Մատչելիության հղումներ

Թրամփը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Վենեսուելայի նավթային ոլորտը. WSJ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ ԱՄՆ-ն դեռ երկար, թերևս տարիներով կղեկավարի Վենեսուելան և կարդյունահանի այս երկրի նավթը: ԱՄՆ նախագահն այդ մասին ասել է The New York Times-ին տված ծավալուն հարցազրույցում:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն հիմա «շատ լավ է համագործակցում» նավթի աշխարհի ամենահարուստ պաշարներն ունեցող երկրի նախագահի պարտականությունները ստանձնած Դելսի Ռոդրիգեսի կառավարության հետ: Այդ կաբինետի պաշտոնյաները մարդիկ են, որոնք հավատարիմ են նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ում տիկնոջ հետ անցած շաբաթ ԱՄՆ հատուկջոկատայինները ձերբակալեցին ու տեղափոխեցին ԱՄՆ՝ դատարանի առաջ կանգնելու:

«Մենք Վենեսուելան կվերականգնենք շատ շահավետ ձևով։ Մենք օգտագործելու ենք նավթը և վերցնելու ենք նավթը: Մենք իջեցնում ենք նավթի գինը և ստացված գումարը տալու ենք Վենեսուելային, որը դրա կարիքը չափազանց շատ ունի», - հայտարարել է Թրամփը:

The Wall Street Journal-ը իր աղբյուրներին հղումով հայտնում է, որ ԱՄՆ նախագահը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Վենեսուելայի նավթային ոլորտը, մասնավորապես՝ վերահսկողություն ստանալ պետական նավթային ընկերության նկատմամբ և զբաղվել արդյունահանվող նավթի մեծ մասի գնմամբ ու վաճառքով:

Ըստ ամերիկյան պարբերականի՝ Դոնալդ Թրամփը օգնականների հետ հարցը քննարկելիս ասել է, որ եթե իրենք կառավարեն ոլորտը, կկարողանան նավթի գինը նվազեցնել մինչև 50 դոլար մեկ բարելի համար:

ԱՄՆ-ն, որն արդեն մոտ մեկ ամիս արգելում է Վենեսուելայից նավթի արտահանումը, երեքշաբթի հայտարարել էր գործարքի մասին, որով Վենեսուելան մինչև 2 միլիարդ դոլարի նավթ կարտահանի ԱՄՆ: Երեկ էլ երկրի պետական նավթային ընկերությունը հայտարարեց, որ առաջընթաց է գրանցում ԱՄՆ-ի հետ նավթի վաճառքի շուրջ բանակցություններում:

Reuters-ը չորս աղբյուրի հղումով հայտնում է, որ ամերիկյան նավթային խոշոր ընկերություններից Chevron-ը բանակցում է ԱՄՆ կառավարության հետ՝ Վենեսուելայում գործելու արտոնագիրն ընդլայնելու համար, որպեսզի կարողանա ավելացնել նավթի արտահանումը:

ԱՄՆ պետքարտուղարն, իր հերթին, ասել է՝ Վաշինգտոնը Վենեսուելայի համար նախատեսում է երեք փուլանոց ծրագիր, որը նախատեսում է իրավիճակի կայունացում, երկրի վերակառուցում և իշխանության փոխանցում:

Մարկո Ռուբիոն ասել է, որ պատրաստվում են գործարք կնքել՝ երկրի ամբողջ նավթը գնելու համար: Վենեսուելան շատ նավթ ունի արդյունահանած, որը չի կարողացել իրացնել ԱՄՆ շրջափակման պատճառով, բացատրել է նա:

«Մենք այն վաճառելու ենք շուկայում՝ շուկայական գնով, այլ ոչ թե զեղչով, ինչպես Վենեսուելան էր վաճառում։ Այդ գումարը այնուհետև կկառավարվի այնպես, որ վերահսկենք դրա բաշխումը, որպեսզի դրանից օգտվի Վենեսուելայի ժողովուրդը ... ոչ թե ռեժիմը», - հայտարարել է Ռուբիոն:

Մադուրոյի ձերբակալումից հետո նախագահի պարտականություններն ստանձնած Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ երկիրը բաց է այլ երկրների հետ էներգետիկ գործընկերության համար:

«Վենեսուելան բաց է էներգետիկ հարաբերությունների համար, երբ բոլոր կողմերն են շահում, երբ տնտեսական համագործակցությունը հստակ սահմանված է առևտրային պայմանագրերում: Սա է մեր դիրքորոշումը և մեր էներգետիկ հարաբերությունների բազմազանությունը», - ասել է Ռոդրիգեսը:

Վենեսուելան նավթային շրջափակման մեջ պահելու գործողությունների շրջանակում ԱՄՆ-ն երեկ Ատլանտյան օվկիանոսում ռուսական ստվերային նավատորմի լցանավ է կալանել, որը, ըստ ամերիկյան կողմի, օգտագործվում էր Վենեսուելայում արդյունահանված նավթի տեղափոխման համար: : Նավի սեփականատերը գործարար է Ղրիմից:

Նման ևս մեկ նավ ԱՄՆ-ն կալանել է այսօր: Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ գործողությունները՝ նշելով, որ ոչ մի երկիր իրավունք չունի ուժ կիրառել այլ պետության իրավասության ներքո բաց ծովում գործող նավերի դեմ։

Վենեսուելան հարավամերիկյան միակ երկիրը չէ, որ հայտնվել է ԱՄՆ խոշորացույցի տակ: Ավելի վաղ Թրամփը ռազմական գործողությամբ էր սպառնացել Կոլումբիային, որին պարբերաբար մեղադրել է ԱՄՆ թմրանյութեր ներմուծելու համար: Երեկ էլ երկրորդ պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ հեռախոսով խոսել է այդ երկրի նախագահի հետ և հրավիրել Սպիտակ տուն: Թե երբ տեղի կունենա հանդիպումը, Թրամփը չի նշել:

Հեռախոսազրույցից հետո Գուստավո Պետրոն Բոգոտայի գլխավոր հրապարակում հավաքված աջակիցներին ասել է, որ ընդունել է Թրամփի հրավերը:

«Խաղաղությունը ձեռք է բերվում երկխոսության միջոցով, և դրա համար ընդունում եմ բանակցելու՝ նախագահ Թրամփի առաջարկը։ Տեսնենք, թե ինչ դուրս կգա դրանից։ Ես կշարունակեմ պնդել, որ դաշինքը հնարավոր է մաքուր էներգիայի ոլորտում, քանի որ այն բերում է խաղաղություն, կյանք և սեր», - հայտարարել է Կոլումբիայի նախագահը:

Պետրոյի աջակիցները Թրամփի դեմ ցույց են արել նաև Կուկուտա քաղաքում: Ակցիային մասնակցել են նաև վենեսուելացիներ, որոնցից մի քանիսը պարզել են Նիկոլաս Մադուրոյի և Վնեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի լուսանկարները: Ցուցարարներից մեկն էլ անկախության հերոս Սիմոն Բոլիվարի կերպարով է ներկայացել, որը խորհրդանշում է դիմադրությունն ինքնիշխանությանը սպառնացող վտանգին։ Միգել Անխել Ռոդրիգեսը քննադատել է Մադուրոյի ձերբակալումը:

«Անկախ նրանից՝ համաձայն եք, թե ոչ նրա մտածելակերպի հետ, նա կատարում է պետությունը ղեկավարելու իր առաքելությունը: Ու եթե նրանք առևանգում են ձեր նախագահին, նրանք առևանգում են ամբողջ հայրենիքը», - հայտարարել է ցուցարարը:

Ամերիկայի կողմից բռնապետ ճանաչված Մադուրոյի ձերբակալությունից հետո նաև նրա ընդդիմախոսների ցույցեր են եղել, հիմնականում Վենեսուելայից դուրս, որոնք ողջունել են Ամերիկայի գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG