Անցած գիշերը Ուկրաինան լայնածավալ հարձակում է իրականացրել Մերձմոսկվայի ուղղությամբ, հարձակման հիմնական հետևանքներն արձանագրվել են Պոդոլսկում, Դոմոդեդովոյում և Օդինցովոյի քաղաքային շրջանում, կան տուժածներ, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
Դոմոդեդովոյի հիվանդանոցը հայտնել է, որ ականապայթյունային վնասվածքներով վեց տուժած է ընդունել, որոնցից երեքը օտարերկրյա քաղաքացիներ են։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։
ASTRA-ի տվյալներով՝ Պոդոլսկում հարվածի տակ է հայտնվել նավթաբազան։ Ուկրաինական ալիքները հայտնում են Կոլեդինո ավանի Wildberries-ի պահեստի և Դոմոդեդովոյի «Հարավային դարպասներ» («Южные врата») պարկի վրա հարձակման մասին։
Բրյանսկի մարզի նահանգապետ Եգոր Կովալչուկը հայտնել է, որ մարզի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 13-ը՝ վիրավորվել։ «Մահացու վնասվածքներ է ստացել հրշեջ մեքենայի վարորդը, որը մեկնել էր հրդեհը մարելու։ Երեք խաղաղ բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Վիրավորներ կան նաև Պոգարսկի և Ստարոդուբսկի շրջաններում», - գրել է նա։
Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբը հայտնել է, որ կիրակի երեկոյան Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է մոտոցիկլավար։ «Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի ավանում ԱԹՍ-ն պայթել է ձեռնարկության տարածքում։ Հինգ մարդ տեղափոխվել է շրջանային հիվանդանոց։ Նրանցից մեկը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել», - ասված է հաղորդագրության մեջ։
Կուրսկի մարզում, ըստ նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնի, վերջին մեկ օրում մեկ մարդ զոհվել է, ինը մարդ՝ տուժել։
Wildberries-ի մամուլի ծառայությունը պնդում է, որ Կոլեդինոյի համալիրը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։ Ավելի վաղ աշխատակիցները տարհանվել էին։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի փոխանցմամբ՝ ժամը 20:30-ից մինչև առավոտյան ժամը 05:00-ը խոցվել է ավելի քան 400 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնք թռչում էին դեպի Մոսկվայի տարածաշրջան։
Նախորդ անգամ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Wildberries-ի պահեստները թիրախավորել էին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը։ Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում զոհվել էր ընկերության յոթ աշխատակից, որոնք աշխատում էին գիշերային հերթափոխում, ևս 25 մարդ տուժել էր։
Մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքն ընկել էր պահեստի տարածքում, որի հետևանքով 24 մարդ վիրավորվել էր։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Wildberries-ի լոգիստիկ կենտրոններում պահվում էին ԱԹՍ-ների բաղադրիչներ։