Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի նախագահները որոշել են, որ Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության դադարեցման հնարավոր հետևանքները 2026 թվականի դեկտեմբերի նիստի ժամանակ կզեկուցեն ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում այդ չորս երկրների անդամները:
ԵԱՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարներն այսօր Աստանայում ընդունած հայտարարությամբ, որը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքէջում, նաև «կիսում են Հայաստանում հնարավորինս կարճ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը», որ ավելի վաղ արտահայտել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հայտարարության համաձայն, որոշումը կայացվել է՝ «հաշվի առնելով Եվրոպական միությանն անդամակցելուն ուղղված Հայաստանի Հանրապետության գործողությունները, այդ թվում 2025 թվականին «Եվրոպական միության Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի՝ Ազգային ժողովի հավանությանն արժանանալը և նախագահի կողմից ստորագրվելը, ինչպես նաև Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետության Կառավարության եվրոպական ձգտումների հաստատումը՝ արտահայտված Հայաստան-Եվրամիության առաջին գագաթնաժողովի արդյունքներով 2026 թվականի մայիսի 5-ին ընդունված համատեղ հռչակագրում»:
Հայտարարության հեղինակները պնդում են, որ Եվրոպական միությանն անդամակցելուն Հայաստանի պատրաստվելու հետ կապված էական ռիսկեր կան ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար, ինչպես նաև անհրաժեշտ է «կանխել դրա հետ կապված վնասը Միության անդամ պետություններին»:
Այսօր Աստանայում անցկացվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ չորս երկրների ղեկավարները հայտարարությունը փոխանցել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
Փոխվարչապետը Աստանայում վերահաստատել է՝ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի: