ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարը կոչ է արել Միացյալ Նահանգներին ավարտել Իրանում աղջիկների տարրական դպրոցի վրա մահացու հարվածի հետաքննությունը։
«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ հարվածը հետաքննության փուլում է։ Ես կոչ եմ անում, որ այդ գործընթացը հնարավորինս շուտ ավարտվին հասցվի և հրապարակվեն արդյունքները», - Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, Իրանի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ քննարկման ընթացքում ասել է Ֆոլկեր Թյուրքը։
Փետրվարի 28-ին՝ Մերձավոր Արևելքում պատերազմի առաջին օրը Իրանի Մինաբ քաղաքի տարրական դպրոցի հարվածի հետևանքով 168 մարդ է զոհվել, մեծ մասը երեխաներ։
«Ռմբակոծված դասարանների և սգացող ծնողների պատկերները հստակ ցույց են տալիս, թե ովքեր են կրում պատերազմի ամենաբարձր գինը՝ քաղաքացիական անձինք, որոնք որևէ ազդեցություն չունեն այն որոշումների վրա, որոնք հանգեցրել են հակամարտությանը», - ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Ֆոլկեր Թյուրքն՝ ընդգծելով՝ պետք է արդարություն լինի պատճառված սարսափելի վնասի համար։