիի հետ ունեցել է «հիանալի» զրույց, որը շատ ավելի է մոտեցրել պատերազմի ավարտը՝ համաձայնել են հարցերի մոտ 95 տոկոսի շուրջ։

«Կարող ենք շատ մոտ լինել կարգավորմանը։ Կան մեկ կամ երկու շատ խնդրահարույց, դժվար հարցեր, բայց կարծում եմ՝ մենք շատ լավ աշխատանք ենք անում։ Այսօր մեծ առաջընթաց ենք գրանցել», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:

Զելենսկին, որը հանդիպումից առաջ հայտարարել էր, թե շատ բան կարող է որոշվել մինչև Նոր տարի, ասել է, որ հիանալի քննարկում են ունեցել բոլոր թեմաների շուրջ, և մեծ առաջընթաց կա: Դոնբասի հարցը, սակայն, մնում է չլուծված, ասել է նա՝ նշելով, որ երկարաժամկետ խաղաղության հասնելու ճանապարհին գլխավորը անվտանգության երաշխիքներն են, որոնց շուրջ գրեթե ամբողջական համաձայնություն կա, իսկ Ուկրաինայի վերականգնման ծրագիրը վերջնական փուլում է:

Առաջնորդները պայմանավորվել են, որ թիմերը կհանդիպեն հաջորդ շաբաթ՝ քննարկված բոլոր հարցերը վերջնականապես լուծելու համար: Զելենսկին նաև ասել է, որ խաղաղության ծրագիրը կարող է հաստատվել կա՛մ հանրաքվեով, կա՛մ խորհրդարանի կողմից:

«Մենք կարող ենք հանրաքվե անցկացնել այս ծրագրի ցանկացած կետի վերաբերյալ ... Սա կարևորագույն հարցերից մեկն է։ Կամ կարող ենք օգտագործել խորհրդարանում քվեարկելու հնարավորությունը՝ օրենքով սահմանված կարգով», - նշել է Ուկրաինայի նախագահը:

Այսօր էլ Զելենսկին հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրեն Ուկրաինան, ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Եվրոպան: Ըստ նրա՝ Ռուսաստանի հետ հանդիպում կկայանա, եթե ԱՄՆ-ն և Եվրոպան համաձայնեն խաղաղության շրջանակի շուրջ: Նաև նշել է, որ առաջարկվող փաստաթղթով ԱՄՆ-ն պարտավորվում է անվտանգության երաշխիքներ տրամադրել 15 տարի, թեև ինքը 50 էր խնդրել:

Զելենսկիի հետ հանդիպումից առաջ Թրամփը մեկ ժամից ավելի հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ՝ զրույցը որակելով «շատ արդյունավետ»։ Ուկրաինայի նախագահի հետ մամուլի ասուլիսին էլ Սպիտակ տան ղեկավարն ասել է, թե Ռուսաստանի նախագահը լուրջ է տրամադրված խաղաղություն հաստատելու հարցում և ցանկանում է, որ Ուկրաինան հաջողի: Թրամփի այս խոսքերի պահին Զելենսկին ժպտում էր, ցույց տալիս, որ թերահավատ է:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Պուտինի հետ քննարկել են նաև Ռուսաստանի կողմից գրավված Զապորոժիեի ատոմակայանի ճակատագիրը, ասելով, թե Պուտին աշխատում է Ուկրաինայի հետ այս հարցի շուրջ:

Կրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ խաղաղության գործարքը մոտ է, սակայն Ուկրաինան պետք է իր զորքը դուրս բերի Դոնբասից, հայտարարել է Կրեմլի խոսնակը՝ հավելելով, որ առաջիկայում դարձյալ Թրամփ-Պուտին հեռախոսազրույց տեղի կունենա:

Երեկ էլ Ռուսաստանի նախագահի օգնականը, մանրամասներ ներկայացնելով Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից, ասել էր` առաջնորդները համաձայն են, որ հանրաքվեի նախապատրաստման նպատակով հրադադարը, որն առաջարկում են Եվրոպան և Ուկրաինան, միայն կերկարաձգի հակամարտությունը և հղի է ռազմական գործողությունների վերսկսման վտանգով, և Կիևին կոչ էր արել որոշում կայացնել Դոնբասի հարցով:

«Հաշվի առնելով առաջնագծում փոփոխվող իրավիճակը, ուկրաինական ռեժիմի կողմից խելամիտ կլիներ անհապաղ կայացնել այս որոշումը Դոնբասի վերաբերյալ», - պնդել է Յուրի Ուշակովը:

Ուշակովը նաև հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են աշխատանքային խմբեր ստեղծել՝ խաղաղության համաձայնագիրը կնքելու համար: Մանրամասները կհայտարարվեն հունվարի սկզբին, սակայն արդեն պարզ է, որ խմբերից մեկը կկենտրոնանա անվտանգային, իսկ մյուսը՝ տնտեսական հարցերի վրա:

Երեկվա համատեղ ասուլիսից հետո Թրամփն ու Զելենսկին հանդիպման արդյունքները տեսակապով քննարկել են եվրոպական երկրների առաջնորդների հետ: Քննարկումից հետո Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան կշարունակի համագործակցությունը ձեռք բերված առաջընթացն ամրապնդելու համար։ «Այս ջանքերում ամենակարևորն այն է, որ առաջին իսկ օրվանից անվտանգության անսասան երաշխիքներ ապահովվեն», - սոցցանցում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պեսկով․ «Պուտինն ու Թրամփը կզրուցեն ամենամոտ ապագայում»«Կամավորների կոալիցիայի» հանդիպումը տեղի կունենա Փարիզում հունվարի սկզբին. ՄակրոնԱՄՆ-ը ու Ուկրաինան «շատ ավելի են մոտենում» խաղաղության համաձայնագրին. ԹրամփԹրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետՄիացյալ Նահանգները դարձել է իրական ՄԱԿ-ը. ԹրամփԵթե եվրոպական զորքերը հայտնվեն Ուկրաինայում, կդառնան օրինական թիրախ Ռուսաստանի զինուժի համար. ԼավրովՈւկրաինան չի շտապում խաղաղության հասնել. Պուտին