Ուկրաինական դրոնների թիրախում այս գիշեր Wildberries-ի Ռյազանի լոգիստիկ կենտրոնն ու նավթավերամշակման գործարանն էին: Պահեստում բռնկված խոշոր հրդեհից հետո շենքի մի մասը փլուզվել է: Ռուսական կողմի տվյալներով՝ 6 մարդ է հոսպիտալացվել:
Wildberries-ի պահեստներին ուղղված այս հարվածներից նաև հայ գործարարներն են տուժում․ այս հարթակի հետ աշխատող շուրջ 10 հազար հայաստանցի ձեռներեցներից շատերի ապրանքները մնացել են վնասված լոգիստիկ կենտրոններում.
«Կորցրել ենք 6 միլիոն դրամի ապրանք, ընդհանրապես ապրանք չունեմ, այսինքն՝ ինչ եղել է Էլեկտրոստալում, վառվել է՝ մինչև վերջին հատը, մինչև վերջին հատը կորցրել ենք», - «Ազատությանը» ասաց նրանցից մեկը:
«Էլեկտրոստալի պահեստում վնասս մի քանի միլիոն դրամ է կազմում», - ասաց մյուսը:
«2 միլիոն 700 հազար դրամի մասին է խոսքը՝ կոնկրետ իմ մասով», - նշեց երրորդը:
Ուկրաինան հուլիսի 18-ից է անօդաչու թռչող սարքերով հարվածում Wildberries-ի լոգիստիկ ենթակառուցվածքներին։ Վերջին 11 օրվա ընթացքում ուկրաինական անօդաչուների հարվածների տակ է հայտնվել ընկերության առնվազն 10 պահեստ և լոգիստիկ կենտրոն։ Առաջին խոշոր հարձակման հետևանքով զոհվել էր 8 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել։
Այս հարվածներից առաջ Wildberries-ը ընկերության հետ համագործակցող ձեռներեցների հետ պայմանագրում ավելացրել էր կետ, ըստ որի՝ պատերազմի հետևանքով վնասված կամ ոչնչացած ապրանքների համար փոխհատուցում չի տրամադրվի, քանի որ դրանք համարվում են ֆորսմաժորային դեպքեր։ Այս հայտարարությունից շաբաթներ անց ռմբակոծվել է Էլեկտրոստալի պահեստը: Ու չնայած պայմանագրերում արված փոփոխություններին՝ ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ ֆինանսական աջակցություն է տրամադրվել ավելի քան 88 հազար փոքր վաճառողի։
Wildberries-ում շուրջ չորս տարի տարբեր ապրանքներ վաճառող և այլ տնտեսվարողների աջակցող Իզաուրա Հայրապետյանն «Ազատությանն» ասաց՝ այդ աջակցությունից նաև հայաստանցի վաճառողներին է բաժին հասել, բայց՝ չնչին տոկոսներ:
«Օրինակ՝ խանութներ ունենք, որ կորցրել է 400 կտոր ապրանք, ինքը փոխհատուցել է էդ խանութի համար 50 հազար դրամ՝ էդ 400 կտոր ապրանքի ինքնարժեքի նույնիսկ 10 տոկոսը չի կազմում: Նույնիսկ հիմա էն վաճառողները, ովքեր ունեն այդ պահեստներում ապրանքներ, մենք հետվերադարձ չենք կարողանում անել», - նշեց Հայրապետյանը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե Wildberries-ի լոգիստիկ կենտրոնները թիրախավորվել են, որովհետև, ըստ Կիևի, դրանք օգտագործվել են նաև Ռուսաստանի ռազմական մատակարարումների համար։ Wildberries-ը հերքել էր այս պնդումները՝ նշելով, որ իրենց պահեստները քաղաքացիական նշանակության օբյեկտներ են և աշխատում են բացառապես առևտրային նպատակներով։
Ռուսաստանի ամենախոշոր մարքեթփլեյսի աշխատանքի խաթարումն ազդում է ոչ միայն վաճառողների, այլև մի ամբողջ շղթայի վրա: Տարոն Պապիկյանը, որի հիմնած ընկերությունը մարդկանց սովորեցնում է նաև այս հարթակում ապրանք վաճառելու հմտություններ, թվում է, թե որոնք տուժող մյուս օղակները. - «Բեռնափոխադրողները, ովքեր վաճառողների ապրանքները Հայաստանից կամ Չինաստանից ներմուծում են դեպի Ռուսաստանի Դաշնություն: Երկրորդ հերթին՝ գործունեություն են ծավալում բայերները, ովքեր արդեն սելլերների համար, վաճառողների համար կատարում են ապրանքի փնտրում և գնում Չինաստանում: Երրորդ՝ ընկերություններ, ովքեր մինչև ապրանքի պահեստավորումը Wildberries-ում կազմակերպում են տվյալ ապրանքի փաթեթավորումը և մատակարարումը արդեն դեպի Wildberries-ի պահեստներ: Եվ արդեն վերջին օղակը էս էկոհամակարգում, բնականաբար, վաճառողներն են»:
Այս օրերին ռուսական և միջազգային լրատվամիջոցները գրում են, որ Wildberries-ի մի շարք պահեստների փակման պատճառով կարող են խնդիրներ առաջանալ ապրանքների մատակարարման հետ, որոշ պատվերներ կարող են ուշանալ, իսկ որոշ ապրանքների վաճառքը ժամանակավորապես կդադարեցվի: Օրինակ՝ Ռյազանի պահեստը ժամանակավորապես նոր մատակարարումներ չի ընդունում, իսկ այնտեղ պահվող ապրանքները հանվել են վաճառքից։ Ընկերությունը նոր պահեստներ է փնտրում Ղազախստանում, իսկ վաճառողներին առաջարկել է ապրանքները տեղափոխել ռուսական այլ պահեստներ, մինչև ավարտվի պահեստային մնացորդների վերականգնումն ու հաշվառումը։
«Wildberries-ը գործում է բացառապես սելլերի աշխատանքի արդյունքում, և եթե ինքը էս իրավիճակում չկարողանա առնվազն մեղմել սելլերի կրած վնասները և չկարողանա վերականգնել սելլերի վստահությունը իր հանդեպ, ինքը արդեն որպես բիզնես ունենալու է խնդիր», - ընդգծեց Տարոն Պապիկյանը:
Wildberries-ի հարթակում վաճառք իրականացնող հայ տնտեսվարողներից մի քանիսը Հայաստանի կառավարության աջակցությունն են խնդրում՝ ժամանակավորապես ազատել հարկերից, ոմանք էլ հակադարձում են՝ սա բիզնեսի ռիսկն է, Հայաստանի կառավարությունն ինչո՞վ պետք է օգնի:
Էկոնոմիկայի նախարարությունից ասացին՝ կապի մեջ են հայաստանցի տնտեսվարողների և Wildberries-ի գործընկերների հետ, վնասի չափերը ճշգրտվում են: