Մատչելիության հղումներ

Թրամփը պնդում է՝ բանակցությունները շատ լավ են ընթանում, միաժամանակ սպառնում է Իրանին

Լրացված
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Սպիտակ տանը, Վաշինգտոն, 26-ը մարտի, 2026թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Սպիտակ տանը, Վաշինգտոն, 26-ը մարտի, 2026թ.

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Թեհրանի խնդրանքով ևս 10 օրով հետաձգում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները: Դոնալդ Թրամփը երկուշաբթի էլ հինգ օրով էր հետաձգել հարվածները, վերջնաժամկետը լրանում էր այսօր:

ԱՄՆ նախագահը կրկին պնդել է, թե հաղթել են պատերազմը, և նշել է, որ Իրանի հետ բանակցությունները «շատ լավ են ընթանում»՝ հակառակ Թեհրանից հնչող հայտարարություններին, թե չեն բանակցում Վաշինգտոնի հետ:

Թրամփը կրկին սպառնացել է՝ Իրանին ոչ մի լավ բան չի սպասում, եթե գործարքի չգնան, չհրաժարվեն իրենց միջուկային ծրագրից և չբացեն Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:

«Կտեսնենք՝ արդյոք նրանք կցանկանան գործարքի գնալ։ Եթե չանեն, մենք նրանց ամենավատ մղձավանջը կլինենք։ Մինչ այդ, պարզապես կշարունակենք ոչնչացնել նրանց՝ անարգել, անդադար։ Եվ նրանք ոչինչ չեն կարող անել ... Եթե կարողանային, դուք կլսեիք դրա մասին», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հաստատել է, որ ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով 15 կետանոց առաջարկներ է փոխանցել Իրանին: Թեհրանը պաշտոնապես չի պատասխանել դրանց, թեև իշխանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թեհրանը մերժել է դրանք և ներկայացրել իր պայմանները: Ըստ իշխանական Tasnim գործակալության՝ Իրանը հիմա սպասում է ԱՄՆ արձագանքին:

Չնայած Թրամփը պարբերաբար պնդում է, թե հաղթել են պատերազմը, ամերիկյան The Wall Street Journal-ը գրում է, որ Պենտագոնը քննարկում է Մերձավոր Արևելք լրացուցիչ 10 հազար զինվոր ուղարկելու հնարավորությունը: Ըստ լրատվամիջոցի՝ դեռ պարզ չէ, թե որտեղ կտեղակայվեն այդ ուժերը, սակայն ենթադրվում է, որ դրանք կլինեն Իրանի և Խարգ կղզու հարվածային հասանելիության սահմաններում։

Այս զարգացումներին զուգահեռ, այսօր Ֆրանսիա է ժամանել ԱՄՆ պետքարտուղարը՝ մասնակցելու Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին քննարկվելու է նաև Իրանի հարցը: Մարկո Ռուբիոյի այցը տեղի է ունենում Թրամփի քննադատությունից հետո, որ ՆԱՏՕ-ի անդամներն ԱՄՆ-ին չեն օգնել Հորմուզի նեղուցը բացելու հարցում: Ըստ France-Presse-ի՝ Ֆրանսիա մեկնելուց առաջ Ռուբիոն ասել է, որ բոլորի շահերից է բխում նեղուցի վերաբացումը։

Ու մինչ անորոշ է, թե որքան կտևի այս հակամարտությունը, պատերազմի 28-րդ օրը Իսրայելը շարունակել է հարվածներն Իրանին ու Լիբանանին: Կան զոհեր և վիրավորներ: Միայն իրանական Ղոմ քաղաքում 18 զոհ կա:

Իսրայելը պնդել է, որ հարվածել է նաև Իրանի ծովային ականների արտադրության գլխավոր օբյեկտին: Պաշտպանության նախարարն զգուշացրել է՝ քանի որ Իրանը չի դադարեցնում խաղաղ բնակչության թիրախավորումը, իսրայելական բանակի հարվածները կսաստկանան, դրանց աշխարհագրությունն էլ կընդլայնվի:

«Իսրայելի բանակի հարվածներն Իրանում կուժեղանան և կընդլայնվեն՝ ներառելով նոր թիրախներ և տարածքներ, որոնք օգնում են ռեժիմին կառուցել և գործի դնել Իսրայելի խաղաղ բնակչության դեմ օգտագործվող զենքերը։ Նրանք բարձր գին կվճարեն պատերազմական այս հանցագործության համար», - հայտարարել է Իսրայել Կացը:

Իրանն, իր հերթին, հարվածել է Իսրայելին և Պարսից ծոցի երկրներին, որոնց բնակիչներին զգուշացրել է հեռու մնալ այն վայրերից, որոնց մոտակայքում ամերիկյան զորք է տեղակայված:

Իրանի արտգործնախարարն էլ տեսակապով ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտակարգ նիստին՝ նվիրված Մինաբում օրիորդաց դպրոցի վրա հարձակմանը, ինչի հետևանքով 175 երեխա և ուսուցիչ էր սպանվել։ Աբբաս Արաղչին հայտարարել է՝ «բարբարոսական այդ հարձակումը» պատերազմական հանցագործություն է և արվել է դիտավորյալ:

«Դպրոցի վրա հարձակումը պատերազմական հանցագործություն էր և մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը պետք է բոլորը միանշանակ դատապարտեն, իսկ մեղավորները՝ պատասխան տան։ Այս վայրագությունը չի կարող արդարացվել, թաքցվել և չպետք է լռության ու անտարբերության մատնվի», - ասել է Արաղչին:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարն էլ ԱՄՆ-ին կոչ է արել ավարտել հարձակման հետաքննությունը և հրապարակել արդյունքները։ Ֆոլկեր Տյուրկը նաև ասել է, որ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով քաղաքացիական բազմաթիվ ենթակառուցվածքներ են ավերվել, իսկ միջուկային օբյեկտների թիրախավորումը նա «անհավատալիորեն անխոհեմ» է որակել:

Իսկ Հորմուզի նեղուցի փակ լինելը շարունակում է ցնցել համաշխարհային տնտեսությունը: Նավթի գինն այսօր կրկին բարձրացել՝ հասնելով 110 դոլարի: Այսօր երեք նավ փորձել է հատել Հորմուզի նեղուցը, սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թույլ չի տվել: Կորպուսը հայտարարել է, որ ոչ բարեկամական երկրների նավերի երթևեկությունը նեղուցով արգելված է, իսկ ցանկացած փորձ կոշտ արձագանքի կարժանանա:

Պարսից ծոցի նավթամթերքը գնող երկրները տարբեր կերպ են փորձում լուծել դրա պակասի առաջացրած խնդիրները: Հնդկաստանը կրճատել է վառելիքի հարկերը, Ճապոնիան մեղմացնում է ածխից ստացվող էներգիայի սահմանափակումները, Վիետնամը կասեցրել է վառելիքի, Սինգապուրն էլ՝ ավիավառելիքի բնապահպանական հարկը: Ֆիլիպիններում երկրորդ օրն է ցույցեր են՝ վառելիքի թանկացման պատճառով:

Արդեն մոտ մեկ ամիս ընթացող պատերազմի հետևանքով Իրանում առայսօր 1 937 մարդ է սպանվել, վիրավորվել՝ ավելի քան 24 հազար 800-ը: Լիբանանում սպանվել է 1 116, վիրավորվել՝ 3 հազար 229 մարդ, իսկ Իսրայելում սպանվել է 19, վիրավորվել ՝ 5 հազար 490-ից ավելի մարդ: Զոհեր և վիրավորներ կան նաև Ծոցի երկրներում: Պատերազմի պատճառով տեղահանվել է ավելի քան 4 մլն մարդ: Միայն Լիբանանում 370 հազար երեխա է տեղահանվել:


XS
SM
MD
LG