ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի ու Ղրղըզստանի ղեկավարները հայտարարություն են փոխանցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նրա խոսքով՝ քննարկել են Երևանի դիրքորոշման շուրջ իրավիճակը:
Վլադիմիր Պուտինն ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ղրզղստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորում են սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միություն մնալու հարցով հանրաքվե անցկացնել: ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարները անթաքույց սպառնում են՝ այս դեկտեմբերին՝ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի, Եվրասիական միջկառավարական հանձնաժողովը կզեկուցի Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու մյուսներն այսպիսի սպառնալից հայտարարություն են անում այն դեպքում, երբ ԵԱՏՄ կանոնադրությամբ անդամ երկրին հեռացնել չեն կարող, Եվրասիական տնտեսական միության պայմանագրով երկիրն ինքը պետք է ցանկանա անդամությունը դադարեցնել, բայց անդամները կարող են տարբեր ապրանքների ներմուծումների համար սահմանափակումներ կամ հավելյալ ստուգումներ մտցնել ինչը Ռուսաստանն արդեն իսկ վերջին շաբաթներին անում է՝ վնասելով Հայաստանի տնտեսությանը: Պուտինը, Լուկաշենկոն, Տոկաևն ու ժապարովը պնդում են, թե Հայաստանի եվրոպական ձգտումները ԵԱՏՄ անդամ երկրների համար տնտեսական անվտանգության, «էական ռիսկեր են պարունակում»:
Ռուսաստանն ավելի վաղ հորդորել էր արագ կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, թեև Հայաստանի իշխանությունները մինչ այս պահը Եվրամիությանն անդամակցելու հայտ չեն ուղարկել: Երևանը հայտարարում է՝ ցանկանում են ԵԱՏՄ-ում մնալ այնքան, որքան եվրաինտեգրումն ու այս միությունը համատեղելի կլինեն:
ԵԱՏՄ -գԳագաթնաժողովի բաց մասում, սակայն, Հայաստանի հասցեին քննադատություններ չհնչեցին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթում ակնարկ կար, նա, սակայն, ոչ թե Հայաստանին, այլ միությանը քննադատեց՝ պնդելով, թե իրենք պետք է ավելի լավ աշխատեն, որ անդամ երկրները հեռանալու միտք չունենան:
«Մենք պետք է վճռական քայլեր իրականացնենք ԵԱՏՄ շրջանակում մեր մատնանշած հիմնական գաղափարներն իրագործելու համար, եթե մենք դա չանենք, իսկ հիմա պետք է արագ գործել, որովհետև այդպիսի ժամանակներ են, եթե չանենք ԵԱՏՄ-ի գրավչությունը կձգտի զրոյին: Վստահեք իմ փորձին՝ մեր միությունն անհրաժեշտ է ավելի արդյունավետ դարձնել, դրա համար անհրաժեշտ է մեր աշխատանքը մեկ անգամ էլ վերանայենք ու հրաժարվենք այն բաներից, որոնք խանգարում են մեզ աշխատել: Մենք պետք է հստակ հասկանանք՝ ինչ-որ մեկը ինչ-որ շահեր պետք է զիջի, իսկ զիջումների բոլորը պետք է գնան, մեկը շատ, մեկը քիչ, բայց մեր առաջնահերությունը ԵԱՏՄ-ի արդյունաբերությունը պետք է լինի, որ անդամակցողները հասկանան՝ ինչ կստանան, որ անգամ անդամները չմտածեն՝ այնտեղ ինչ-որ մի տեղ ավելի լավ կլինի, մեզ մոտ ոչ», - ասել է Լուկաշենկոն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Պուտինը հորդորում է Հայաստանին կողմնորոշվել, Փաշինյանն արձագանքում էԱնդամ մյուս երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ առանձին հայտարարություններ չարեցին:
Հայաստանը մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին. Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ Աստանայում ավարտված ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում վերահաստատեց Երևանի դիրքորոշումը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալ չեն պատրաստվում:
Հայաստանը մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության և ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ազգային շահերը հաշվի առնելու վրա, ասել է Գրիգորյանը:
«Մենք բազմիցս հաստատել ենք և հաստատում ենք Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխշահավետ համագործակցության հանձնառությունը՝ մեր երկրների և ամբողջ տարածաշրջանի տնտեսական կայունության ու տնտեսական զարգացման կայունության ապահովման նպատակով», - ասել է Գրիգորյանը։
Հայաստանի փոխվարչապետն իր ելույթում, ընդգծելով Եվրասիական տնտեսական ֆորումի թեմատիկայի արդիականությունը, նշել է. «Այսօր արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումն ու ներդրումը դառնում են մեր երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման և տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման հիմնական գործոններից մեկը?։
«Ծառայությունների առևտրի ազատականացումը շարունակում է մնալ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրման խորացման հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Միաժամանակ, ազգային կարգավորման առանձին բաղադրիչներ դեռևս պահանջում են ավելի գործնական համաձայնեցում, ինչը, իր հերթին, կստեղծի լրացուցիչ հնարավորություններ ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդման, կարգավորող մեխանիզմների կանխատեսելիության և թափանցիկության բարձրացման, ինչպես նաև բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ձևավորման համար», - նշել է Մհեր Գրիգորյանը։
Հայաստանի փոխվարչապետն ասել է, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ևս մեկ կարևոր ուղղություն է երրորդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացումը. «Անհրաժեշտ է նշել ազատ առևտրի մասին գործող համաձայնագրերի արդյունավետ և լիարժեք իրականացման, ինչպես նաև նոր համաձայնագրերի շուրջ բանակցային գործընթացի առաջմղման առանձնահատուկ նշանակությունը: Անկասկած, այս ուղղությամբ զարգացման հիմնական գործոններից մեկը տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացումն է, ինչը միանշանակ զգալի խթան կհաղորդի ապրանքաշրջանառության աճին»։