Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարվածները և նախագահ Դոնալդ Թրամփի հետագա մեկնաբանությունները բարձրացրել են ԱՄՆ վերահսկողության ներքո վենեսուելական նավթի արդյունահանման կտրուկ աճի հնարավորությունը։
Անհասկանալի է, թե արդյոք դա կարող է տեղի ունենալ, երբ և ինչպես: Վենեսուելան ունի աշխարհի ամենամեծ պաշարները, և Թրամփն ակնարկել է, որ ամերիկյան ընկերությունները կարող են այդ պաշարները դուրս բերել շուկա։
Վենեսուելայի նավթը մեծ պահանջարկ ունի, քանի որ այն իդեալական է մասնագիտացված նավթավերամշակման գործարանների համար, որոնք հագեցած են կոքսացման կայաններով, որ թույլ են տալիս այդ խիտ նավթը վերամշակել բարձր եկամտաբեր ապրանքների համար, ինչպիսիք են բենզինը և դիզելային վառելիքը:
Քանի դեռ իրավիճակը շարունակում է մնալ փոփոխական, սա համաշխարհային տնտեսության, ինչպես նաև Վենեսուելայի առանցքային գործընկերների՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Կուբայի վրա հնարավոր ազդեցություններից մեկն է:
Ռուսաստան
Առաջարկի բարձր մակարդակի հետևանքով նավթի գները 2025 թվականին գրանցեցին իրենց ամենախոշոր տարեկան անկումը՝ Covid-19 համավարակի պատճառով 2020 թվականին համաշխարհային տնտեսական ակտիվության կտրուկ անկումից հետո։
Այս անկումներն արդեն զգալի հարված են հասցրել Մոսկվային, իսկ Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումները կարող են ավելի խորացնել իրավիճակը։
«Եթե մեր ամերիկացի «գործընկերները» վերահսկողություն ստանան Վենեսուելայի նավթահանքերի նկատմամբ, նրանք կսկսեն վերահսկել աշխարհի նավթային պաշարների ավելի քան կեսը, - հունվարի 3-ին գրել է օլիգարխ Օլեգ Դերիպասկան, - Ամենայն հավանականությամբ նրանք ծրագրում են, որ նավթի գները մեզ համար չբարձրանան մեկ բարելի դիմաց 50 դոլարից բարձր»։
Դերիպասկան այն քիչ օլիգարխներից է, որը քննադատել է Ռուսաստանի կողմից 2022 թվականին Ուկրաինայի նկատմամբ իրականացված լայնամասշտաբ ներխուժումը։ Սակայն նրա հայտարարությունները արտացոլում են Կրեմլի շահագրգռվածությունը՝ նավթի գները բարձր պահելու հարցում։
«ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նավթարդյունաբերության վրա ազդեցություն ձեռք բերելու հեռանկարը ակնհայտորեն անընդունելի է Մոսկվայի համար», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասել է Բեռլինում գործող քաղաքական վերլուծաբան Ալեքսանդրա Սիտենկոն։
Դեռ պարզ չէ՝ արդյոք Միացյալ Նահանգները կկարողանա վերահսկողություն ձեռք բերել Վենեսուելայի նավթի նկատմամբ։ Ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը Վաշինգտոնի հետ զարգացման հարցում համագործակցելու մասին ոչ հստակ հայտարարություններ է արել, սակայն նրա իշխանության ամրությունը և այդ իշխանության հետ կապված ծրագրերը նույնպես մնում են անհստակ։
«Վենեսուելայի արտադրության վերջին տասնամյակներին գրանցված անկումը շրջելու համար կպահանջվեն էական ներդրումներ», - «Ազատությանն» ասել է Ատոմային էներգետիկ գործակալության ներկայացուցիչը։
Սիտենկոն ասաց, որ հաշվի առնելով այս խնդիրները, որոնք առաջացել են երկարաժամկետ անարդյունավետ կառավարման և միջազգային պատժամիջոցների արդյունքում, արտադրության աճը երկար ժամանակ կպահանջի:
«Ռազմավարական առումով Կրեմլը, հավանաբար, ավելի շատ մտահոգված է շուկայի ազդեցությամբ, քան միայն ծավալներով։ Վենեսուելայի նավթի վրա ԱՄՆ ազդեցության ընդլայնումը կամրապնդի Վաշինգտոնի կարողությունը՝ ձևավորելու գլոբալ էներգետիկ հոսքեր և գնագոյացում՝ ենթադրաբար խաթարելով համակարգման մեխանիզմները, ինչպիսին է ՕՊԵԿ+ -ը, որոնց վրա Ռուսաստանը նույնպես ապավինում է իր եկամուտները կայունացնելու համար»,- ավելացրել է Սիտենկոն:
Այս իրադարձությունների ֆոնին արևմտյան ընկերությունները լքել են Վենեսուելան, բացառությամբ ամերիկյան խոշորագույն նավթային ընկերության՝ Chevron-ի:
«Այնտեղ, որտեղ ոլորտը չի քանդվել, կան ռուսական, իրանական և չինական ընկերություններ։ Իհարկե, Միացյալ Նահանգները ցանկանում է դուրս մղել նրանց», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը ասել է քաղաքական վերլուծաբան Իվան Պրեոբրաժենսկին:
Մյուս կողմից, այստեղ կարող է համագործակցություն լինել. Վաշինգտոնը հասկացրել է, որ շահագրգռված է Մոսկվայի հետ համագործակցության տնտեսական շահերով։ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ խոսվում է «Ռուսաստանի հետ հարաբերություններում ռազմավարական կայունությունը վերականգնելու» ցանկության մասին:
Իրան
Շրջափակումը բազմաթիվ պատճառներից մեկն է, որ Իրանը բախվում է նույն ռիսկերին, ինչ Ռուսաստանը:
Վենեսուելան տարիներ շարունակ օգնել է Թեհրանին խուսափել միջազգային պատժամիջոցներից։
Առանցքային արտադրանքներից մեկը, որը Վենեսուելան ձեռք է բերել նաև Ռուսաստանից, դիլուենտն է՝ նյութեր, որոնք օգտագործվում են Վենեսուելայի խիտ ու ծանր նավթը նոսրացնելու համար։ «Ստվերային նավատորմի» նավերի միջոցով Իրանը մեծ քանակությամբ դիլուենտ է արտահանել Վենեսուելա՝ փոխարենը ստանալով նավթ (որը հետո տեղափոխել է Չինաստան) և ոսկի։
Վենեսուելան նաև իրանական զենքերի գնորդ է, այդ առևտրին վերաբերող Միացյալ Նահանգների վերջին պատժամիջոցները հայտարարվել են դեկտեմբերի 30-ին: Դրանցում նշված են անօդաչու թռչող սարքերի և «սովորական սպառազինությունների», ինչպես նաև բալիստիկ հրթիռների համար քիմիական նյութերի գնումները:
Այդ շահութաբեր առևտրի ապագան անորոշ է՝ հաշվի առնելով ԱՄՆ նավերի զանգվածային ներկայությունը Կարիբյան ծովում:
Իրանական լրատվամիջոցները, մինչդեռ, գրում են, որ Թեհրանին Կարակասի 2 միլիարդ դոլար պարտքի ճակատագիրը կասկածի տակ է:
Չինաստան
Չինաստանը Վենեսուելայի ևս մեկ առանցքային գործընկերն է և հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է Միացյալ Նահանգների կողմից ինքնիշխան պետության դեմ ուժի կիրառման աղաղակող փաստը»:
Մինչև Միացյալ Նահանգների ուժերի կողմից ձերբակալվելը Մադուրոն վերջին անգամ երևացել էր Լատինական Ամերիկայի հարցերով Չինաստանի բանագնացի հետ հանդիպման ժամանակ: Մադուրոն նաև անցած տարի Մոսկվայում հանդիպել էր Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ:
Դիվանագիտական շփումներին զուգահեռ՝ Չինաստանը, Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) փոխանցմամբ, նաև Վենեսուելայի նավթի հիմնական գնորդն է:
Կոլումբիայի Միջազգային և հանրային գործերի դպրոցի Գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնի Դանիել Սթերնոֆը ենթադրել է, որ Վենեսուելայի արդյունաբերության վրա ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է վտանգել այդ մատակարարումները։
«Վենեսուելայի հում նավթի արտահանումը կարող է նշանակալիորեն վերահասցեավորվել Չինաստանից դեպի Ծոցի ԱՄՆ ափ», - գրել է նա հունվարի 4-ին։
Սակայն եթե այս առևտուրը կարևոր է Կարակասի համար, այն թերևս պակաս կարևոր է Պեկինի համար։
Չինաստան նավթի ներմուծման մոտավորապես 4-5 տոկոսն է Վենեսուելայից։ Դրա մի մասը կամ ամբողջը կորցնելը կլինի հարված, բայց ոչ աղետ։
Եվ քանի որ Չինաստան-ԱՄՆ առևտրային հարաբերությունների վերանայման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, վենեսուելական նավթը շատ ավելի մեծ պատկերի միայն մի մասն է:
Ամեն դեպքում, նախագահ Թրամփը փորձում է հերքել ենթադրությունները, թե այդ մատակարարումները կկրճատվեն։ «Նրանք նավթ ստանալու են», - ասել է նա Fox and Friends-ին հունվարի 3-ին։
Տնտեսական հարաբերությունների մեկ այլ կարևոր ասպեկտ Վենեսուելայի մոտ 10 միլիարդ դոլարի պարտքն է Չինաստանին։ Սա մասամբ ծածկվում է նավթի արտահանմամբ։
Ինչպես Ռուսաստանը և Իրանը, Չինաստանը նույնպես ներդրումներ է կատարել Վենեսուելայի տնտեսությունում՝ 2005 թվականից ի վեր մոտ այնտեղ ուղղելով 18 միլիարդ դոլար, ըստ Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտի (AEI) տվյալների։ Հունվարի 3-ին արված մեկնաբանության մեջ AEI-ի ավագ գիտաշխատող Հալ Բրենդսը ենթադրել է, որ Չինաստանը չի հրաժարվի Լատինական Ամերիկայում ներդրումներից։
«Թրամփը ծանուցում է, որ Ամերիկայում կա միայն մեկ մեծ տերություն, երբ խոսքը վերաբերում է ռազմական ուժին … Սակայն Չինաստանը կշարունակի ձգտել տնտեսական, տեխնոլոգիական և քաղաքական կապերի տարածաշրջանում՝ որպես երկարաժամկետ առավելության խաղի մաս», - գրել է նա։
Կուբա
Հավանաբար ոչ մի երկիր այնքան խոցելի չէ Վենեսուելայում ԱՄՆ գործողությունների հետևանքների առումով, որքան Կուբան։
Ֆինանսական խնդիրներ ունեցող երկիրը մեծապես կախված է Վենեսուելայից էներգակիրների մատակարարումներից՝ խիստ սուբսիդավորված, մատչելի գներով։
«Վենեսուելան այսօր Կուբային մատակարարում է օրական մոտ 35 հազար բարել նավթ, որը կազմում է կղզու նավթային դեֆիցիտի 50 տոկոսը», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Օսթինում Տեխասի համալսարանի աշխատակից Խորխե Պինոնը։
«Կուբան չունի ֆինանսական միջոցներ այդ հնարավոր դեֆիցիտը լրացնելու համար», - ասել է նա՝ հավելելով, որ տնտեսական փլուզումից խուսափելու համար «ԱՄՆ կառավարությունը կարող է խնդրել Վենեսուելային շարունակել նավթ մատակարարել Կուբային»։
ԱՄՆ պատժամիջոցների կիրառումն արդեն հանգեցրել է էներգակիրների մատակարարման կրճատմանը, և Կուբան տառապում է էլեկտրաէներգիայի անջատումների աճող քանակից, որոնք հարվածում են ինչպես բնակելի անշարժ գույքին, այնպես էլ արդյունաբերությանը։
Թրամփը հայտարարել է, որ Կուբան «անկում է ապրում»։