Չնայած Իրանի հերքմանը՝ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, թե Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցում են պատերազմը դադարեցնելու շուրջ, և հիմա համաձայնության հասնելու լավ հնարավորություն կա:
ԱՄՆ նախագահը պնդել է, թե Իրանը հրաժարվել է միջուկային զենք ունենալու գաղափարից: Թրամփը նաև ասել է, որ Իրանը խնդրի կարգավորման ևս մեկ հնարավորություն ունի հիմա, և հույս է հայտնել, որ կօգտվի դրանից:
«Մենք հիմա իսկապես լավ քննարկումներ ենք ունենում ... Նրանք ուզում են խաղաղություն։ Նրանք համաձայնել են, որ միջուկային զենք չեն ունենա, և այլն։ Տեսնենք, թե ինչ կստացվի։ Բայց ես կասեի, որ շատ մեծ հնարավորություն կա», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:
Թրամփի հայտարարություններից հետո ամերիկյան Axios-ը, իր աղբյուրներին հղումով, հաղորդում է, թե Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կարող են այս շաբաթ արդեն Պակիստանում հանդիպել իրանական պատվիրակության հետ։ Ընդ որում, նրանց կարող է միանալ նաև փոխնախագահ Վենսը։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը չի հերքել այս տեղեկությունը, սակայն ասել է, որ բանակցությունների հարցն «անորոշ» է:
Վաշինգտոնից և Թեհրանից ստացվող հակասական լուրերի ֆոնին CBS News-ը, Իրանի արտգործնախարարության պաշտոնյային հղում անելով, հայտնում է, որ ԱՄՆ-ն միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել բանակցային առաջարկները, որոնք Թեհրանը հիմա քննարկում է: Թրամփը երեկ 15 կետի մասին էր հիշատակել:
Իսկ ինչպե՞ս է բանակցություններին վերաբերվում Իսրայելը: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ խոսել է ԱՄՆ նախագահի հետ, ում կարծիքով՝ բոլորի համար շահավետ գործարք կնքելու հնարավորություն կա: Իսրայելը, սակայն, շարունակում է հարվածները՝ պաշտպանելու իր շահերը, ասել է Նեթանյահուն:
«Մենք ջախջախում ենք հրթիռային և միջուկային ծրագրերը, և շարունակում ենք լուրջ հարվածներ հասցնել «Հեզբոլա»-ին: Ընդամենը մի քանի օր առաջ վերացրեցինք ևս երկու միջուկային գիտնականի, և սա դեռ ամենը չէ։ Մենք կպաշտպանենք մեր կենսական շահերը ցանկացած իրավիճակում»,- ասել է Իսրայելի վարչապետը:
Պատերազմի 25-րդ օրը Իսրայելը հարվածել է Թեհրան, Թավրիզ, Սպահան և Կարզին քաղաքներին, նաև Արևելյան Ադրբեջան նահանգին: Կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ: Բանակը հայտնել է, որ հարվածել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայանին Թեհրանում, նաև «արտադրական օբյեկտների»:
Չնայած Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությանը, թե հանձնարարել է հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայաններին և էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները, Իրանը հայտնել է, որ հարձակման է ենթարկվել Խորամշահրի էլեկտրակայանի գազատարը: Ըստ Fars գործակալության՝ կայանի աշխատանքը չի խափանվել: Իրանի էներգետիկայի նախարարը վստահեցրել է, թե անհանգստանալու կարիք չկա, քանզի էլեկտրաէներգիայի արտադրությունը երկրում ապակենտրոնացված է, և հարվածների դեպքում արագ կվերականգնեն ցանկացած կայանի աշխատանքը։
Իսրայելը նաև շարունակել է հարվածները Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի օբյեկտներին Լիբանանում, այդ թվում՝ Բեյրութում: Կան զոհեր և վիրավորներ: Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ն հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական բանակին: Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ մինչև պատերազմի ավարտը հսկողության տակ կառնեն հարավային Լիբանանը՝ մինչև Լիտանի գետը, որը բուֆերային գոտի կդառնա:
Լիբանանը, վկայակոչելով դիվանագիտական նորմերի խախտումները, անցանկալի անձ է ճանաչել Իրանի դեսպանին և պահանջել լքել երկիրը: Նաև հետ է կանչել Իրանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների: Իսրայելն «արդարացված» է որակել դեսպանի վտարումը:
Իրանը Իսրայելին մեղադրել է Լիբանանում և Պաղեստինում խաղաղ բնակիչների դեմ «պատերազմական հանցագործություններ» կատարելու համար և ծանր հարվածներով է սպառնացել, եթե դրանք շարունակվեն:
Իրանն, իր հերթին, հարվածել է Թել Ավիվին և Իսրայելի հարավային ու կենտրոնական շրջաններին: Իսրայելական մամուլը հաղորդում է վիրավորների և մասշտաբային ավերածությունների մասին:
«Մենք նոր էին մտել ապաստարան, աստիճանների վրա էինք։ Հետո հզոր պայթյուն լսեցինք։ Ականջներս ցավեցին։ Ամբողջ ապաստարանը դղրդաց», - պատմել է Թել Ավիվի մի բնակիչ:
«Շատ մեծ հրդեհ բռնկվեց։ Բոլորս վախեցած ենք … Մենք ապրում ենք Թել Ավիվում։ Բայց այստեղ ապրելը շատ, շատ վախենալու է», - նշել է մյուսը:
Իրանը նաև հարվածել է Ծոցի երկրներին: Reuters-ի փոխանցմամբ՝ անօդաչուի հարվածից Բահրեյնում խափանվել է ամպային ծառայություններ մատուցող հսկայի՝ Amazon Web Services-ի գործունեությունը:
Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարության խոսնակ Ալի Աբդոլլահի Ալիաբադին զգուշացրել է՝ իրանական զինուժն «անսասան» է և կպայքարի «մինչև լիակատար հաղթանակ»:
Ի դեպ, IRNA գործակալության փոխանցմամբ՝ Ալի Լարիջանիի սպանությունից 7 օր անց այսօր Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Մոհամմադ Բաղեր Զոլղադրին: Նա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից է, կոշտ գծի կողմնակից և տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել կառավարությունում:
Դեռևս փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Թրամփի հայտարարությունների ֆոնին երեկ իջնելուց հետո նավթի գինն այսօր կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը: Ճապոնիան հայտարարել է, որ կսկսի օգտագործել նավթի իր ազգային պաշարները: Բանգլադեշում 79 տոկոսով թանկացել է ավիաբենզինը՝ մեկ լիտրը հասնելով 1.32 դոլարի։
Պատերազմի հետևանքով առայսօր Իրանում զոհվել է առնվազն 1 500 մարդ, վիրավորվել՝ 15 հազար 550-ից ավելի, վնասվել է 498 դպրոց և 281 բուժհաստատություն: Լիբանանում սպանվել է ավելի քան հազար, վիրավորվել՝ 2 հազար 580 մարդ: Իսկ Իսրայելում սպանվել է 18, վիրավորվել՝ 4 հազար 829 մարդ: Զոհեր և վիրավորներ կան նաև Պարսից ծոցի այլ երկրներում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ պատերազմի հետևանքով Մերձավոր Արևելքում ավելի քան 2 հազար 100 երեխա է սպանվել կամ վիրավորվել: