Մատչելիության հղումներ

Հարվածներ Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին. տուժում են նաև հայաստանցի վաճառողները

Ռուսաստան - Wildberries-ի Էլեկտրոստալի լոգիստիկ կենտրոնին հասցված հարվածին հաջորդած հրդեհը, 18-ը հուլիսի, 2026թ.
Ռուսաստան - Wildberries-ի Էլեկտրոստալի լոգիստիկ կենտրոնին հասցված հարվածին հաջորդած հրդեհը, 18-ը հուլիսի, 2026թ.

Ուկրաինական հարվածների թիրախում հայտնված Wildberries-ի լոգիստիկ կենտրոններում են նաև հայ վաճառողների ապրանքները: Ավելի քան 10 հազար հայաստանցի տնտեսվարող է այս հարթակում վաճառք իրականացնում: Հիմա վնասներն են հաշվում, րոպե առ րոպե փոխհատուցման լուրի սպասում:

«Հստակ պատասխան չեն տվել, թե ոնց կփոխհատուցեն: Վնասները գնահատում եմ մոտավորապես մեկուկես միլիոն դրամ ու ավել», - ասաց, մասնավորապես, Wildberries-ում արծաթյա զարդեր վաճառող Գուրգեն Թադևոսյանը:

Ուկրաինան վերջին օրերին անօդաչու թռչող սարքերով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի խոշորագույն առցանց առևտրային հարթակի լոգիստիկ կենտրոններին։ Թիրախավորվել է ընկերության առնվազն չորս լոգիստիկ կենտրոն:

Հարվածների հետևանքով պահեստներում խոշոր հրդեհներ են բռնկվել։ Ռուսական իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 8 մարդ, ավելի քան 80-ը վիրավորվել է: Ամենաշատը վնասվել է մերձմոսկովյան Էլեկտրոստալի՝ Wildberries-ի ամենամեծ բաշխիչ կենտրոններից մեկը։

Wildberries-ը՝ Ուկրաինայի թիրախում
please wait

No media source currently available

0:00 0:01:33 0:00

Wildberries-ում վաճառք իրականացնող հազարավոր ռուս վաճառողների համար սա աղետալի վիճակ է ստեղծել, ոմանք ապրուստի հիմնական միջոցն են կորցրել:

Կիևը պնդում է, որ այդ պահեստներն օգտագործվել են ոչ միայն քաղաքացիական ապրանքների, այլև ռուսական ռազմարդյունաբերությանը մատակարարվող բաղադրիչների պահեստավորման և տեղափոխման համար։ Ռուսաստանը և Wildberries-ը հերքում են այդ մեղադրանքները՝ պնդելով, որ խոսքը բացառապես քաղաքացիական ենթակառուցվածքի մասին է: Վաճառողներն իրենց ենթադրություններն ունեն, այդ մասին առավել ազատ են խոսում հատկապես հայ սելլերները:

Ուկրաինական հարվածներից ամենաշատը վնասվել է Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում գտնվող Wildberries-ի խոշորագույն լոգիստիկ կենտրոնը, որի տարածքը շուրջ 188 հազար քառակուսի մետր է։ Հայ վաճառողները նաև այս պահեստում ապրանքներ ունեին:

«Կրասնոդարը նոր է եղել, դեռ չեմ հասցրել ուսումնասիրել, 2 միլիոն 700 հազար դրամի մասին է խոսքը: Կոնկրետ իմ մասով՝ ես ինքս ներկա պահին ունեմ յոթ պահեստում պահեստավորված ապրանքներ, որից երկուսը ներկա դրությամբ չկան, այսինքն՝ հիմա էնտեղ իմ հույսը մնացել են հինգ պահեստները: Ինձ մոտ արդեն նենց խուճապահար վիճակ է, որ ես արդեն չգիտեմ՝ ես վաղը առավոտյան արթնանամ, գիշերը որ պահեստը թիրախավորած կլինեն», - ասաց Դոնարա Գրիգորյանը, ով զբաղվում է տնտեսական ապրանքների վաճառքով:

Օրերս Wildberries-ը պայմանագրում մի կետ էր ավելացրել, ըստ որի՝ պատերազմի հետևանքով վնասված կամ ոչնչացած ապրանքների համար փոխհատուցում չի տրամադրելու, քանի որ նման դեպքերը դասվում են ֆորսմաժորային հանգամանքների շարքին։

Դոնարա Գրիգորյանը, որ Wildberries հարթակում վաճառք իրականացնելու հմտություններ է սովորեցնում տնտեսվարողներին, ասում է՝ այս հայտարարությունը կոտրում է փոխհատուցում ստանալու իրենց հույսերը։

«Գործընկերներիս հետ քննարկելիս ասացի՝ հաստատ ինչ-որ մի բան էստեղ լինելու է, բայց ուղղակի չէինք ենթադրում, որ ամբողջովին հիմնահատակ մեծ գլխավոր պահեստը ուղղակի հօդս կցնդի: Դա շատ շոկային էր մեզ համար: Էդ հայտարարությունից երկու շաբաթ հետո գիշերը ռմբակոծում են Էլեկտրոստալի պահեստը», - ասաց Գրիգորյանը:

Նա նաև ընկերության վերջին հայտարարությունն է հիշեցնում, ըստ որի՝ քննարկվում են տուժած վաճառողներին աջակցելու այլ տարբերակներ։ Բայց մտավախություն ունի, որ հայ վաճառողները դուրս կմնան աջակցության այդ ծրագրից. - «Ներկա պահին, ցավոք սրտի, առավելություն ունի միայն ու միայն Ռուսաստանի Դաշնությունը, էնտեղի սելլերները»:

Գուրգեն Թադևոսյանն ասում է՝ որ ապրանքները գնորդներին ավելի արագ հասնեն, դրանք պահեստավորել են ընկերության ռուսական մի քանի խոշոր լոգիստիկ կենտրոններում, դա է նաև ընկերության պահանջը: Հիմա, սակայն, չգիտեն՝ ինչ վիճակում են իրենց զարդերը: Թադևոսյանն այսօր Wildberries-ի իր էջում տեսել է մնացորդային ապրանքների քանակը, սակայն կարծում է, որ դա կարող է ծրագրային սխալ լինել, քանի որ երևացող ապրանքները հնարավոր չէ վաճառել, գործարքը չի ակտիվանում:

Լիլիթ Բաղրամյանը նոր է ավարտել դասընթացներն ու վերապատրաստումները, արդեն սկսել էր հաջող վաճառքներ իրականացնել Wildberries-ի հարթակում: Ասում է՝ չհասցրեց շատ ուրախանալ. - «Ես մոտավորապես կրել եմ 1 միլիոն 310 հազարի վնասի չափ: Չգիտեմ, փոխհատուցման հետ կապված՝ սպասում ենք պաշտոնական հայտարարությունների»:

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմն իր վերջին հայտարարությամբ դիմել է տուժած վաճառողներին ու վստահեցրել, որ նրանց միայնակ չի թողնի։ Կիմն ընդգծել է՝ ընկերությունը սկսել է վճարումներ զոհվածների ընտանիքներին և ծանր վիրավորված աշխատակիցներին, վերանայել է արտակարգ իրավիճակների ժամանակ գործող կանոնները:

Կիմի խոսքով՝ առաջիկայում վաճառողների համակարգում կցուցադրվեն Էլեկտրոստալի պահեստում եղած ապրանքների ճշգրիտ տվյալները, իսկ վնասված ապրանքների փոխհատուցման հարցով գնահատումները դեռ շարունակվում են։ Իսկ արդյո՞ք օգնություն նաև հայ վաճառողները կստանան, նրանք պատասխան չունեն:

«Գեղեցիկ բառ են ասել՝ «կփոխհատուցեն», բայց տակը ինչ կա՝ ոչ մեկ չգիտեի», - նշեց Գուրգեն Թադևոսյանը:

Դոնարա Գրիգորյանն ասում է՝ պետք է միավորվեն նաև հայ սելլերները, որ իրենց ձայնն էլ լսելի լինի:

«Փորձում եմ մեր հայ համայնքի հետ, եթե էդպես կարող եմ ես ասել, սելլերների համայնքի հետ կապի դուրս գալ: Փորձենք համախմբվենք, մեր ձայնը լսելի դարձնենք Ռուսաստանի Դաշնությունում», - նշեց Գրիգորյանը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG